Ինքն ինձ ասել է, որ ցանկանում է` մեր հարաբերություններն ավելի լրջանան. ինչ է պատմում անչափահասին բռնաբարելու մեջ մեղադրվող երիտասարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու շաբաթ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 22-ամյա երիտասարդ՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու կասկածանքով։

Այսօր արդեն Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երիտասարդը ստորագրությամբ ազատ է արձակվել: Նախաքննությունը շարունակվում է:

Տեղեկացնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` անչափահասի հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու, սեռական բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Կապանի 22-ամյա բնակիչը 2015 թ. փետրվար-մայիս ամիսներին պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած անչափահասի հետ։

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է այս տարվա օգոստոսի 17-ին։

Armlur.am-ը կատարվածի շուրջ զրուցեց կապանցի երիտասարդի հետ, ում անունը հասկանալի պատճառներով չենք նշում: Մեր զրուցակիցը հայտնեց, որ ինքը և գործով որպես տուժող ներգրավված անչափահաս աղջիկը որևէ խնդիր չունեն իրար հետ, ավելին` զույգը պատրաստվում է ամուսնանալ:

Ըստ երիտասարդի` ինքը դեպքի պահին չի պատկերացրել, որ ամեն ինչ կարող է նման ընթացք ունենալ` քրեական գործի հարուցում, ձերբակալություն, մեղադրյալի կարգավիճակ. «Ես իր հետ ընկերություն եմ արել երկար ժամանակ: Մենք հիմա պատրաստվում ենք ամուսնանալ, Ռուսաստան գնալ: Հիմիկվա դրությամբ ինքն իմ դեմ բողոք չունի: Բողոքը նրա մայրն է ներկայացրել, նա էլ դեմ չէ, որ ամուսնանամ իր դստեր հետ, ով շուտով 16 տարեկան կդառնա: Ու ինքն էլ ինձ ասել է, որ սիրում է ինձ, ցանկանում է մեր հարաբերություններն ավելի լրջանան: Պարզապես ես չէի պատկերացնում, որ այսպիսի բաներ կլինեն, նման պատմության մեջ կընկնեմ»,- պատմեց երիտասարդը:

Վերջինիս փոխանցմամբ` ձերբակալումից հետո նա երկու օր շարունակ ցուցմունք չի տվել, առաջադրված մեղադրանքը չի ընդունել, միայն ասել է, որ ինքը որևէ բան չի արել: Երկու օր անց միայն գիտակցել է, որ վաղ թե ուշ պետք է խոսի և պատմել է ողջ եղելությունը: Երիտասարդի խոսքով, եթե ինքը նպատակադրվեր մինչև վերջ հրաժարվել իրեն առաջադրված մեղադրանքից, կարող էր հասնել դրան, սակայն միևնույն ժամանակ հասկացել է, որ տուժողին չի կարող ստեղծված իրավիճակում միայնակ թողնել, մանավանդ, որ իրադարձությունների զարգացումն անակնկալի էր բերել երկուսին էլ:

Ավելին, մեղադրյալը հայտնեց, որ ինքը վստահ է` պատիժ այնուամենայնիվ կկրի. «99%-ով ինձ կմեղադրեն: Չեմ կարող ասել` դատավորն ինչ կորոշի, բայց գիտակցում եմ, որ պատիժ կլինի: Բայց էլի եմ ասում` եթե իմանայի, որ իմ արածը հանցագործություն է, չէի անի»:

Հիմա մնում է սպասել զարգացումներին և դատարանի վճռին: Կկարողանան արդյոք սիրեցյալներն անխափան համատեղ կյանք սկսել, ցույց կտա ժամանակը:




Լրահոս