Մեր միջի զիջողը ես եմ. Լուսինե Թովմասյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս Հայաստան», «Վիցե-միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի աստեղային ժամերից անցել է տասը տարի, սակայն երկրպագուները նրան չեն մոռացել: Վերջինս շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում, մարդիկ հետաքրքրվում են նրա գործունեությամբ եւ անձնական կյանքով: «Ժողովուրդ»-ը Լուսինե Թովմասյանի հետ զրուցել է նրա ներկայիս առօրյայի, գործնական դադարի, ընտանեկան կենսակերպի եւ այլ թեմաների շուրջ:

-Լուսինե՛, կար ժամանակ, երբ հանրության մի հատված տվել էր Ձեզ բիզնես լեդիի պիտակը, ամուսնությունից հետո, սակայն, գործնական կյանքն ամբողջովին մղել եք երկրորդ պլան` առաջնություն տալով անձնականին…

-Այդ դադարը նպատակային չէ, պարզապես ինքս էլ ուզում եմ իմ ժամանակն անցկացնել բալիկիս հետ, ով շատ արագ է մեծանում, իսկ նրա հետ մեծանում եմ նաեւ ես: Դեռ չեմ մտածում, թե առաջիկայում ինչով եմ զբաղվելու, դրա ժամանակն էլ չունեմ, անկեղծ ասած: Բայց, անշուշտ, կաշխատեմ, երբ ցանկանամ: Այս շրջանում բազում առաջարկներ եմ ստացել հեռուստատեսությունից, սակայն ինքս էլ հասկանալով, որ ֆիզիկապես չեմ հասցնի աշխատանքին նվիրվել, մերժել եմ դրանք: Դեռեւս չկա նաեւ մի գործ, որի շրջանակում գումար ներդնելու ցանկություն ունենամ, եթե լինի, չեմ հապաղի:

1

-Վերջին շրջանում «Միսս Հայաստան» մրցույթ արդեն չի կազմակերպվում: Ըստ Ձեզ` մենք, առհասարակ, այսօր ունե՞նք նման մրցույթների կարիք:

-Իհարկե, ունենք, քանի որ դրանք մասնակիցներին արտերկրում հանդես գալու հնարավորություն են ընձեռում: Բայց այն մրցույթներին, որ Հայաստանում կազմակերպվում էին վերջին շրջանում, ոչ ոք արդեն չէր ուզում մասնակցել, քանի որ դրանք անցկացվում էին ոչ պրոֆեսիոնալ կերպով: Եթե այդ կազմակերպչական հարցը երբեւէ շտկվի, վստահ եմ, որ շատ հայ աղջիկներ կուզենան մասնակցել մրցույթին: Իհարկե, տարիներ կպահանջվեն, բայց այդ կերպ հնարավոր կլինի նաեւ վերականգնել մրցույթի բարի համբավը: Մոդելային ոլորտը դրսում ծաղկում է ապրում, եւ շատերը կցանկանան դուրս գալ արտերկիր: Իսկ այստեղ ամեն գովազդի եւ ցուցադրության համար աղջիկները ստանում են չնչին գումարներ:

-Երբ այսօր զբոսնում եք մայրաքաղաքի փողոցներով, երիտասարդ աղջիկների շրջանում կա՞ մի ընդհանուր միտում, որ Ձեզ համար նկատելի է:

-Այո՛, ես այսօր տեսնում եմ շատ գեղեցիկ երիտասարդ սերունդ, եթե համեմատենք տարիներ առաջ մեր ունեցած պատկերի հետ, ապա կնկատենք, որ այսօր մեր աղջիկների առօրյայից համեմատաբար կորել են բարձրակրունկ կոշիկները. նրանք նախընտրում են հագնվել առավել հարմարավետ: Սա նշանակում է, որ հայ աղջիկներն ինչ-որ առումով ձերբազատվել են բարդույթներից, ինչն ուրախալի է:

3

-Վերջերս կայքերից մեկը Ձեզ վերագրել էր քթի պլաստիկ վիրահատություն: Առհասարակ, պլաստիկ վիրահատական միջամտություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Այո՛, ես տեսա այդ նյութը, եւ դա ուղղակի ծիծաղելի էր: Ասեմ, որ երբեւէ չեմ դիմել պլաստիկ վիրահատության, բայց, միեւնույն ժամանակ, չէի ասի, թե այդ երեւույթին վատ եմ նայում. եթե մարդ իրոք ունի դրա կարիքը, պարտադիր պետք է դիմի վիրահատության, ինչո՞ւ ոչ: Բայց, ահա, շուրթերը փքելու համատարած տենդենցն ուղղակի զզվելի է: Կարծում եմ` կինը պետք է ինքնավստահ լինի, նրա արտաքին տեսքն ու ներքնաշխարհը պետք է հաշտ լինեն միմյանց հետ: Այդ պարագայում շատերը նման քայլի չեն դիմի:

-Երջանիկ ընտանիք ունենալու Ձեր մոդելը ո՞րն է:

-Կարծում եմ` ամուսինները պետք է զիջող լինեն, օրինակ՝ մեր միջի զիջողը, հարմարվողը ես եմ: Միանշանակ, դրա դիմաց ստանում եմ համարժեք վերաբերմունք: Ամեն օր, հատկապես երեխայի ծնունդից հետո, մենք մեծ ջանք ու եռանդ ենք ներդնում, որ մեր ընտանիքն ամուր լինի:

2

-Դատելով լուսանկարներից` Ձեր դուստրը նման է Ձեզ: Ի՞նչ փոխեց նա Ձեր կյանքում:

-Ինքս դժվարանում եմ համեմատել, սակայն կողքից շատ կարծիքներ եմ լսել, ըստ որոնց՝ դուստրս նման է ե՛ւ ինձ, ե՛ւ ամուսնուս: Նրա ծնունդից հետո իմ ողջ առօրյան է փոխվել, մտածելակերպը, բայց փոխարենը գանձ եմ ստացել (ծիծաղում է): Ամուսինս էլ աշխատում է ամեն բան անել, որ երեքով ավելի շատ ժամանակ անցկացնենք միասին, երեկոյան զբոսանքների գնանք, թեպետ ամեն բան ինքնըստինքյան ստացվում է:

lus2

-Եվ վերջում, կարող եք Ձեր խոսքն ուղղել երկրպագուներին, որոնք նույնիսկ 10 տարի անց չեն մոռացել Ձեզ:

-Իսկապես, շատ հաճելի է, երբ ուշադրության պակաս չես ունենում. դա միայն դրական էմոցիաներ է արթնացնում, ուստի անչափ շնորհակալ եմ բոլոր այդ մարդկանց…

Աննա Բաբաջանյան




Լրահոս