Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը բաց նամակով դիմում է Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Համակարգող Խորհրդի (Փարիզ) Կառավարող Խորհուրդը՝ ի դեմս Համակարգող Խորհրդի համանախագահների բաց նամակով դիմում է Սերժ Սարգսյանին: Նամակը կապված է Հայկական վերածնունդ շարժման ներկայացուցիչ Շանթ Ոսկերչյանի՝ Հայաստան մուտք գործելու արգելքի հետ:

Նախագահին ուղղված նամակում ասվում է.

«Պարոն Նախագահ

Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Համակարգող Խորհրդի (Փարիզ) Կառավարող Խորհուրդը զարմանքով տեղեկացավ, որ պր. Շանթ Օզկիրիսյանին՝ Հայկական վերածնունդ շարժման ներկայացուցիչներից մեկին, արգելվել է մուտք գործել Հայաստան:

Նա փաստացի ազատազրկվել է անցած մայիսի 21-ին Զվարթնոց օդանավակայան հասնելու պահից և ամբողջ գիշեր օդանավակայանում պահվելուց հետո հաջորդ օրվա առավոտյան առաջին ինքնաթիռով արտաքսվել է Փարիզ: Մեզ թվում է, որ սույն որոշումը, անկախ այս ակտիվիստի և իր անդամակցած ասոցիացիայի գործունեության մասին որևէ կարծիքից (ասոցացիա, որն ինչպես բոլորը գիտեն, ընդդիմանում է օրվա ռեժիմին, բայց ոչ Հայաստանին), պարունակում է բացասական նշաններ առնվազն երկու առումով:

Նախ՝ ինչ վերաբերում է սփյուռքին. իր ներգրավվածության պատճառով սույն ակտիվիստին պատժելով՝ իշխանությունները փաստացի սպառնալիք են կախում մեր համայնքների, մեր ասոցիացիաների և մեր թերթերի արտահայտվելու ազատության վրա: Արդյո՞ք սփյուռքն այսուհետև պետք է քաղաքական առումով ինքնագրաքննվի, որպեսզի երկիր մուտք գործելու վտանգի առաջ չկանգնի: Այս որոշումն առավել անհասկանալի է, քանի որ այս անձի գործունեությունը վերաբերվում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը: Մի խնդրի, որը Ձեզ չի կարող օտար լինել:

Մեզ թվում է նաև, որ այս նախաձեռնությունը, կրելով կամայական բնույթ, կարող է վնասել Հայաստանի ժողովրդավարական պատկերին, խանգարել պետության և սփյուռքի միջև անհրաժեշտ ամուր կապը` անկախ քաղաքական կողմնորոշումներից եւ, դրանով իսկ վնաս հասցնել անվտանգության խնդիրներին, թեպետ այն կատարվում է նույն այդ անվտանգության անունից: Հատկապես՝ երբ մեղադրվողն իրավունք ունի պաշտպանվելու միջազգային հասարակության եւ մարմինների առջև: Մի բան, որը նա չի հապաղի անել:

Մենք գիտակցում ենք բոլոր այն վտանգները, որոնց դեմը պետք է առնի երկիրը եւ կարող ենք հասկանալ, որ այս համատեքստում որոշ ծառայություններ կամ պատասխանատուներ կարող են ցուցաբերել հապճեպություն կամ չափազանցված զգուշավորություն:

Սակայն տվյալ դեպքում մեզ թվում է, որ պարոն Օզկիրիսյանի մուտքը երկիր արգելելով, այդ որոշումը կայացնողներն ի գործ դրեցին մի «բուժում», որն ավելի վատ էր, քան այն «ցավը», որ նրանք մատնանշել են: Մեզ նաև թվում է, որ երկխոսությունն ու հանդուրժողականությունը խորապես նպաստում են պետություն-սփյուռք ամուր կապին, Հայաստանի հասունացմանը և հետևաբար՝ վերջինիս հզորացմանը:

Հայցելով Ձեր խոհեմությունը և խորը ըմբռնումը, դիմում ենք Ձեզ՝ Ձեր լիազորությունների շրջանակում այս անարդար որոշումը չեղյալ հայտարարելու խնդրանքով, որը կարող է անտեղի խանգարել Հայաստանի և Սփյուռքի միջև սահուն հարաբերություններին:

Ընդունեք, խնդրենք, պարոն Նախագահ, մեր հարգանքների հավաստիքը:

Մուրադ Փափազյան
Արա Թորանյան
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Համակարգող Խորհրդի համանախագահներ»:




Լրահոս