Շուրջ 6 ամիս քննված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության հիշյալ բաժին են բերման ենթարկել Լիաննա Կ.-ին, ով ինքնախոստովանական բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. դեկտեմբերին ինքը, պատուհանի փեղկը հրել-բացելու միջոցով, մուտք է գործել հարևանուհի Գոհարիկ Գ.-ի բնակարան, և ննջասենյակից գողացել 78 հազ. ՀՀ դրամ գումար, սակայն 2 օր անց գողացած գումարը վերադարձրել է Գոհարիկ Գ.-ին: Վերջինս հետաքննության մարմնին հայտնել է, որ իր բնակարանից գողացվել է ոչ թե 78 հազ. ՀՀ դրամ, այլ 38 հազ. ՀՀ դրամ, որն էլ Լիաննա Կ.-ի մայրը 2 օր անց վերադարձրել է իրեն, Armlur.am-ին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ և քննության ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Շուրջ 6 ամիս կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերին Լիաննա Կ.-ն մոր ու աղջկա հետ մասնակցել է Գոհարիկ Գ.-ի տանը կազմակերպած խնջույքին: Այդ ժամանակ, երբ Լիաննա Կ.-ն ննջասենյակում միայնակ է մնացել և նկատելով հատակին ընկած գումարը, վերցրել է, ապա միացել հյուրերին: Խնջույքի ավարտից հետո, նրանց տուն է այցելել Գոհարիկ Գ.-ն և հայտնել, որ իրեն պատկանող 38 հազ. ՀՀ դրամը կորել է: Այդ ժամանակ ինքն ամաչել է և չի տեղեկացրել, որ գումարն ինքն է վերցրել: Հաջորդ օրը ինքը հանդիպել է Գոհարիկ Գ.-ին, հայտնել, որ խնջույքի ժամանակ գումարը ինքն է այն վերցրել, ներողություն է խնդրել և այն հետ վերադարձրել ամբողջությամբ:

Նախաքննական մարմինը որոշում է կայացրել կողմերի հաշտության հիմքով կարճել քրեական գործով վարույթը: Հիշյալ գործով քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերադաս դատախազի կողմից վերացվել է: Այնուհետև գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ հիշյալ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս