Վարդենիսի բաժնի ոստիկանը ծեծի է ենթարկել հորն ու որդուն, ապա նրանց գլխին գործ սարքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «ժողովուրդ»-ն անդրադարձել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպին: Պարզվում է, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի ոստիկանը ծեծի է ենթարկել հորն ու որդուն, վերջում էլ քաղաքացիների գլխին գործ սարքել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ծեծվածները Վարդենիս քաղաքի բնակիչ Հակոբ Թովմասյանն ու նրա որդին են: Ըստ մեր զրուցակցի՝ հուլիսի 28-ին իր որդու հետ դաշտում կարտոֆիլ են ջրել եւ մի կտոր հաց են կերել. «Մի երկու բաժակ էլ բան էինք խմել, երբ վերջացրինք գործը, տղայիս հետ եկանք Վարդենիսի խանութներց մեկը, բան առնեինք ու գնայինք տուն: Մեզնից հետո խանութ մտավ մի ոստիկան, եւ մեր մեջ հերթի համար լեզվակռիվ սկսվեց: Խանութից դուրս եկանք, ու ոստիկանը խանութի մոտ սկսեց ինձ խփել: Որդիս ասաց, թե դու ով ես, որ իմ հորը խփես, ու այսպես սկսվեց վեճը: Ինձ ու որդուս մի լավ ծեծեցին, հիմա էլ բերել են ոստիկանության Վարդենիսի բաժին, ու չգիտենք, թե ինչ է լինելու: Իմ դաշտը մնաց, ջուրը կհելնի, կլցվի, օգնեք մեզ, ինչ անենք»:

Այս մասին Հակոբը մեզ հաղորդեց հենց ոստիկանության բաժնից:
Իհարկե, Հ. Թովմասյանը փոքր-ինչ գինովցած է եղել եւ խանութում հերթի կռիվ է արել, բայց արդյո՞ք ոստիկանը պետք է իրեն այդքան ագրեսիվ պահեր. հա՛մ ծեծեր քաղաքացուն, հա՛մ էլ բաժին բերման ենթարկեր: Չէ՞ որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասում էր, թե բոլորը մեր քույրերն ու եղբայրներն են, եւ նրանց պետք է գրկած բերման ենթարկել: Վարդենիսի ոստիկանապետ Հ. Ղամբարյանը կարծես թե այլ բարքեր է սահմանել:

Իսկ ով է եղել բռնություն ենթարկող ոստիկանը, դեռ պարզ չէ: Հ. Թովմասյանին հավանաբար վախեցրել են, որ անուն չտա. «Ես չգիտեմ՝ ով էր, բայց ոստիկան է, ու նրան Վարդենիսում բոլոր են ճանաչում»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից եւս հրաժարվեցին հայտնել ոստիկանի ով լինելը՝ նշելով, որ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:

Ստացվում է, որ քաղաքացին խանութում իր համար հերթ է կանգնել, ոստիկանը ներս է մտել, վիճաբանություն սարքել, ու այժմ միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Ու եթե քննիչները խիղճները կորցնեն եւ քաղաքացուն մեղադրանք առաջադրեն, նրան սպառնում է ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Հավելենք, որ մեզ հետ զրույցում Հ. Թովմասյանը նշել էր, որ ինքն ու որդին ծեծի արդյունքում վնասվածքներ են ստացել, եւ այս փաստը ոստիկանությունում չեն կարող թաքցնել, եւ նախաքննության ընթացքում նշանակված համապատասխան դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա, թե ով ում է ծեծել: Մնում է միայն քննիչները բարեխիղճ գործեն: Մենք կհետեւենք «մի կաթիլ մեղրի» պատմությանը:

Քնար Մանուկյան




Լրահոս