Ոչ մի հովանավոր` կրկեսային մեծ ծրագրի համար

Երեւանում մեկ ամիս շարունակ կրկեսային տոն է լինելու. հյուրախաղերով հանդես է գալու Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսը` նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին: Կրկեսին տեղ է հատկացվել նախկին դելֆինարիումի տարածքում:

Սանկտ Պետերբուրգից ութ մեծ բեռնատար է գալու Երեւան` տեղափոխելով կենդանիներին, անհրաժեշտ պարագաները: Հայաստանյան հանդիսատեսի առջեւ ներկայանալու է դերասանական պրոֆեսիանալ կազմ:

«Ժողովուրդ»-ը Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանից հետաքրքրվեց` արդյոք այս ծրագիրը կանցկացվի նաեւ մարզերում, թե, ինչպես մշակութային միջոցառումների զգալի մասի դեպքում է լինում, մարզերը կանտեսվեն, հատկապես, որ շապիտո-կրկեսի անձնակազմը ժամանակի սղության խնդիր ունի:
«Թեեւ նրանք շատ զբաղված են, այստեղից մտադիր են մեկնել Բելառուս, Մոլդովա` հյուրախաղերի, ես հետները բանակցություններ եմ վարում, որ այդ հյուրախաղերը հետաձգեն, եւ շապիտո-կրկեսը այցելի նաեւ մարզեր, նույնիսկ` Արցախ: Կարծես թե ինձ հաջողվել է նրանց համոզել»,-ասաց Ս.Պետրոսյանը:

Մեր այն դիտարկմանը, թե մարզերի բնակիչները կարոտ են կրկեսին եւ այնտեղ` իրենց լինելու անհրաժեշտությունը մեծ է, գեղարվեստական ղեկավարը համաձայնեց` հավելելով, որ Երեւանի կրկեսին կից խմբերը, լինելով տարբեր մարզերում, ականատես են լինում, թե մարզերի երեխաները որքան շատ են սիրում կրկես եւ որքան դրա կարիքն ունեն. «Շատերը մեզանից իմանում են Լ. Ենգիբարյանի ստուդիայի մասին, գալիս-ընդունվում են, 10-11 հոգի արդեն ընդունվել է: Խոստանում եմ, որ ինձ կհաջողվի շապիտո-կրկեսը տանել մարզեր, ժողովուրդն էլ կտեսնի կենդանիներ, որոնք մենք հիմա չունենք»:

Մեր հարցին, թե մարզերում տեխնիկական խնդիրներ չե՞ն առաջանա, հնարավոր կլինի՞ արդյոք անձնակազմի պահանջները բավարարել, Ս. Պետրոսյանը պատասխանեց, որ շապիտո-կրկեսի դեպքում նման խնդիրներ չեն ծագում. «Մենք ոչ ոքից ոչինչ չենք ուզելու, մեզ հետ տանելու ենք մինչեւ վերջին մեխը: Ամեն բան մեր ուսերին է… Ի դեպ, չունենք նաեւ ոչ մի հովանավոր: Տեսեք` լինում է «Ոսկե ծիրան», համահայկական խաղեր, աջակիցներ են հայտնվում, իսկ այս դժվարին ծրագիրը ոչ մի հովանավոր չունի…Պետք է «տակից դուրս գանք»,-եզրափակեց նա:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ: Շապիտո-կրկեսը Երեւանում հանդես է գալու օգոստոսի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը:

Աննա Բաբաջանյան