«Նմանատիպ մի սպանություն էլ է լինելու». դեպքից առաջ Անի Մաջնունյանի մոտ է գտնվել Գաբրիել Փանյանի ուղարկած աղջիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որպես նարեկաբույժ, էքստրասենս, խիրոմանտ (ափագիտություն) հայտնի Անի Մաջնունյանի սպանությունը, կարծես, բացահայտված է համարվում: Պաշտոնական հայտարարության համաձայն, պարզվել են սպանության հանգամանքները, հայտնի են դարձել մի շարք մանրամասներ: Սպանության մեղադրանքով 2 ամսով կալանավորվել է Մուշեղ Մխիթարյանը, կամ, ինչպես շատերն են ասում, Մխիթար Մուշեղյանը:

Այդուհանդերձ, շատ հարցեր դեռևս չեն ստացել իրենց պատասխանները: Ավելին, յուրաքանչյուր նոր հանգամանքի ի հայտ գալուն պես առաջ են գալիս նորանոր հարցեր:

Armlur.am-ը ստեղծված իրավիճակի և մինչ այժմ ձեռք բերված փաստերի և եղած վարկածների մասին խոսեց մոգ, «6-րդ զգայարան» հաղորդաշարում Անի Մաջնունյանի գործընկեր, նրա նախկին կողակից Գաբրիել Փանյանի հետ: Վերջինս, պարզվեց, ոչ միայն տիրապետում է դեռևս չհրապարակված որոշ մանրամասների, այլև կատարվածի շուրջ ունի սեփական դիրքորոշում:

-Պարոն Փանյա՛ն, հավատո՞ւմ  եք սպանության բացահայտման վարկածին:

-Այո՛: Գործը բացահայտված է: Երևի թե դա հենց նրա շահերից է բխում: Ավելի լավ է՝ նա փակի տակ լինի: Հակառակ դեպքում ես նրան կհասնեմ, այդ ժամանակ Դուք հաստատ սերիական հանցագործություն կունենաք (ծիծաղում է)… Մինչդեռ, ես կարծում եմ, որ սա Մուշեղը անել չէր կարող: Նման կերպ սպանելու համար պետք է պրոֆեսիոնալ լինել, լավ պատրաստված:

-Ձեր խոսքերի մեջ, կարծես, հակասություն կա: Դուք ասում եք, որ գործը պետք է բացահայտված համարել, միևնույն ժամանակ նկատում եք, որ նման ոճրագործության համար պետք է լավ պատրաստված լինել, իսկ Մուշեղը, կարծես, այնքան էլ լավ պատրաստվածի տպավորություն չէր թողնում:

-Հիշեք մի բան՝ սա հաստատ երկար չի ապրելու: Նա կա՛մ բանտախցում կկախի ինքն իրեն, կա՛մ ապուրով կթունավորվի: Ա՛յ հիմա ես կասեմ. ես կանխազգում եմ, որ նմանատիպ ևս մի սպանություն է լինելու: Հնարավոր է՝ մեր նախագծի անդամներից մեկը, հնարավոր է այլ գուշակ: Բայց մի բան հիշեք, Անիի հետևից գնացող մարդը արտաքին տվյալներով կհապատասխանի նրան: Նա կլինի կարճահասակ և հենց ա՛յս բնագավառից: Եթե դա լինի, ուրմեն՝ մենք բռնել ենք ոչ այն մարդուն:

-Զարմանալի չէ՞, որ այսքան արագ հնարավոր եղավ բացահայտել սպանությունը, մանավանդ, որ դեպքից հետո Անիի հարազատները որևէ մեկին չէին կասկածում: Միաբերան կրկնում էին, թե նա թշնամիներ չուներ: Իսկ մեղադրվողի անձնական տվյալներում բավականին շատ հակասություններ կան:

-Իրավապահ մարմինների բոլոր ուժերը կենտրոնացած էին դեպքի բացահայտման ուղղությամբ, ուստի զարմանալի չէ, որ համեմատաբար կարճ ժամանակում գործը բացահայտվեց: Չէր կարող արագ չբացահայտվել, քանի որ նա իր հետևից հեռախոս էր թողել, որից հանված է եղել սիմ քարտն ու մարտկոցը: Նա ամենակարևոր բանն է թողել՝ պլանշետը, որում եղել է իր իսկ լուսանկարները: Ո՞ր գիտակից մարդը կթողներ այն  իրը, որը կտանի հենց իր մոտ: Եթե աֆեկտ է, ապա շատ հետաքրքիր է: Նա թողնում է բանալին, զենքը, մոտակա եկեղեցու մոտ վառում է իր արյունոտված շորերը, վառում է սիմերն ու մարտկոցները… Այդ ինչպե՞ս: Վերքերի տեսքն է շատ հետաքրքրիր. դրանք խորը չեն: Իսկ սա խոսում է այն մասին, որ մարդը, ով հանցանք է գործել, կին է: Կինը մինչև վերջ դանակը խրել չի կարող: Հետո էլ, երբ հեռուստաաստղին առանց որևէ պատճառի գազանաբար սպանում են, հայտնվում են այլ մարդիկ ևս, որոնք ցանկանում են օգնել:

Այլ մարդիկ ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք: Դուք և՞ս փնտրել եք մարդասպանին:

