Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ընտրեց հենց Սեյրան Օհանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանը, իր հավանական «ժառանգորդի» դերում տեսնում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս լուրերն առավել ուժգնացան, երբ ակնհայտ դարձավ, որ իշխանական լրատվամիջոցներին հանձնարարվել է որոշակի պարբերականությամբ գովերգել Սեյրան Օհանյանին:

Մինչ օրս այդպես էլ անհասկանալի է մնում, թե Սերժ Սարգսյանի ընտրությունն ինչո՞ւ է հենց Սեյրան Օհանյանի վրա կանգ առել, ինչո՞վ է նա առանձնանում իշխանական վերնախավի մյուս գործիչներից, կամ ի՞նչն է նրան կապում Սերժ Սարգսյանի հետ:

Մինչ այս հարցին պատասխանելը, մեջբերենք մի տեքս. «Կուզենայի նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ ներգրավվելու արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը … զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք եւ խիստ հակազդեցությանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մասնավորապես զերծ մնալ … քաղաքում թեկույզ եւ փոքր խմբերով հավաքվելու փորձերից, նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ … զինված ուժերը պարտավոր են համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ»:

Տեքստի բովանդակությունից անմիջապես հասկանալի է, որ դրա հեղինակը զավթիչ է եւ այդ կերպ փորձում է հնազանդեցնել իր վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակչությանը, որպեսզի նրանք ձեռնպահ մնան ազատագրական պայքարներից: Սակայն իրականում այս տեքստի հեղինակը նույն ինքը՝ Սեյրան Օհանյանն է, որը այդ օրերին զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Այս սպառնալիքները հասցեագրված են ՀՀ քաղաքացիներին, որոնք հնչել են 2008-ի մարտի 2-ին՝ Հայաստանի բոլոր հեռուստաընկերություններով (բազմակետերից երկուսում՝ ՀՀ, իսկ մեկում՝ Երեւան):

Այսինքն՝ Սեյրան Օհանյանն այն եզակի պաշտոնյաներից է, ով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում ներգրավված է եղել ոչ թե միայն որպես պաշտոնյա, ում ինչ-որ բան է հանձնարարվել եւ նա կատարել է, այլեւ նա հավասարազոր կազմակերպիչ է, ինչպես Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը: Հենց նա է այն պաշտոնատար անձը, որը ՀՀ զինված ուժերը դուրս է բերել ՀՀ մայրաքաղաք Երեւանի փողոցներ, որպեսզի սաստի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զայրույթն ու ցասումը: Եվ որպեսզի որեւէ մեկի մոտ կասկած չմնա, որ բարեհամբույր կերպարով հանդես եկող գեներալը պատրաստ է նման քայլի, նա, ինչպես վայել է ցանկացած «կամենդանտի», հրապարակային բոլորին զգուշացրել է, որ եթե փորձեն իրենց Հայրենիքը պաշտպանել, ապա գեներալը նրանց կպատժի: Այդ օրերին Օհանյանը բացառապես զինվորական համազգեստով էր շրջում: Դե, իհարկե, մարդը մարտի էր դուրս եկել ՀՀ քաղաքացիների դեմ եւ չէր էլ թաքցնում, որ պատրաստ է նրանց բոլորին իրենց իսկ մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարել, եթե չհնազանդվեն իրեն:

Հայաստանի իշխանական բուրգում գոյություն ունի ընդամենը հինգ պաշտոնյա, որոնք կարող են համարվել որպես Մարտի 1-ի կազմակերպիչ, որովհետեւ, ի տարբերություն այդ ժամանակվա մյուս պատասխանատու պաշտոնյաների, նրանք ոչ թե անօրինական հրամաններ են իրագործել, այլ անձամբ են իրենց գործողություններով անտեսել ՀՀ սահմանադրական կարգը: Նրանցից առաջին երկուսը բոլորին հայտնի են՝ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, իսկ երրորդ պատվավոր տեղը զբաղեցնում է հենց Սեյրան Օհանյանը (չորրորդը այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է, իսկ հինգերորդը՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը):

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը կապված են Մարտի 1-ի զոհերի արյամբ, եւ կասկածից վեր է, որ նրանք հավիտյանս պահպանելու են մեկմեկու, քանի նման հնարավորություն ունեն: Հենց այս գործոնն է պատճառը, որ Սերժ Սարգսյանի համար իր թիմակիցներից ամենավստահելին Սեյրան Օհանյանն է, ու նրա հետ չի կարող մրցակցել ոչ ոք: Նույնիսկ փաստացի Սերժ Սարգսյանի միս ու արյուն համարվող փեսան՝ Միքայել Մինասյանը, այս հարցում չի կարող մրցակից լինել:

Ի դեպ, պատահական չէ նաեւ, որ երբեմն որպես հնարավոր «ժառանգորդ» շրջանառվում է նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը: Սակայն նա մի թերություն ունի՝ մի փոքր վախկոտ է եւ ճակատագրական պահին կարող է նաեւ հանձնել «խունտայի» պարագլուխներին:
Իսկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իսկ այժմ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի թեկնածությունը երբեք չի շրջանառվել:
Մի խոսքով, ՀՀ նախագահի հավանական թեկնածուներին պետք է փնտրել 2008 թվականի մարտի 1-ի արնաշաղախ պատմությունների մեջ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս