Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի Ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրենը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արման Ծատուրյանն ընտրվել է Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում: Ի դեպ, Ծատուրյանը նաեւ համերգային կազմակերպչական գործունեությամբ է զբաղվում: Նրա մասին արվեստի ասպարեզում քչերը գիտեն, սակայն նրա անունը հանրությունը հասցրել է կապել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ. ըստ շրջանառվող խոսակցությունների` հենց վերջինս է կանգնած նորանշանակ տնօրենի թիկունքին: Հիշեցնենք նաեւ, որ Արման Ծատուրյանի անունը կապվում էր նախորդ տարի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հետ:

Ա. Ծատուրյանն իր նոր պաշտոնը ստանձնելուն պես հայտնվեց արվեստաբանների ուշադրության կենտրոնում: Վերջիններս մեծ մասամբ ընդգծեցին, որ Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենը պետք է կերպարվեստի ոլորտի մարդ լինի, հարուստ փորձով, միջազգային համբավով, երկար ուղի անցած գիտակ մեկը, որպեսզի կարողանա գլուխ հանել այդ կառույցի առջեւ ծառացած խնդիրներից եւ դրանց լուծում տալ, իսկ պատահական մարդու հայտնվելն այդ պաշտոնում վատ հետեւանքներ կարող է ունենալ:

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ  արվեստի ոլորտում տիրող ընդհանուր մթնոլորտից է կախված, թե ով ինչպես կաշխատի: «Մենք սովորել ենք շատ տեղերում տեսնել վատ արդյունք, ուստի վստահությունը կորել է: Ես ծանոթ չեմ նորանշանակ տնօրենի հնարավորություններին, ամեն դեպքում նա երիտասարդ է, թող 2-3 տարի աշխատի, եթե լավ կաշխատի, թող մնա, եթե ոչ, թող փոխեն… Միայն կասեմ, որ մինչ օրս  պատկերասրահի լավագույն տնօրենը համարվել է Ռուբեն Դրամբյանը, նրանից հետո եկած ամեն տնօրեն պետք է աշխատի պահպանել նրա փոխանցած ավանդույթները, նրա պես նվիրված լինի մեր մշակույթին»:

Haxtanak shahumyan
Նկարիչ Հաղթանակ Շահումյան

Նկարիչը մատնանշեց մի քանի խնդիր, որոնք ենթակա են լուծման, եւ որոնց նորանշանակ տնօրենը պետք է ուշադրություն դարձնի. «Ես գիտեմ, որ վերջին տարիներին պատկերասրահը գրեթե չի համալրվել ժամանակակից մշակույթի գործերով: Սա պետական մտածողության հարց է: Խորհրդային կարգերի փլուզումից հետո պատկերասրահը ձեռքբերումներ գրեթե չի ունեցել, բայց պետք է հաշվի առնել, որ այն զարգացող օրգանիզմ է եւ համալրման կարիք ունի»:

Ըստ Հ. Շահումյանի` վերանայման կարիք ունի նաեւ Ազգային պատկերասրահի շենքի նախագիծը: «Այդ կառույցը պատկերասրահի պահանջներին համապատասխան չէ. շենքում լուսավորություն ապահովելու, ներկայացված հավաքածուն խոնավությունից, չորությունից պահպանելու խնդիր կա: Շատ նմուշներ հնարավոր չէ անգամ ցուցադրել: Բացի այդ` պատկերասրահի  տեղակայության վայրը բարենպաստ չէ. այն չի շնչում, քանի որ մի քանի թանգարաններ «խցկված են» իրար մեջ»,-մեկնաբանեց նկարիչը:

Նա անդրադարձավ նաեւ նորանշանակ տնօրենից ակնկալվող գործելաոճին. «Ցանկալի կլինի, որ նա ունենա պրոֆեսիոնալ մասնագետներից բաղկացած, բարձր մակարդակի խորհուրդ, որը պատկերասրահին առնչվող հետագա անելիքների վերաբերյալ ոչ թե ձեւական, այլ ռեալ, հուսալի աջակից կլինի»,-կարծիք հայտնեց  նա:

paravon mirzoyan
Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյան

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ հասցրել է շնորհավորել նորանշանակ տնօրենին` նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ. «Կարծում եմ` տնօրենի պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ նախնական դատողություններ անելը ճիշտ չէ, արվեստաբանները երբեմն անիմաստ մեկնաբանություններ են անում: Թե Արման Ծատուրյանն ինչպես կաշխատի, ցույց կտա ժամանակը»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար մրցում էին Արման Ծատուրյանը, Արթուր Ավագյանը եւ Սաթենիկ Վարդանյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս