13-րդ դարում կառուցված Սրվեղի վանքը փլվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավ՝ Խաչի տակ գտնվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր լանջին է գտնվում Սրվեղի վանքը: Այն կառուցվել է 13-րդ դարում: Սրվեղի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից, խուցերից, ձիթհանքից, օժանդակ շինություններից:

Վանքի տարածքում պահպանվել են բնակելի եւ տնտեսական շինությունների, պարսպապատերի հետքեր, գերեզմանոցներ: Գլխավոր՝ Սուրբ Նշան եկեղեցին ներքեւի մասում շարված է քարով, վերեւում, գմբեթի հետ միասին օգտագործված է թրծած աղյուս: Պատերի վրա կան արձանագրություններ, որոնից մեկը 1152 թվականի է: Եկեղեցին կառուցող ճարտարապետներն են Սարգիսը եւ Հովհաննեսը: Եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի, ունի սրածայր գմբեթ, որի հետ էլ ժողովրդական ստուգաբանությամբ կապում են Սրվեղ անունը: Պատերի մեջ ագուցված են խաչքարերի կտորներ, որոնք, հավանաբար, ավելի հին են: Հնում Սրվեղի վանքը մի քանի անգամ նորոգման է ենթարկվել: Այգեհովիտ գյուղից Սրվեղի վանք տանող ճանապարհը խճապատ է:

Վանք կարելի է այցելել բարձր անցողականություն ունեցող մարդատար մեքենաներով: Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգված ասաց, որ Սրվեղի վանքն աստիճանաբար փլվում է: Գյուղապետը նաեւ նշեց, որ նախկինում փլվել էր հոգեւոր կառույցի առաջնամասը, իսկ ներկայումս աստիճանաբար ավելանում է փլված մասը` առաջացնելով եկեղեցու ոչնչացման վտանգ: Գյուղապետի խոսքերով՝ եկեղեցի մտնել, դուրս գալն արդեն վտանգ է ներկայացնում տարբեր վայրերից ժամանող բազմաթիվ ուխտավորների համար:

Նշենք, որ Սրվեղի վանքը հնուց հռչակվել է իր բուժիչ, հրաշագործ հատկություններով, հեռավոր վայրերից բժշկելու հույսով այստեղ են բերել զանազան հիվանդություններով տառապողների: Լ. Գրիգորյանը տեղյակ չէ, թե Սրվեղի վանքը որ կազմակերպության հաշվեկշռում է գտնվում: Նա անհանգստացած է միջնարդարյան վանքի ճակատագրով, սակայն չգիտի, թե ում պետք է դիմել այն հիմնանորոգելու խնդրով: Գյուղապետն ասաց, որ Այգեհովտից սերված, Ռուսաստանում բնակվող Ամիր Ղեւոնդյանի ֆինանսական միջոցներով այժմ նորոգվում է Այգեհովիտ գյուղում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը 200-300 տարվա պատմություն ունի: Մինչ մեր հարեւան ադրբեջանցիներն իրենց համար պատմություն են հորինում, փորձում յուրացնել հայկական եւ աղվանական հին եկեղեցիները, Հայաստանի անտառներում եւ սարերում գտնվող հնամենի վանքերն աստիճանաբար քանդվում, ոչնչանում են: Մերօրյա մեծահարուստներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն էլ գերադասում են նոր եկեղեցիներ կառուցել, ոչ թե հին վանքերը նորոգել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս