Փորձում են դիմակայել «արհավիրքներին». «Հուսո առագաստը» շարունակում է «թեւածել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հուսո Առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնը մեկնարկել էր դեռ նախորդ ամսվա` հուլիսի 31-ին, Սեւանում, որտեղ տեղի էր ունեցել նախնական փուլը: Օգոստոսի 26-28-ն էլ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը Հայաստանի Կոմպոզիտորների միության «Երգի փառատոն-2015» մեգանախագծի շրջանակներում կկայանա փառատոնի եզրափակիչ փուլն ու գալա-համերգը:

Ժյուրիի կողմից ընտրված մասնակիցներին կմիանան նաեւ Երեւանում օգստոսի 24-ին Կոմպոզիտորների միության դահլիճում կայացած լսումների փուլը հաղթահարած երաժիշտները, որոնք էլ կներկայանան փառատոնի երկրորդ փուլին: Ընտրված լավագույն 10 մասնակիցները Բարդ ակումբի` թվով 15 անդամ-երաժիշտների հետ կմասնակցեն օգոստոսի 27-ին կայանալիք գալա-համերգին, որին կմասնակցի նաեւ Ռուբեն Հախվերդյանը:

Փառատոնի կազմակերպիչ, երգահան Վախթանգ Հարությունյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ փառատոնի մասնակիցները հիմնականում պատկանում են 22-30 տարիքային շեմին: «Փորձը ցույց է տալիս, որ ամեն սերնդից 3-4 հոգի մասնակից կան, որոնք փորձում են դիմակայել շուրջը տիրող «արհավիրքներին» եւ մնալ իրենց դիրքերում: Մենք անում ենք ամեն բան` փառատոնի մասնակիցներին քաջալերելու, երաժշտական դաշտին ինտեգրելու համար: Իսկ թե ինչ արդյունքներ կունենա փառատոնը, դեռեւս վաղ է ասել: Ցավոք, մենք չունենք պետական աջակցություն, հուսով ենք, որ պետական այրերը հաջորդ անգամ շահագրգիռ կլինեն օգնելու մեզ` փառատոնի շրջանակները լայնացնելու հարցում»,-ասաց Վ. Հարությունյանը:

Նա ուրախությամբ փաստեց, որ մասնակիցների թվում կան շատ տաղանդավոր բարդեր. «Կմնան նրանք այնպիսին, ինչպիսին կան, կպահեն իրենց դեմքը, թե կկորցնեն` ժամանակը ցույց կտա: Համենայն դեպս, բարդերը պետք է սեփական խղճին դեմ չգնան»,-նկատեց նա:

Երգահանը հավելեց, որ փառատոնի լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան ձայնագրելու լավագույն երգերի տասնյակ, հանդես գալու Բարդերի ակումբում, մասնակցելու հետագայում կազմակերպվելիք մշակութային միջոցառումներին:

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ անհայտ, բայց տաղանդավոր հեղինակ-կատարողների թվում մեծ թիվ են կազմում նաեւ իր տարեկիցները` միջին սերնդի ներկայացուցիչները. «Կան այնպիսի երգահաններ, որոնք մեզ ոչնչով չեն զիջում, պարզապես պրոպագանդված չեն: Ուստի հեռուստաընկերություններին խորհուրդ կտայի պրոպագանդել հեղինակ-կատարողների ստեղծագործությունները: Առհասարակ, նույնիսկ գիգանտ հեղինակ-կատարողների, հենց օրինակ` Ռուբեն Հախվերդյանի երգերը հազվադեպ են հնչում հեռուստատեսությամբ»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս