ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող ծրագրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տարբեր ոլորտների համար պատասխանատու փոխտեղակալներ Ջերեմի Բրեների, Ռոբ Բերշինսկիի, Ջոն Հեֆերնի, Թոդ Չափմանի, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի տարածաշրջանային հարցերի տնօրեններ Սելեստ Վոլանդերի և Վիկտորիա Թեյլորի, ինչպես նաև ԱՄՆ հայ համայնքի լոբբիստական կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող հարցեր, պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել մարդասիրական ականազերծման, խաղաղապահ կարողությունների զարգացման, ռազմակրթական, զինված ուժերում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդման, պաշտպանական բարեփոխումների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին: Կողմերը վերահաստատել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի շրջանակներում համատեղ հանձնառությունների կատարման և նոր հանձնառությունների ստանձման պատրաստակամությունը:

Ամերիկյան կողմը հաստատել է, որ հետամուտ է լինելու շարունակելու աջակցությունը ներկայումս իրականացվող բոլոր ծրագրերին և նոր նախաձեռնություններին՝ բարձր գնահատելով ինչպես պաշտպանական բարեփոխումների, փոխգործունակ կարողությունների զարգացման, այնպես էլ զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդման ծրագրերի շրջանակներում ունեցած ձեռբերումները:




Լրահոս