Դեպքից անմիջապես հետո իրավիճակը մեր վերահսկողության տակ է եղել. Կարինե Աճեմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ ինքն անձամբ է դիմել Ոստիկանություն նախորդ տարվա դեկտեմբերին Աբովյան քաղաքից անհետ կորած բնակիչների հարցով: Անահիտ Բախշյանի խոսքով, ինքն այժմ համապատասխան արդյունքների է սպասում: «Ոչ մեկն ապահովագրված չի լինի բռնության նման դեպքերից, եթե այսպիսի մարդիկ շարունակեն հանգիստ իրենց սև գործն անել՝ չենթարկվելով պատասխանատվության»,- հավելել է Ա. Բախշյանը:

Իսկ ահա ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին` դեպքից անմիջապես հետո, իր և Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի վերահսկողության տակ է գտնվել. «6 ամիս տարբեր գերատեսչության ղեկավարներ, պարզապես այս հարցով զբաղվող մարդիկ, ինչպիսին նաև ես, զբաղվել ենք, որպեսզի կարողանանք հարցի լուծումը տեսնել, և այսօր շատ ուրախ ենք, որ վերջապես լուծում գտնվեց: Շատ տարբեր բաներ խոսվեց այդ մարդու մասին: Տեսանյութ էր տարածվել, և մարդիկ տեսնում էին, որ այդ մարդու հոգեբանությունը խեղաթյուրված է, և նորմալ ձևով երեխան չէր կարող ապրել նրա հետ: Դպրոց չգնալու պատճառը միայն բավական է: Երեխան 9 տարեկան էր, սակայն դպրոց չէր հաճախում, որովհետև հայրը թույլ չէր տալիս: Ինքս մի քանի անգամ դիմել եմ Արդարադատության նախարարին, ով այդ հարցով զբաղվելու իրավասություն ունեցող բոլոր գերատեսչություններին հստակ հանձնարարականներ էր տվել, իր վերահսկողության տակ է պահել»:

Կարինե Աճեմյանի խոսքով, խնդիրը լուծվեց, քանի որ հետախուզում հայտարարելուց հետո Ոստիկանությունը գտավ անչափահաս երեխայի հորը, և երեխան վերադարձվեց մորը: Պատգամավորը վստահ է, որ այժմ երեխայի հետ ամեն բան լավ կլինի, նա կկարողանա նաև սովորել:

Ինչ վերաբերում է Անահիտ Բախշյանի հայտարարությանը, ապա Կարինե Աճեմյանը նշեց, որ նա ևս զբաղվել է խնդրի լուծմամբ, սակայն` ավելի ուշ. «Իմ խնդրանքով նախարարն ընդունել է այդ կնոջը, լսել է: Ինքս միայն հեռախոսով եմ շփվել նրա հետ: Մենք հասկանում էինք մոր վիճակը, վերջում անգամ հոգեբանի կարիք ունեցավ այդ կինը»:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հայտարարության, դեռևս դեկտեմբեր ամսին Աբովյան քաղաքի բնակիչներ Արարատ Ասրյանը և իր 8-ամյա աղջիկն անհետացել էին: Արարատ Ասրյանի կինը դիմել էր Ոստիկանություն ՝ պահանջելով գտնել աղջկան և ամուսնու մոտից վերադարձնել իրեն: Կնոջ խոսքով` հայրը իր աղջկան արգելել էր դպրոց գնալ, պնդելով թե ինքը համապատասխան կրթություն կտա երեխային՝ հեռու պահելով դպրոցի «սատանաներից»: Դեպքից վեց ամիս հետո ՀՀ ոստիկանությունը Նելլի Դուրյանի գլխավորությամբ կարողանում է Դիլիջանում հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող անձանց` այդ թվում 6 ամիս կրթությունից զրկված 8-ամյա երեխային, և հանձնել մորը:




Լրահոս