Կարկուտից տուժածներն առանց օգնության մնացին. փոխհատուցում կստանան միայն ընտրյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերում տեղացած ուժգին կարկուտից վնասներ կրած բնակիչները մինչ օրս ոչ մի տեսակի փոխհատուցում չեն ստացել: Կարկուտից տուժած գյուղապետերը «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ մարզպետարանները վնասի հաշվարկման ակտերը տեւական ժամանակ է` տրամադրել են գյուղատնտեսության նախարարությանը եւ հիմա սպասում են արձագանքին:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ի կեսգիշերին աննախադեպ ուժեղ կարկուտ էր տեղացել ՀՀ Տավուշի մարզի Արճիս, Լճկաձոր, Այրում, Պտղավան, Հաղթանակ, Զորական, Բագրատաշեն, Դեբեդավան եւ Լոռու մարզի Ճոճկան, Շնող, Մեծ Այրում գյուղերում: Մոտ կես ժամ տեղացած կարկուտը գրեթե ամբողջությամբ վնասել էր ոչ միայն ցանքատարածություններն ու պտղատու այգիները, այլեւ տների տանիքները:
Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանի խոսքերով՝ Լոռու մարզպետարանը միջոցներ ձեռնարկել է, բայց գյուղացիները դեռ առարկայական օգնություն չեն ստացել: «Հստակ նորություն չունենք: Գիտենք, որ օրակարգում ներառված է այս հարցը: Գյուղացիներն էլ այս ընթացքում ով ինչպես կարողանում է՝ աշխատանք է ձեռք բերում, որպեսզի անելանելի դրությունից դուրս գա: Ամեն դեպքում, գյուղատնտեսական առումով մարդիկ վատ վիճակում են, որովհետեւ վաճառքի ոչինչ չունեն»,- ներկայացրեց Ճոճկանի գյուղապետը:

Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը դեղձն է, սակայն այս տարի նրանք կարկուտի պատճառով ամբողջովին զրկվել են բերքից: Այս գյուղում 100 տոկոսով վնասվել են ոչ միայն ցանքատարածությունները, պտղատու այգիները, այլեւ կոտրվել են տների տանիքները: Արճիսի գյուղապետ Սեյրան Միկիչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված նկատեց. «Խոստացել են, որ կօգնեն, բայց այս պահին դեռ ոչ մի տեսակի աջակցություն չկա: Խոստացել են նաեւ, որ հակակարկտային կայաններ կտեղադրեն: Բացի այս՝ Կառավարությունը գումար պետք է հատկացնի՝ տանիքների կոտրված շիֆերները փոխարինելու համար: Դե, պատկերացրեք մարդկանց եւ այգիների վիճակը 29 րոպե շարունակ ձվի չափ կարկուտ տեղալուց հետո»:

Գյուղապետ Միկիչյանի պատմելով՝ տեղացած ուժգին կարկուտի հետեւանքով կոտրվել է մոտ 6000 հատ շիֆեր: «Մարդկանց մի մասը կտոր-կտոր հավաքել, կպցրել է, մի մասը շինարարական տենով է կպցրել, մյուս մասը՝ ցելոֆանով: Տեսնենք, թե հետո ինչ կլինի: Ընտանիք էլ կա, որի 120 հատ շիֆրը կոտրվել է, բայց միջոց չունի, որ դրանք փոխի»,- լրացրեց գյուղապետը:

Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի հետ, ով ասաց. «Մեր մարզի երեք համայքներում՝ Շնողում, Մեծ Այրումում, հատկապես Ճոճկանում, մարդկանց մեծ մասի տների տանիքները կոտրվել են: Եւ այս խնդիրը կարգավորելու նպատակով Կառավարության կողմից հաստատված հրատապ ծրագրերով գումար է հատկացվել եւ նախատեսվել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ համայքններին»:

Ջանազյանի խոսքերով՝ 5 մլն դրամ հատկացվել է Ճոճկանին, 2.5 մլն դրամ՝ Շնողին, 1.5 մլն դրամ՝ Մեծ Այրումին: Մարզպետարանի աշխատակիցը հայտնեց, որ գումարը բաժանելիս հաշվի է առնվելու ընտանիքների սոցիալական վիճակը: Այսինքն՝ հիմնական օգնությունը կտրվի սոցիալապես խոցելի խավին, նրանց, ովքեր չունեն տանիք վերանորոգելու հնարավորություն: Պաշտոնյայի ներկայացմամբ` հավանաբար օգոստոսի սկզբին գումարի բաժանման գործընթացը կսկսվի:

«Ժողովուրդ»-ը Ջանազյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ հատկացված գումարը չբավարարի, եւ այդ դեպքում ինչպես կվարվի մարզպետարանը: «Այնտեղ մարդիկ կան, ովքեր ի վիճակի են իրենց տան տանիքները վերանորոգել: Իսկ աջակցություն կստանան այն ընտանիքները, ովքեր չեն կարող տանիքը կառուցել, դրանց մեջ են մտնում ծերերը, բազմազավակ ընտանիքները եւ այլն»,- ներկայացրեց պաշտոնյան: Մինչդեռ կարկուտից տուժած բնակիչները պնդում են, թե նախապես խոստացել են, որ աջակցություն կստանան բոլորը` անկախ նրանից՝ ի վիճակի են տանիք վերակառուցելու, թե ոչ:

«Ընդամենը օգնության կարգով Կառավարությունն իր ֆինանսական աջակցությունը հնարավորինս տրամադրում է: Այստեղ ո՛չ պետությունը եւ ո՛չ էլ Կառավարությունը պարտավորություն չունեն մարդու սեփական ունեցվածքը վերանորգելու համար օգնություն տալ: Դա մարդու սեփականությունն է, եւ նա է պարտավոր իր սեփականությունը վերականգնել իր սեփական միջոցներով: Իսկ հատկացվող գումարի չափը եկել է պետբյուջեի ֆինանսական հնարավորությունից»,- արդարացավ Ջանազյանը:

Իսկ, ահա, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը մեծ ափսոսանքով նկատեց, որ Կառավարությունն առայժմ ոչնչով չի օգնել գյուղացիներին: «Վնասները հաշվարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովը ակտավորել է վնասների չափը եւ ուղարկել գյուղատնտեսության նախարարություն: Հետո տեղյակ չենք: Սպասում ենք: Միայն կարող եմ ասել, որ տեղացած կարկուտի հետեւանքով տուժել են ցորենի, կարտոֆիլի հողատարածքները, պտղատու այգիները: Ավելի շատ վնասներ կրել են ճոճկանցիները»,- հավելեց Հակոբյանը:

Նկատենք, որ փոխհատուցումների հարցում Կառավարության նման դանդաղկոտությունը որեւէ արդարացում չունի, ի վերջո, տարվա կտրվածքով իրենց հիմնական եկամտի աղբյուրից` աճեցրած բերքից զրկված գյուղացիներին օպերատիվ կերպով փոխհատուցելու դեպքում նրանցից շատերը կկարողանային նոր ցանքս կատարել` մասամբ մեղմելով կատարվածից կրած իրենց կորուստները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս