Բժշկական սխալի հետևանքով հերթական մահը հիվանդանոցում. դեռ քանի՞ դեպք պետք է գրանցվի, որ ոլորտի պատասխանատուները տեղից շարժվեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ ճիշտ այն ժամանակ, երբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել էր Երեւանի թիվ 8 դպրոց եւ ուսուցիչների հետ լուսանկարվելու համար տարբեր դիրքեր էր ընդունում, մայրաքաղաքում երիտասարդ կնոջ` երեք անչափահաս երեխաների մոր մահվան հերթական դեպքն արձանագրվեց: Վարդենիսի բնակիչ 39-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան փաստն արձանագրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սակայն մահվան պատճառ դարձած վիրահատությունը կատարվել է «Մոր եւ մանկան առողջության պահպանման» բժշկական կենտրոնում՝ Մարգարյան հիվանդանոցում: Կինը երկու շաբաթ առաջ, այսպես կոչված, փակ եղանակով շարքային վիրահատության է ենթարկվել, սակայն վիրահատությունը ճիշտ չի ընթացել, եւ լաբորոսկոպիայի ընթացքում վնասվել են այլ առողջ օրգաններ: Դրանից հետո Կարինե Աղաբեկյանին անմիջապես տեղափոխել են «Էրեբունի» բ/կ, որտեղ բժիշկները մոտ երկու շաբաթ պայքարելուց հետո այդպես էլ չեն կարողացել փրկել կնոջ կյանքը, եւ երեկ նա մահացել է:

Հետաքրքիր է՝ նման քանի՞ դեպք պետք է արձանագրվի, որ ոլորտի պատասխանատուները եւ, մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, տեղից շարժվեն՝ սկսելու կատարել իրենց պարտականությունները: Հիվանդանոցներում բժիշկների ապաշնորհության պատճառով անիմաստ մահերը սովորական են դարձել մեր առօրյայում: Մինչեւ ե՞րբ պետք է ՀՀ շարքային քաղաքացին «մատաղ լինի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս