«Յունիֆիշ»-ը սնանկացել է, իսկ տնօրենը՝ անհետ կորել

«Յունիֆիշ»-ը սնանկացել է, իսկ տնօրենը՝ անհետ կորել

Հայաստանում օր օրի աճում է սնանկացող ընկերությունների թիվը, ընդ որում, այդ ցուցակում են հայտնվում նաեւ այնպիսի խոշոր ընկերություններ, որոնք իրենց դաշտում ունեին կայուն տեղ եւ հանդիսանում էին թելադրողներից մեկը: Այդպիսի ընկերություններից է ձկնամթերքի երբեմնի խոշոր արտադրող «Յունիֆիշ» ընկերությունը: Ավելի քան երկու ամիս է, ինչ այս ընկերությունը սնանկացել է:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հուլիսի 9-ին «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան՝ պահանջով սնանկ ճանաչել «Յունիֆիշ»-ին: Եւ դատարանի՝ հուլիսի 9-ի վճռով ընկերությունը սնանկ է ճանաչվել: Տեղեկացնենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին եւ մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա տարածքներից դուրս: Ի դեպ, ձկնաբուծարանը զբաղվել է նաեւ սննդային կարմիր եւ սեւ խավիարների արտադրությամբ: Սակայն վերջին շրջանում ընկերությունը ոչ միայն պարտքեր էր կուտակել, այլեւ ուներ արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ: Մասնավորապես ընկերությունը չէր կարողանում արտահանում իրականացնել դեպի ՌԴ. ռուսական կողմը ինչ-որ խախտումներ էր հայտնաբերել, որոնց պատճառով ընկերության արտադրանքի նկատմամբ տեւական ժամանակ կիրառվում էր ուժեղացված հսկողություն:

Ինչու է ընկերությունը հայտնվել նման իրավիճակում: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանի հետ, սակայն նրա բոլոր հեռախոսահամարներն անջատված էին: Արդյունքում «Ժողովուրդ»-ը ընկերության ճակատագրի հետ կապված հարցերի շուրջ զրուցեց «Յունիֆիշ»-ի սնանկության գործերով կառավարիչ Հարութ Ղարիբյանի հետ:

-Պարո՛ն Ղարիբյան, ինչո՞ւ է ընկերությունը հայտնվել այս վիճակում: Որտե՞ղ է ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը:

-Կարծում եմ, որ պատճառը ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներն էին, քանի որ ժամանակին ընկերությունը մեծ ծավալներով արտահանում է իրականացրել դեպի ՌԴ: Իսկ ընկերության տնօրենը՝ Արմեն Մկրտչյանը, Հայաստանից բացակայում է: Ընկերությունը մինչեւ սնանկացման գնալը երկու ամիս զրկված է եղել էլեկտրաէներգիայից եւ ընդհանրապես ձկնակեր չի ունեցել: Մոտ 50 մլն դրամ ընկերությունը «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին պարտք է, ինչի պատճառով էլ էլէներգիան երկու ամիս շարունակ անջատված է եղել:

-Իսկ ի՞նչ է եղել ձկների հետ, սատկե՞լ են:

-Բարեբախտաբար մեծ քանակության ձուկ չսատկեց, որովհետեւ սնանկ ճանաչվելուց հետո «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկը ֆինանսավորել է, փոխհատուցում է տրամադրել, ինչով եւ ձեռք ենք բերել ձկնակեր: Տվյալ պահին ե՛ւ ձկնակեր կա, ե՛ւ էլեկտրաէներգիան է միացված: Հսկայական ծավալներով ձուկ սատկել է միայն ձկնակեր եւ էլէներգիա չլինելուց: Եթե եւս երկու ամիս մնայինք այդ կարգավիճակում, ապա ընդհանրապես ձուկ չէինք ունենալու: Բանկը էլէներգիայի մասով ունեցած պարտքի կանխավճարը տվել է: Տվյալ պահին «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի ֆինանսավորմամբ պահպանում ենք ունեցվածքը, մինչեւ տեսնենք, թե ինչ կլինի:

-Այս պահին ձկնաբուծարանում աշխատողներ կա՞ն, արդյո՞ք ընկերության աշխատակիցներն են:

-Մենք հին աշխատողներին խնդրեցինք, որպեսզի գան եւ շարունակեն աշխատել, որովհետեւ ընկերությունը աշխատողներին հսկայական պարտքեր ուներ, եւ աշխատավարձ չստանալու պատճառով նրանց մեծ մասը գնացել էր: Խնդրել ենք, եկել են, հիմա էլ բարեխիղճ աշխատում են: Կարճ ասած՝ այս պահին փորձում ենք տնտեսությունը փրկել, որպեսզի վաղը կամ մյուս օրը առողջ տնտեսություն ներկայացնենք աճուրդի:

-Բայց ընկերությունն ունի՞ բավարար քանակությամբ ձուկ, որով կկարողանա պարտքերը մարել:

-Եւ ձկան քանակությունն է մեծ եւ ունեցած վարկերի, պարտքերի ծավալները: Մոտ 15 մլն դոլար ընկերությունը միայն պարտք է «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին, շուրջ 700 հազար եվրո՝ «Էյջ էս բի սի բանկ»-ին: Ընկերությունը պարտքեր ունի նաեւ մատակարարներին, աշխատակիցներին: Կարծում եմ, որ ունեցած ձկան պաշարը կբավարարի՝ կուտակած պարտքերը մարելու համար:

-Այս պահին ընկերությունը ձուկ իրացնո՞ւմ է, թե՞ ոչ:

-Ո՛չ: Մենք հիմա այնտեղ գույքագրում ենք իրականացնում, որպեսզի հստակեցնենք ունեցած ծավալները: Քանի որ ընկերության տնօրենի բացակայության պատճառով բարձիթողի վիճակ էր, եւ ձկները կեր չունեին, այդ ընթացքում օրական մոտ 3000-4000 ձուկ սատկեց: Բացի այդ՝ երկու ամիս կեր չուտելու հետեւանքով ձկների մեծ մասը հիվանդություններ են ձեռք բերել. նրանց մոտ կալցիումն է պակասել եւ ողնաշարը կոտրվել է: Այս պահին լողավազանները մաքրում ենք. առողջ ձուկը մի կողմում ենք առանձնացնում, իսկ հիվանդը՝ մեկ այլ: Նաեւ մանրներն ու խոշորներն էլ ենք իրարից առանձնացնում:

-Ընկերության տնօրենը առանց տեղյակ պահելո՞ւ է հեռացել երկրից:

-Ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանն էլ է սնանկ ճանաչված, անձնական պարտքեր ունի, իր սեփական տունն էլ է գրավադրված: Եւ նա երկրից հեռացել է անհայտ ուղղությամբ: Իր որդու հետ խոսել եմ, բայց վերջինս պնդում է, որ տեղյակ չէ, թե որտեղ է իր հայրը եւ ոչ մի տեղեկություն չունի նրանից: Ընկերության գործունեության նպատակով անձնական միջոցներ է ներդրել, բայց օգուտ չի ունեցել:

-Հայտնի է նաեւ, որ ընկերության սեփականատերը ազգությամբ ռուս Օլեգ Դուեւն է: Նա ինչ-որ կերպ չի՞ փորձում ընկերությունը հանել այս վիճակից:

-Ինքը հաճախակի գալիս-գնում է ՀՀ: Բայց ինչ-որ ռեալ քայլեր չի իրականացնում: Հավանաբար բիզնեսի շահերից ելնելով մտադրություն ունի կրկին ձուկ արտահանել դեպի ՌԴ: Փորձում եւ ամեն ինչ անում ենք, որ ընկերությունը հանենք էս վիճակից, բանկը մեզ շատ օգնեց այս հարցում: Տնտեսությունը կմտցնենք աճուրդային շուկա, որ վաղը գնորդը կարողանա լիարժեք տնտեսություն ունենալ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