Կենսափորձ չունեցող երգիչը կարողանո՞ւմ է փոխարինել Սարգիս Մանուկյանին. պատասխան` երկրպագուների հարցերին (ֆոտո)

Կենսափորձ չունեցող երգիչը կարողանո՞ւմ է փոխարինել Սարգիս Մանուկյանին. պատասխան` երկրպագուների հարցերին (ֆոտո)

«Ժողովուրդ»-ը շարունակում է, ընդառաջ գնալով երկրպագուների խնդրանքներին, հետեւելով նրանց սոցցանցային քննարկումներին եւ մեզ ուղարկած նամակներին` իրենց հետաքրքրող եւ հուզող հարցերն ուղղել այս կամ այն հանրային անձի: Այս անգամ խոսքը ոչ թե մեկ անձի, այլ խմբի` «Empyray»-ի մասին է:

gisane

Անդրադառնալով խմբի ստեղծագործական կյանքին առնչվող նորություններին` երաժիշտ, «Empyray» ռոք խմբի ստեղնահար Գիսանե Պալյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են «Եթե անգամ ուշանամ» երգի հիման վրա նոր տեսահոլովակ նկարահանել եւ աշնանն այն ներկայացնել հանդիսատեսին: Բացի դրանից` խումբը պատրաստվում է համերգային ծրագրով հանդես գալ Հայաստանում եւ արտերկրում. մանրամասներ, սակայն, Գիսանեն դեռեւս չհայտնեց: Նրա խոսքով` իրենք նաեւ նախագծել են մի պլան, ըստ որի՝ հին հայկական մոռացված երգերը, օրինակ` «Արի, իմ սոխակ»-ը, մտադիր են մշակել եւ նորովի մատուցել ունկնդրին:

Երկրպագուներին հուզող այն հարցին, թե խմբի նախկին մենակատար Սարգիս Մանուկյանի հեռանալուց հետո արդյոք «Empyray»-ի ներսում կոլապս տեղի չունեցավ, եւ արդյոք կենսափորձ չունեցող, երիտասարդ երգիչ Սուրեն Պողոսովը կարողանում է փոխարինել Սարգիսին, Գիսանե Պալյանը պատասխանեց` քանի որ «Empyray»-ը մի ամբողջ ստեղծագործական խումբ է, մեկ հոգու հեռանալը չի կարող կործանել խումբը կամ, հակառակը, չազդել խմբի գործունեության վրա:

sargis

«Սարգիսի դերը խմբում շատ մեծ էր, նրա հեռանալուց հետո մի պահ նույնիսկ շոկային վիճակ էր, բայց մենք` երաժիշտներս, վստահ էինք, որ խումբը պետք է շարունակի գործել նոր ձեռագրով: Ուստի փորձեցինք գտնել ոչ թե Սարգիսի տվյալներով մեկին, այլ իրենից տարբերվող երգչի: Սուրենն ունի ժամանակակից մոտեցումներ, նա լավ է զգում իր ժամանակը: Ինչ վերաբերում է կենսափորձին, ապա ոչ ոք չգիտի` Սարգիս Մանուկյանը 20 տարեկանում ինչպես էր երգում: Պարզ է, որ երգիչը տարիների ընթացքում է կենսափորձ ձեռք բերում, զարգանում: Ի դեպ, Սուրենը երաժիշտ չէ, չնայած որ շատ լավ կիթառահար է. նա մասնագիտությամբ փիլիսոփա է, խորը անձնավորություն. այդ հանգամանքն օգնում է լավ աշխատել»:

Երկրպագուներին հետաքրքրում է մեկ այլ հարց եւս` ինչո՞ւ Սուրեն Պողոսովը շատ չի երեւում հանրային վայրերում, չի մասնակցում միջոցառումների. նրան` որպես անհատականության, ժողովուրդը դեռ չի ճանաչում. «Ով մասնակցել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերին, պարտադիր կհիշի Սուրենին. այնտեղ ժողովուրդը տեսավ նրան, ճանաչեց եւ սիրեց: Նա իր երգերով ոգեւորում էր երիտասարդներին, օր ու գիշեր նրանց հետ էր, այնպես որ, ես չեմ կարող համաձայնել, թե Սուրենը պասիվ հասարակական կյանքով է ապրում»,-եզրափակեց Գ.Պալյանը:

Աննա Բաբաջանյան