Ինչ անել` աղիքային վարակներից խուսափելու համար. խորհուրդներ Առողջապահության նախարարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսների ընթացքում բնակչության շրջանում ակտիվացել են աղիքային վարակները: Դրանց արձանագրման համար այսօր առկա են բոլոր նպաստավոր պայմանները` աղիքային վարակների ամառային սեզոնայնություն՝ հատկապես վերջին օրերին օդի բարձր ջերմաստիճանի առկայություն, ինչպես նաև՝ սննդային և ջրային գործոններ, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է՝

– խուսափել կրեմային հրուշակեղեն, ինչպես նաև թթվասերով կամ մայոնեզով աղցաններ օգտագործելուց,

– սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործել միայն հոսող, մաքուր ջրով լվանալուց հետո,

– սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,

– գնումենր կատարելիս ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,

– չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ըմպելիքներ, հյութեր, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

– բացառել տեղում կամ արագ պատրաստվող սննդի օգտագործումը,

– սնունդը պատրաստել փոքր չափաբաժիններով, լավ եփել կամ տապակել՝ դրանք պահելով փակ ամաններում և սառնարանում,

– հում սննդամթերքն առանձնացնել եփածից,

– խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը՝ ձեռքերը լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,

– չգնել պատահական վայրերից պահածոներ, սունկ,

– եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո,

– խմելու ջրի մատակարարման անջատումների դեպքում խուսափել պատահական վայրերից բերված ջրի օգտագործումից,

– խմելու ջրի որակի փոփոխությունների (համ, հոտ, պղտորություն) դեպքում անմիջապես ահազանգել և՛ ՀՀ առողջապահության նախարարություն, և՛ տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին,

– երեխաներին արգելել լողալ դեկորատիվ ջրավազաններում:

Հիշեցնենք, որ աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններն են լուծը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ։

Առողջապահության նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, խուսափել անհարկի հակաբիոտիկներ օգտագործելուց և անմիջապես դիմել բժշկական օգնության։




Լրահոս