-Այո՛: Մենք կասկածյալ ունեինք: Տարբեր վարկածներ կային:

Ի սկզբանե կասկածյալը նույն անձը չէ՞ր, ով այս պահին կալանավորված է:

-Ոչ, սկզբում մենք երկու այլ անձանց էինք կասկածում: Սակայն, ի ուրախություն նրանց, կասկածները չփարատվեցին:

Ովքե՞ր էինք նրանք:

-Չեմ կարող ասել: Նրանք այլևս գործի մաս չեն կազմում: Հետո էլ՝ տխմարները մեր քաղաքում հերիքացնում են. կարծում են՝  «մանյակը» ես եմ:

Ի՞նչն է պատճառը, որ մարդկանց մոտ նման կարծիք է ձևավորվել:

-Չեմ պատկերացնում:

-Իսկ Դուք անձամբ ճանաչե՞լ եք Անիի սպանության մեջ  մեղադրվող Մուշեղ Մխիթարյանին:

-Չէ՛:

Ասում են՝ նա թատրոնի հիմնադիր-տնօրեն է…

-Նա ոչ մի բանի տնօրեն էլ չէ: Նա սովորական, պրոֆեսիոնալ խաբեբա է: Նա անգամ պրոֆեսիոնալ չէ: Նա մարդ է, ով շատ պարտքեր ունի, ով սկզբունքներ, նպատակներ, ոչինչ չունի:

-Այս ամենը դեպքից հետո՞ եք բացահայտել:

-Սկզբունքորեն այո, որովհետև դրանից առաջ նրան ոչ ոք չի էլ ճանաչել: Սրան գումարած՝ նա ոչ թե սիրեկանի կարգավիճակում է եղել, այլ՝ հաճախորդի:

-Բայց խոսակցություններ կան, որ Մուշեղն ու Անին այնքան մտերիմ են եղել, որ բավականին հաճախ են հանդիպել: Արդյոք սովորական հաճախորդը կարո՞ղ էր նման հաճախականությամբ այցելել Անիին:

-Ես էլ ունեմ հաճախորդներ, որոնք օրվա մեջ մի քանի անգամ կարող են գալ-գնալ: Բայց դա չի նշանակում, որ պիտի թուր-թվանք առնեն, գան մորթեն: Իհարկե, ես չեմ բացառում, որ նրանք կարող էին մտերիմ լինել: Ի դեպ, մենք վկա ունենք, ով գտնվել է հենց դեպքի վայրում:

-Խոսքը այն աղջկա մասի՞ն է, ով Մուշեղի հետ, ըստ նախնական տեղեկությունների, մտել է Անիի բնակարան:

-Ո՛չ, խոսքը միանգամայն այլ աղջկա մասին է: Եղել է այլ վկա ևս, ում հենց ես էի ուղարկել Անիի բնակարան:

-Ինչո՞ւ եք ուղարկել այդ աղջկան Անիի մոտ:

-Մարդուն պրոֆեսիոնալ օգնություն էր անհրաժեշտ: Եվ նրան կարող էր օգնել հենց Անին: Այդ աղջիկը իմ հեռախոսով Անիի հետ պայմանավորվեց երեկոյան ժամը 9-ին, ժամանեց այնտեղ, նրանք մի փոքր շփվեցին՝ 11:30-11:40: Որից հետո հայտնվեց այդ «սմբակավոր ձին»: Ու այդ աղջիկը նրան տեսել է: Բայց քանի որ մեր վկան մի քիչ не в себе, ընդհանուր դիմագծերը հիշել է, բայց պարզ չէր կարողանում տեղը բերել: Ըստ նկարագրածի՝ միանգամից երկու կասկածյալ հայտնվեց: Մեկին ես ականջներից բռնած բերեցի, ու մինչև բերեցի, նա այլևս «պետք չէր»:

Ստացվում է, որ Ձեր ուղարկած մարդը դեպքի ժամանա՞կ է եղել Անիի բնակարանում:

-Ո՛չ, նա եղել է այն ժամանակ, երբ այդ Մուշեղ կոչեցյալը նոր մտել է այնտեղ: Լպիրշ ձևով նստել է բազմոցին, իրեն զգացել է, ինչպես իր տանը:

Այդ դեպքում ինչո՞ւ է Ձեր ուղարկած աղջիկը համարվում վկա: Նա չի՞ տեսել Անիին հարվածելու պահը:

-Ո՛չ: Դուք խոսում եք Աննայի մասին, ով Մուշեղի հետ այնտեղ է գնացել: Մարդասպանն այնտեղ է գնացել երկու անգամ: Մի անգամ միայնակ է, երկրորդ անգամ՝ այդ աղջկա հետ: Նրան թողել է աստիճաններին ու արել է իր գործը: Իսկ երբ այդ աղջկան հետաքրքրել է՝ ինչու է ուշանում Մուշեղը, ներս է մտել, ու պատկերացրեք՝ 18 տարեկան աղջիկը տեսել է լրիվ արյունոտված Մուշեղին: Ужас: Ու Մուշեղն այդ աղջկան սպառնացել է՝ վիզդ կկտրեմ, եթե ձեն հանես:

Շարունակելի…

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս