Բաղրամյան պողոտայում մարդաշատությունը նաև լրագրողների բարեխիղճ աշխատանքով է պայմանավորված. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրողների անձնուրաց աշխատանքի շնորհիվ մարդիկ այսօր տեղեկատվական քաղց չունեն, որը կար 2008-ի դեպքերի ժամանակ, երբ հանրությունը դժվարությամբ էր հասկանում` գնալ «Ազատության» հրապարակ, թե ոչ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը` հավելելով, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունների մարդաշատությունը ևս լրագրողական ճիշտ աշխատանքով է պայմանավորված:

Լրագրողի հարցին` կա՞ արդյոք խոչընդոտ դրսում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները մատուցելու, թարգմանություններ անելու հարցում, Թագուհի Թովմասյանը պատասխանեց, որ նման խնդիր բացարձակ չկա, պարզապես վերջին դեպքերի առումով դրսում խնդիր կար իրականությունը տեսնելու և չտեսնելու հարցում:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը միևնույն ժամանակ նկատեց, որ թե´ պաշտոնական, թե´ հասարակական բոլոր խողովակների կողմից ագրեսիվ վերաբերմունք կա լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ. «Այս ագրեսիան արհեստական սարքած երևույթ է: Երբ դաշտը հագեցավ բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալ կայքերով, որոնք պախարակում են լրագրողի անունը, լրագրողի նկատմամբ անվստահություն սերմանեցին: Եվ հիմա այս պտուղները քաղում են ոչ միայն լրագրողները, այլև իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր հովանավորում են տվյալ կայքերը»,- իր խոսքում նշեց Թ. Թովմասյանը:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս