Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Էդ. Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան-ը Մինսկում մասնակցեց Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Ալեն դե Ռոյը։

Ներկայացնում ենք Էդվարդ Նալբանդյանի ելույթը.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բելառուս գործընկերոջը՝ այս ոչ պաշտոնական նախարարական երկխոսությունը հյուրընկալելու համար: Սա լավ հնարավորություն է՝ Եվրոպական միության հետ քննարկելու մեր երկկողմ օրակարգը, ինչպես նաեւ՝ Ռիգայի գագաթաժողովից հետո անդրադառնալու Արեւելյան գործընկերության հեռանկարներին:

Քանի որ Ռիգայից հետո սա մեր առաջին հանդիպումն է, ցանկանում եմ նշել, որ մեր կարծիքով Գագաթաժողովը հաջողություն ունեցավ եւ մեկ քայլ առաջ կատարեց՝ գործնական համագործակցության ուղղությունները նախանշելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ինստիտուցիոնալ կարողությունների ձեւավորումը եւ արդյունավետ կառավարումը, շարժունակությունը, շուկայական հնարավորությունները եւ փոխկապակցվածությունը:

Հայաստանը Եվրոպական միության հետ ունի համապարփակ գործընկերություն, եւ մենք կարեւորում ենք քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ առեւտրի ու տնտեսական համագործակցության խորացումը:

Ներկայումս մենք Եվրոպական հանձնաժողովի հետ աշխատում ենք մի շարք բնագավառներում արդյունավետ ոլորտային համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ՝ կրթություն, գիտություն, հետազոտություն եւ նորարարություն, ինչպես նաեւ՝ մարդկային շփումների խթանում եւ առեւտրի դյուրացման համար բարենպաստ պայմանների ստեղծում: Մենք ակնկալում ենք համաձայնագրեր ստորագրել ԵՄ այնպիսի նախաձեռնություններին մասնակցելու համար, ինչպիսիք են՝ «Հորիզոն 2020»-ը, ինչպես նաեւ՝ «Ձեռնարկությունների եւ Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության» ծրագիրը (COSME):

Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր ապագա պայմանագրային հարաբերությունները սահմանելու նպատակով՝ մեր ԵՄ գործընկերների հետ մենք աշխատել ենք մեր նախկին բանակցությունների բովանդակությունը արտացոլող նոր իրավական հիմքի շրջանակը ձեւավորելու ուղղությամբ՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձեւաչափերում: Մարտի կեսերին ՀՀ եւ ԵՄ բանակցային թիմերն ավարտեցին ապագա իրավական հենքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, եւ մենք ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները շուտով կհաստատեն մանդատը, որպեզի մենք կարողանանք սահուն կերպով սկսել բանակցությունները:

ԵՄ – Հայաստան ինստիտուցիոնալ ձեւաչափերի կանոնավոր հանդիպումներին զուգահեռ՝ Հայաստանը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը Արեւելյան գործընկերության բազմակողմ հարթակներում եւ տասից ավելի աշխատանքային խմբերում։ Մենք այն դիտարկում ենք լավագույն փորձը կիսելու եւ լայն համագործակցությանը նպաստելու կարեւոր ու օգտակար հարթակ եւ ողջունում բոլոր նախաձեռնությունները, որոնք ամրապնդում են ընդգրկուն համագործակցությունն ու ուղղված են բազմաթիվ շահագրգիռ կողմերի ներգրավվածության շնորհիվ տարբեր մասնակիցների միջեւ իրական գործընկերություն կառուցելուն:

Մուտքի արտոնագրերի ազատականացումը ընդհանուր նպատակ է եւ պետք է ըստ պատշաճի ընդգծված լինի նորացված Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ: Մենք ամուր հիմք ունենք մեր համագործակցության հաջորդ փուլի՝ շարժունակության եւ մարդկային շփումների խթանման մեկնարկը տալու համար:

«Շարժունակության գործընկերությունը» 2011թ.-ից ընթացքի մեջ է, եւ դրա հովանու ներքո մի շարք ծրագրեր են իրականացվել։ Հայաստան – ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014թ. հունվարից` Հայաստանի քաղաքացիների համար ապահովելով մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված եւ հետընդունման կանոնակարգված գործընթացներ: 2013թ. հունվարից սկսած՝ Հայաստանի կառավարությունը վերացրել է մուտքի արտոնագրի պահանջը ԵՄ քաղաքացիների համար։ Այս ապրիլին Բրյուսելում հաջողությամբ անցկացվեցին Հայաստան – ԵՄ արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հանդիպումները:

Մենք ակնկալում ենք, որ մուտքի արտոնագրերի ազատականացման համար երկխոսությունը հնարավորինս շուտ կսկսվի, որն, անկասկած, դրական ազդեցություն կունենա շատ հարակից ոլորտներում ազգային բարեփոխումները խթանելու գործում: Հետեւաբար, մենք հուսով ենք, որ Հանձնաժողովը եւ անդամ երկրներն անվերապահորեն կսատարեն Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի վերաբերյալ երխոսության մեկնարկը:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձեւաչափերում ընդգրկուն համագործակցության կարեւորությունը։ Մենք սատարում ենք այն տեսակետը, որ հնարավոր է առավել հեռատես մոտեցման շնորհիվ լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները: Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցության պահից, նույնիսկ դրանից առաջ, մենք կողմնակից ենք եղել պրագմատիկ եւ ռացիոնալ գործելաոճի, որը թույլ է տալիս օգտվել տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերի կողմից տրամադրվող հնարավորություններից՝ խուսափելով առավել լայն հարեւանության տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ստեղծումից: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից, միեւնույն ժամանակ, ավելի սերտ փոխգործակցություն ունենալ Եվրոպական միության հետ:

Հարգելի՛ գործընկերներ,

Եվրոպական հարեւանության քաղաքականությունը Հայաստանի եւ ԵՄ միջեւ համագործակցության խթանման եւ խորացման գործում նշանակալի դեր է ունեցել: Մենք բարձր ենք գնահատում Արեւելյան գործընկերության շրջանակներում մեր երկրին ԵՄ կողմից տարիներ ի վեր ցուցաբերած շարունակական աջակցությունը եւ օժանդակությունը, որը կարեւոր դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների գործընթացի եւ ինստիտուցիոնալ կարողությունների ձեւավորման արդյունավետության եւ շարունակականության համար: Մենք հետեւողական քայլեր ենք ձեռնարկում՝ ժողովրդավարությունն ամրապնդելու, հիմնարար ազատությունները եւ մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Այս համատեքստում ես կցանկանայի անդրադառնալ Քաղաքացիական հասարակություն ֆորումի ներկայացուցչի կողմից Երեւանում ցույցերի վերաբերյալ արված նկատառումներին: Ինչպես ես վերջերս նշել եմ, մեր գործընկերների կողմից արված մտահոգության արտահայտությունները Հայաստանի իշխանությունները դիտարկում են որպես մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ մեր գործընկերների շահագրգռվածության վկայություն։ Իրավասու մարմինների կողմից վարվում է ծառայողական քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ թերությունների շտկման ուղղությամբ։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարար ազատություններին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը մեր հավատարմությունը։

Ես կցանկանայի անդրադառնալ Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայմանը: Մենք կարծում ենք, որ այն պետք է արտացոլի ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ արդյունավետ կառավարման ընդհանուր արժեքներին հավատարմության կարեւորությունը: Մենք նաեւ կարծում ենք, որ նոր քաղաքականության շրջանակներում ձեռքբերումների վրա հիմնված տարբերակման եւ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքները պետք է ամրապնդվեն եւ համապատասխանաբար շարունակվեն իրականացվել՝ արտացոլելու գործընկեր պետությունների կողմից բարեփոխումների իրականացման ընթացքը` անկախ նրանց տարբեր ձգտումներից կամ պայմանագրային հարաբերություններից»:

Արձագանքելով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի նկատառումներին՝ Էդվարդ Նալբանդյանն ընգծեց.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է կենսական նշանակություն ունենալ Հայաստանի համար, եւ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կշարունակենք մեր ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով: Չնայած համանախագահ երեք երկրների գործադրած ակտիվ ջանքերին՝ վերջին յոթ տարում տեղի ունեցած մոտ 20 գագաթաժողովներին, նախարարների մակարդակով մի քանի տասնյակ հանդիպումներին, երեք համանախագահների՝ տարածաշրջան կատարած բազմաթիվ այցելություններին, անհնար է եղել հակամարտության կարգավորման գործում առաջընթաց գրանցել, քանի որ ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետեւից մերժել է միջնորդների կողմից ներկայացված բոլոր առաջարկները: Մենք գնահատում ենք, որ Եվրոպական միությունը տարբեր առիթներով իր միանշանակ աջակցությունն է արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:

Ռիգայի գագաթաժողովում ԵՄ բոլոր անդամ երկրները եւ Արեւելյան գործընկերության հինգ երկրները, հղում կատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը նվիրված 2009թ.-ից ընդունած հինգ հայտարարություններին՝ իրենց աջակցությունը հայտնեցին եռանախագահների ջանքերին, ինչն արտացոլվեց Գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում։ Ադրբեջանը հանդիսացավ միակ երկիրը, որը հակադրվեց դրան։ Լավ կլիներ, որ Ադրբեջանը այդ հարցով կիսեր Ռիգայի գագաթաժողովի մասնակից բոլոր երկրների կարծիքը»:

Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։




Լրահոս