Իշխանությունների նկատմամբ «համաներման» դրույթ կսահմանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նախօրեին հրավիրված ասուլիսում բավական ուշագրավ հայտարարություն է արել, որը կարող է առանցքային նշանակություն ունենալ Հայաստանում` առաջիկա հնարավոր զարգացումների ֆոնին:
Գագիկ Հարությունյանը սահմանադրական փոփոխությունների նախագծով հնարավոր առաջարկները ներկայացնելիս ասել է, որ քննարկվում է նաեւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների պատասխանատվության հարցն անմիջապես հենց Սահմանադրությունում ներառելու հարցը:

Այլ կերպ ասած՝ Հարությունյանը չի բացառել, որ սահմանադրական փոփոխություններով կառաջարկվի հենց մայր օրենքում ամրագրել, օրինակ, թե հանրապետության նախագահի կողմից այս կամ այն գործողությունը կատարելիս նա ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի, ինչ կարգով, նախարարների եւ մնացած բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում նրանք ինչպես պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե ինչ-որ օրինախախտում կատարեն:
Այն, որ մեր երկրում նման դրույթը մայր օրենքով ամրագրելու կարիք կա, կասկածից վեր է: Նույնիսկ այնպիսի երկիր, ինչպիսին Ֆրանսիան է, ընդամենը վերջերս է իր Սահմանադրությունում պաշտոնյաների պատասխանատվության գլուխն ավելացրել: Մյուս կողմից, թվում է, թե այդ առաջարկությունը լուրջ վտանգ կարող է ներկայացնել ՀՀ իշխանությունների համար, եւ նրանք թույլ չեն տա, որ նման համակարգ ներդրվի հենց Սահմանադրության տեքստում:

Իհարկե, դժվար է ասել, թե այս խնդրի շուրջ Գագիկ Հարությունյանն արդյո՞ք զրուցել է Սերժ Սարգսյանի հետ եւ արդյո՞ք նրա համաձայնությունն ունի: Բայց այդ մասին բարձրաձայնելն արդեն իսկ բավարար է՝ չբացառելու համար, որ նման բան կարող է տեղի ունենալ:

Իսկ ինչքանով է այդ դրույթի ամրագրումը վտանգավոր գործող իշխանության համար: Միանգամից նկատենք, որ երբ Սահմանադրության մեջ ավելացվի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու մասին դրույթ, հետագայում պետք է փոփոխություններ կատարվեն նաեւ ՀՀ քրեական օրենսգրքում` սահմանադրական նորմերի կիրառելիությունն ապահովելու համար: Բայց ուշագրավն այն է, որ այդ բոլոր նորմերը չեն կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից անթույլատրելի է: Արդյունքում կստացվի, որ նոր ներդրված համակարգը, մինչ դրանց ուժի մեջ մտնելը, պաշտոնավարած բարձրաստիճան պաշտոնյաների համար կդառնա համաներման պես մի բան:

Այսինքն՝ եթե նման համակարգը կիրառության մեջ դրվի, դրանով հնարավոր չի լինի նախկին նախարարին ի պաշտոնե թույլ տված հանցանքի համար դատել, քանի որ նրան պատասխանատվության ենթարկելու օրենսդրությունն ընդունված կլինի նրա կողմից հանցանք կատարելուց հետո, հետեւաբար, կիրառելի չէ: Մի խոսքով, հնարավոր չի լինի նախկին պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել:

Այսինքն՝ ստացվում է, որ Գագիկ Հարությունյանը եւ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը ներկա եւ նախկին իշխանություններին լավություն են անում` նրանց բոլորին ապահովելով «համաներմամբ»: Սակայն, մյուս կողմից, եթե այդ համակարգը ներդրվի, եւ ներկա իշխանությունները եւս մի քանի տարի շարունակեն պաշտոնավարել, ապա, միեւնույն է, նրանց բոլորի վրա նոր «թղթապանակներ» կկազմվեն:

Այլ կերպ ասած՝ Գագիկ Հարությունյանը եւ նրա գլխավորած հանձնաժողովը սահմանադրական փոփոխություններով փորձում են նաեւ մի գործիք առաջարկել, որը իշխանափոխությունը, առնվազն ներկա իշխանությունների համար, կդարձնի անհետեւանք:

Վահագն Հովակիմյան




Լրահոս