Սերժ Սարգսյանի ոճն է հարցերը հետաձգել և լուծումներ չտալ. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարությունն իր վրա է վերցնում էլ.էներգիայի սակագնի բարձրացման բեռը և կոչ էր արել քաղաքացիներին հեռանալ Բաղրամյան պողոտայից:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին հայտնել էր, որ իրավապահները ուժ չեն կիրառելու քաղաքացիների նկատմամբ:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հայտարարությանը ծանոթանալուց հետո Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ հանդիպմանը նշեց.«Քաղաքացիական շարժումն ինքը պետք է ձևակերպի և ասի իր վերաբերմունքը հայտարարության վերաբերյալ: Կենդանի պատը այստեղ է, համենայնդեպս, իմ մասով կարող եմ ասել դա: Ոչ բռնությանը կարգախոսը շարունակում է գործել: Քանի դեռ քաղաքացիական շարժումը կլինի այստեղ, ես ինքս կլինեմ այստեղ»:

Պատգամավորը հրաժարվեց իր կարծիքը հայտնել շարժման ընթացքի վերաբերյալ.«Չեմ անելու որևէ մեկնաբանություն, որն ուղղակի կամ անուղղակի կկանխորոշի կամ ներքին բովանդակություն կունենա շարժման անելիքները որոշելու վերաբերյալ: Իմ անձնական դիրքորոշումը կարող եմ հայտնել Ս. Սարգսյանի հայտարարության վերաբերյալ: Ես քաղաքացիական շարժման անունից իրավասություն չունեմ հայտարարություն անելու:

Առաջին արձագանքն այնպիսին էր, որ նմանացրի Մարտի 1-ի հետաքննության հետ կապված հայտարարությանը: Ս. Սարգսյանը իրավապահներին ևս մեկ անգամ հորդորեց քննել Մարտի 1-ի գործը: Թե ինչ արդյունք է տվել դա, հիմա գիտենք: Ասում է, որ համոզված է, որ էլ.էներգիայի սակագինը բարձրացնելու որոշման չեղյալ հայտարարելը կունենա աղետալի հետևանքներ, ասում է` կառավարությունը աուդիտի ընթացքում իր վրա կվերցնի այդ բեռը. հարց է առաջանում` որտեղից պետք է վերցնի: Ստացվում է` քաղաքացիները մի գրպանից չեն վճարի, մյուսից կվճարեն… Ասում է` հիմա հարցը չքննենք, քննենք հետո: Առաջարկում է հետաձգել հարցի քննարկումը և առաջարկում է անուղղակի կերպով վճարել»:

Հարցին, թե որքանով կազդի նախագահի հայտարարությունը հավաքվածների վրա, Ն. Փաշինյանը նշեց.«Եթե դուք նախագահ ասելով նկատի ունեք Սերժ Սարգսյանին, ես չեմ ճանաչում նախագահ Սերժ Սարգսանին: Որքանով հայտարարությունը կազդի, թույլ տվեք չմեկնաբանեմ: Ս. Սարգսյանի հայտարարության վերաբերյալ դիրքորոշում պետք է հայտնի քաղաքացիական շարժումը»:

Հարցին` ընդունված որոշումը ինչի արդյունք էր, պատգամավորը նշեց.«Հովիկ Աբրահամյանը հայտարարություն արեց և ասեց, որ սակագնի բարձրացումն անխուսափելի է, նախկինում էլ ՀՀԿ-ականները ասում էին, որ պետք է համակերպվել: Հիմա այլ մեկնաբանություն անելու անհրաժեշտություն չկա:

Սերժ Սարգսյանի ոճն է հարցերը հետաձգել և լուծումներ չտալ: Այդ աշխատանքն է, որ այդ ոլորտում բերել է այսպիսի իրավիճակի: Ահազանգեր եղել են, իշխանություններն իմացել են, թե ինչ է կատարվում էներգետիկ ոլորտում: Ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել:

100 մլն դոլարի ճեղվածքն էլ իրենց` ՀԷՑ-ի ներքին գործն է: 34 մլրդ պարտավորությունից 14-ն արդեն վճարվել է, իսկ մնացածն էլ արդեն առկա է հաջորդ տարվա սակագնում: Մնացած խնդիրները նրանք պետք է լուծեն: Սակայն Ս. Սարգսյանի որոշումով պետք է վճարի այդ ամենը ՀՀ քաղաքացին:

Կա հավաքների ազատության մասին օրենքը, որն ասում է` եթե օրենքը չպահպանելով է կազմակերպվել հավաքը և այն խաղաղ է, իրավապահները պետք է օգնեն: Ոստիկանությունն այն համարել է խաղաղ և ուժ չի կիրառել և քանի դեռ խաղաղ է, չպետք է կիրառի ուժ»:




Լրահոս