Սթափվեք, եթե ոչ, ապա աչքներիցս չքվե’ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ օրս ՀՀ իշխանությունները չեն կարողանում պարզաբանել, թե ինչ միջոցներից են ամսական մոտ երեքուկես միլիարդ դրամ (շուրջ 7 միլիոն 400 հազար դոլար) հատկացնելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը էլէներգիայի` իրենց կողմից հաստատված նոր եւ հին սակագնի տարբերությունը:

Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, թե այդ գումարները վերցվելու են «անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»: Այս քայլը նա հետեւյալ կերպ էր պատճառաբանել. «Կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում եւ շատ կարեւոր խնդիր»: Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, լրագրողների հարցին ի պատասխան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե ՀԷՑ-ին վճարվելիք փոխհատուցման գումարները պետբյուջեի միջոցներից չեն լինելու: Ի դեպ, լրագրողները նույն հարցը մի քանի անգամ էին տվել եւ ամեն անգամ ստացել նույն պատասխանը. գումարները պետբյուջեի միջոցներից չեն վճարվելու: Լրագրողների նման վերաբերմունքն ամենեւին էլ պատահական չէ, քանի որ նրանց տեսանկյունից Սերժ Սարգսյանի հայտարարության եւ Հովիկ Աբրահամյանի խոսքերի միջեւ հակասություն կա:

Սակայն արդեն ժամանակն է՝ ՀՀ իշխանություններին ասելու «սթափվե՛ք, սթափվե՛ք»: Կարող է, մի փոքր էլ անցնի, ու սկսեք հանուն ՀԷՑ-ի պետական գաղտնիքներ հրապարակել: Անշուշտ, ամենաշատ «սթափվելու» կարիք ունի հենց Սերժ Սարգսյանը: Իրականում նրա հայտարարությունն իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում, քանի որ եթե ստեղծված իրավիճակում նրանք իսկապես հանդգնեն անվտանգության ամրապնդման միջոցներին կպնել, ապա դա կարող է նախադեպ դառնալ այդ գումարները փոշիացնելու համար: Այնպես որ, «սթափվե՛ք», քանի դեռ բոլորը միահամուռ չեն ասել՝ «չքվե՛ք աչքներիցս»:

Իսկ ինչու են ՀՀ իշխանությունները խուսափում ասելու, որ պետբյուջեի միջոցներից են ՀԷՑ-ին վճարելու: Բանն այն է, որ նրանք եւս հասկանում են՝ այդ դեպքում ցուցարարներին առաջարկված «խայծն» ընդհանրապես կորցնում է իր իմաստը: Ի վերջո, պետբյուջեն նույնպես էլէներգիայի սպառողների վճարած հարկերից է գոյանում: Ինչ տարբերություն՝ դու միանգամից ես էլէներգիայի համար թանկ վճարում, թե հարկեր ես վճարում, եւ այդ գումարներից են ՀԷՑ-ին փոխհատուցում տալիս:

Մյուս տարբերակը, որը երկու օր առաջ հնչեցրեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ըստ որի, ՀԷՑ-ին վճարվելիք գումարները նվիրատվությունների հաշվին կվճարվեն, նույնպես չի կարող ընդունելի լինել: Նվիրատվություննները հատկացվում են Հայաստանին, որպեսզի երկրի համար կարեւոր ինչ-որ խնդիրներ լուծվեն, որպեսզի պետությունը զարգացում ապրի: Այդ գումարները չեն տրվում ՀԷՑ-ի թալանած գումարները փոխհատուցելու համար:

Մամուլում արդեն մի քանի օր է՝ ակնարկներ են տեղ գտնում այն մասին, որ ՀԷՑ-ի փոխհատուցումը Կառավարությունը հատկացնելու է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 միլիոն դոլարի վարկից: Ի դեպ, այդ վարկի միջոցներով Հայաստանը պետք է զենք գնի Ռուսաստանից: Այս դեպքում կրկին Հայաստանի սպառողների շահերին հակասող տարբերակի հետ գործ ունենք, քանի որ եթե այսօր վարկային միջոցներից վճարեն, միեւնույն է՝ այդ վարկը տարիներ անց վերադարձվելու է նույն այդ սպառողների վճարած հարկերի հաշվին:
Միակ տարբերակը, որը սպառողների գրպանին չի հարվածի, ՀԷՑ-ի փոխհատուցման գումարները հենց իրենց՝ իշխանության ներկայացուցիչների՝ իրենց գրպաններից վճարելն է:

Ի դեպ, այդ գումարները նույնպես Հայաստանի սպառողներից են թալանվել եւ էլի թալանվելու են: Այս դեպքում դրա մի մասը, թեկուզ ժամանակավոր, կծառայի սպառողների շահերը սպասարկելու համար: Ավելին՝ այդ գումարը կարելի է կոնկրետ պաշտոնյաներից վերցնել, ասեքն՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Ավետիսյանից: Հենց նա է անմիջական, ամենամեծ պատասխանատվությունը կրում ՀԷՑ-ի խայտառակ ձեւով մասնավորեցման եւ այդ ընկերությունում տիրող ալան-թալանի համար: Մի մասն էլ թող Ռոբերտ Քոչարյանը վճարի: Ի վերջո, այդպես էլ անհայտ է մնում, թե ՀԷՑ-ի մասնավորեցման գործարքը Քոչարյանի ընտանիքի կուտակած միլիարդավոր դոլարների որ մասն է կազմում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս