Մի քանի քրեական գործ` մեկ մարդու դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին Իջեւանի երաժշտական դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում երաժշտական դպրոցի շվիի դասատու, 1981թ. ծնված Էդգար Ամիրյանը, վիճաբանության մեջ մտնելով, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել երաժշական դպրոցի տնօրենի եւ ուսմասվարի հասցեին: Այդ կապակցությամբ երաժշտական դպրոցի մանկավարժական խորհրդի 9 անդամներ դիմել են ոստիկանության Իջեւանի բաժին, այնտեղից էլ նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ ներկայումս ընթացքի մեջ է Էդգար Ամիրյանի նկատմամբ հարուցված մեկ այլ գործ: Վերջերս Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում անհրաժեշտություն էր առաջացել խուզարկություն կատարել Իջեւանում գտնվող Հ. Ներսիսյանի բնակարանում: Հունիսի 9-ին մարզային քննչական վարչության քննիչը, դատարանի որոշումը ձեռքին, փորձել էր Հ. Ներսիսյանի բնակարանում խուզարկություն կատարել, սակայն մի խումբ անձինք, այդ թվում Էդգար Ամիրյանը, նրան խոչընդոտել էին:

Այդ առնչությամբ Է. Ամիրյանի նկատմամբ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել 2 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը») եւ ՀՀ քրեական օրենսգրքի 344 հոդվածով 1-ին մասով («Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը»): Հավելենք, որ Է. Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ այն բանի համար, որ նա կեղծ վկայականով, որպես շվիի կատարող, 2004թ. աշխատանքի է ընդունվել Իջեւանի երաժշտական դպրոցում:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Է. Ամիրյանը 2013թ. հուլիսի 29-ին իր աշխատանքից ազատվելու վերաբերյալ 2013թ. հունիսի 26-ի հրամանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկելու ընթացքում որպես ապացույց է ներկայացրել վերահիշյալ կեղծ վկայականը, որի հիման վրա վերականգնվել է նախկին աշխատանքում: Դրա համար Է. Ամիրյանին 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով: 2016թ. ապրիլի 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Է. Ամիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Է. Ամիրյանը բողոքարկել է սույն դատավճիռը, պահանջելով առաջադրված մեղադրանքում իրեն արդարացնել: Ներկայումս այդ գործի քննությունն ընթանում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս