Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրություննընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։

2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։

Փոփոխությունները նշանակալի էին հատկապես հանրապետության կառավարման կարգի, իշխանությունների բաժանման, զսպումների և հակակշիռների մեխանիզմների ապահովման տեսանկյունից։ Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին Նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց։ Այսպես, փոփոխություններով վերացվեց Հանրապետության Նախագահի՝ վարչապետ նշանակելու ամբողջությամբ հայեցողական լիազորությունը. Ներկայումս Հանրապետության Նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի՝ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։

Կառավարման կարգի հետ կապված հաջորդ կարևոր փոփոխությունը Ազգային ժողովն արձակելու՝ Հանրապետության նախագահի՝ կրկին, ըստ էության անսահմանափակ լիազորության վերացումն էր։ Փոփոխություններով սահմանվեցին այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պարագայում միայն Հանրապետության Նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը։ Այդ բոլոր դեպքերն ըստ էության վերաբերում են Ազգային ժողովի կողմից անգործություն դրսևորելու իրավիճակներին։

Կարևոր փոփոխություններ տեղի ունեցան նաև դատական համակարգի կազմակերպման ոլորտում։ Էապես փոխվեց արդարադատության խորհրդի կազմավորման կարգը, որն իր հերթին դատական համակարգի կազմավորման գործում վճռորոշ նշանակություն ունի. հենց արդարադատության խորհրդի ներկայացման հիման վրա է Հանրապետության Նախագահը կատարում դատավորների նշանակումները։

Այսպես, մինչև 2005թ. սահմանադրական փոփոխությունները ՀՀ Նախագահը գլխավորում էր արդարադատության խորհուրդը, իսկ խորհրդի փոխնախագահներն էին գործադիր իշխանության ներկայացուցիչներ՝ արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը։ Խորհրդի կազմի մեջ մտնում էին նաև Հանրապետության Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով նշանակվող տասնչորս անդամ, որոնցից երկուսը` իրավաբան գիտնական, ինը` դատավոր, երեքը` դատախազ։

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրապետության Նախագահի ազդեցությունն արդարադատության խորհրդի վրա կտրուկ նվազեցվեց։ Ներկայումս Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ։ Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի։
Սահմանադրությունում կատարված կարևոր փոփոխություններից էր նաև Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնումը։ Մասնավորապես, ներկայումս օրենքների և այլ իրավական ակտերի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում կարող են վիճարկել (ստուգել) մարդու իրավունքների պաշտպանը, դատարանները և դատախազները՝ իրենց վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։




Լրահոս