Ո՞ւր անհետացավ տաքսին, որ զինված Պերմյակովին Ավետիսյանների տուն էր հասցրել. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Օգոստոսի 12-ին 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` զենքով դասալքության, զենք եւ զինամթերք գողանալու եւ դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության եւ կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Բայց այս պատիժը նրա համար էական չէ, քանի որ Պերմյակովը դեռ պետք է դատվի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով: Այդ ուղղությամբ նախաքննությունը դեռ չի ավարտվել, դատական նիստի ժամկետները դեռ հայտնի չեն:

Տաքսու պատմությունն այս գործում անչափ էական է: Այսինքն, Պերմյակովը եթե ոչ Ավետիսյանների տուն, ապա գոնե այդ փողոց է հասել տաքսիով, այստեղ պատահականության գործոնը գրեթե բացառվում է. պետք էր չէ՞ տաքսուն
կոնկրետ հասցե տալ, թե ուր էր ցանկանում գնալ: Հետո էլ՝ վարորդը տեսնում էր չէ՞, որ
զինված ուղեւորի է տեղափոխում: Եվ, վերջապես, եթե նպատակը փախչելն էր, ապա
նախ կթալաներ վարորդին եւ նրա մեքենայով էլ կհասներ սահման, այն էլ՝ վրացական,
որն անցնելն անհամեմատ ավելի հեշտ էր, քան թուրքականը:

Դաժանաբար սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը` տիկին Ռիտան, ով առաջինն է տեսել Ավետիսյաններին` սպանված վիճակում, մեզ հետ զրույցում իր հերթին ասաց, որ
իրենք եւս դեպքի հաջորդ օրը լսել են այդ մասին. «Առաջին օրը խոսվել է, որ ինչ-որ վարորդ ասել է, որ տվյալ տեղը ոճրագործին երկրորդ անգամ է μերում, μայց թե ո՞վ է, եւ
ինչո՞ւ է բերել նրան, այդպես էլ չիմացանք: Քանի որ դեպքից մի քանի օր հետո արդեն
դրա մասին այլեւս ոչինչ չխոսվեց, հնարավոր է` վախեցրել են, որովհետեւ տարօրինակ է, որ էդ մի օրը տաքսու վարորդը ելավ, հետո կորավ ու կորավ, նույնիսկ այդ տաքսին էլ դեպքի հաջորդող օրերին այլեւս
չկար քաղաքում:

– Պերմյակովի ցուցմունքների համաձայն՝ նա մտել է հենց Ավետիսյանների տուն, որովհետեւ միակ բաց դարպասն է գտել: Տեղյա՞կ եք, նրանք առհասարակ փակո՞ւմ էին դրսի դուռը, թե ոչ:

– Չէ, նրանք միշտ փակում էին դարպասները. հնարավոր չէ, որ իրենք «վառոտները» բաց թողնեին: Կարող է` ընդհանուր փականով փակած չլինեին, բայց կար փոքրիկ
փական, որն անպայման ֆռացնում, փակում էին: Բայց որ բաց թողած լինեին, դա սուտ է: Հետո էլ՝ էդ նույն փողոցի վրա էնքան անտեր դռներ կային, որ մի հատ հենվեիր, ինքն իրեն կբացվեր: Մենք համոզված ենք, որ Պերմյակովը մենակ չի գործել, մենք դատավարության ընթացքում էլ համոզվեցինք, որ նա այդ տեսակ մարդասպանի նման չէր: Հետո փաստ է, որ մարդիկ քնել են տարբեր սենյակներում, ու եթե ինքը այդ տանն ընդհանրապես ծանոթ չէր, ինչպե՞ս կարողացավ իմանալ, որ տարբեր սենյակներում մարդիկ կան քնած: Պարզ է, որ նրան ինչ-որ մեկը մատնացույց է արել քրոջս տունը: Հետո էլ հաստատ քույրս քնած չէր լինի, որովհետեւ իր ստամոքսը ցավում էր երկու օր շարունակ ու գիշերները հանգիստ քնել չէր կարողանում: Մեզ միայն մի բան է տանջում ու ուզում ենք, որ գոնե դատավարության ընթացքում էդ ոճրագործն ասի, թե ինչու հենց քրոջս տունը, ինչու հենց Ավետիսյանների ընտանիքը վերացրեց, ոխակալությո՞ւն կար, թշնամա՞նք…»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս