Տարոն Մարգարյանի ցավակցությունը Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցավով տեղեկացա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար, ՀՀ վաստակավոր լրագրող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր, «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող Գագիկ Հովհաննիսյանի մահվան մասին:

Գագիկ Հովհաննիսյանի ինչպես լրագրողական, այնպես էլ մանկավարժական ամբողջ գործունեությունն, ըստ էության, նվիրված էր շախմատին ու Հայաստանում դրա զարգացմանը: Սիրված մարզաձևից անբաժան լինելով` նա ոչ միայն անմիջական ականատեսն էր շախմատի նորագույն ժամանակների մեր բոլոր ձեռքբերումների, այլև հեղինակավոր մրցաշարերի տարեգիրն ու յուրօրինակ մեկնաբանն էր: Նրա համակողմանի ու պրոֆեսիոնալ մեկնաբանությունների շնորհիվ հայ շախմատասերը մշտապես տեղյակ էր կարևորագույն մրցամարտերին ու, ընդհանրապես, շախմատային աշխարհի անցուդարձին:

Բազմամյա մանկավարժական գործունեության ընթացքում բազմաթիվ լրագրողներ նաև նրա օրինակով են մասնագիտացել մարզական լրագրության ոլորտում:

Խորապես ցավում եմ Գագիկ Հովհաննիսյանի կորստյան կապակցությամբ և իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու բարեկամներին:

Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ




Լրահոս