Այսօր հայ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1946 թվականի օգոստոսի 1-ին Բեյրութում ծնվել է հայ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը: Նա կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և նկարիչ Մհեր Մանսուրյանի քույրն է, ՀՀ վաստակավոր արտիստ‌ Շուշան Պետրոսյանի մայրը։
Արաքս Մանսուրյանը 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1977-1992 թթ.` Երևանի օպերայի և բալետի, 1992 թվականից` Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի։

araqs mansuryan

Դերերգերից են` Էլիզաբեթ («Դոն Կարլոս»), Նեդդա («Պայացներ»), Լեոնորա («Տրուբադուր»), Աիդա («Աիդա»), Շուշան («Դավիթ-Բեկ»), Անուշ («Անուշ»)։ Վերջին դերերգը կատարել է նաև Թբիլիսիի օպերային թատրոնում, Թումանյանի ծննդավայր Լոռիում և 1989 թվականին` ԱՄՆ-ում։

Մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում` ծրագրում եվրոպական երգահանների կողքին ունենալով Կոմիտաս, հոգևոր միջնադարյան երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ։

424974829

Բնակվում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում և հանդիսանում է Սիդնեյ Օպերա Հաուսի մենակատար, ուր հանդես է գալիս այնպիսի դերերգերով, ինչպիսիք են` Լիու («Տուրանդոտ»), Աիդա («Աիդա»), Ֆլորիա Տոսկա («Տոսկա»), Դեզդեմոնա («Օթելլո»), Միմի («Բոհեմ»), Կատյա Կաբանովա («Կատյա Կաբանովա»), Սանտուցցա («Գեղջկական ասպետություն»), Ֆատա Միրգանա («Սերն առ երեք նարինջներ»), Էլիզաբեթ Վալուա («Դոն Կարլոս»), Էլիզաբեթ («Տանհոյզեր»), Մադլոն («Անդրե Շենյե»), Կոստանիչկա («Ենուֆա»), Կունդրի («Պարսիֆալ»), Ամելի Գրիմալդի («Սիմոն Բոկանեգրա»), Ամելիա («Դիմակահանդես»), Իզոլդա («Տրիստան և Իզոլդա»), Լեոնորա («Ճակատագրի ուժը») և այլն։

Դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում` օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ։ Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկերում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի և այլ հայ երաժիշտների ստեղծագործություններ։

2015 թվականին Առաջին հանրապետության տոնի առթիվ Արաքս Մանսուրյանին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ:

 




Լրահոս