Ընտրությունները բարելավվել են, սակայն մրցակցությունից զուրկ էին. ԵԱՀԿ ԽՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 18-ի հայաստանյան նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավվել էին, սակայն թեկնածուների ուժային սահմանափակ ներկայացվածությունը ենթադրում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից, այսoր հայտարարությամբ իրենց եզրակացությունն արեցին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները:
ԵԱՀԿ ԽՎ տարածած մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ համաձայն դիտորդների` քարոզարշավի ընթացքում, ընդհանուր առմամբ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը:
“Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից”, – հայտարարել է Տոնինո Պիցուլան` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը:
“Մեզ համար հաճելի է առաջընթաց գրանցել մի քանի ոլորտներում, սակայն մրցակցությունը կարևոր է, եթե Հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտումները` դեպի ամուր և ոգեշնչող ժողովրդավարություն”,– ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած քվեարկության նախնական արդյունքներով՝ նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ ստանալով քվեարկությանը մասնակցած ընտրողների 58.64%–ի ձայնը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Րաֆֆի Հովհաննիսյան՝ ստանալով 539.674 ձայն կամ ձայների 36.74%–ը։
Ըստ դիտորդների` ընդհանուր առմամբ քարոզարշավն անցել է խաղաղ և լավ կազմակերպված: Դիտորդները նշել են, որ ձեռնարկվել են թափանցիկությանն ուղղված կարևոր միջոցառումներ, նաև` քվեարկողների ցուցակը բարելավելու էական ջանքեր արձանագրելով: 
Այդուհանդերձ, առաքելությունը նկատել է, որ, մասնավորապես, տեղական մակարդակով հստակ չէր գործող նախագահի քարոզչական ակտիվիստների և պետական կառույցների տարանջատումը: Սա ներառում էր վարչական ռեսուրսների սխալ օգտագործում և ճնշում հանրային աշխատողների վրա, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին և քարոզարշավի միջոցառումներին:
Լրատվական ծածկույթը թույլ տվեց ընտրողներին տեղեկանալ քարոզարշավի մասին: Սակայն դիտորդները նշել են, որ մի քանի ազդեցիկ կուսակցությունների` թեկնածու չառաջադրելու որոշումը հանգեցրել է ընտրողների շրջանում հակակրանքի և վստահության պակասի:
Ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկության գործընթացը լավ էր կազմակերպված, սակայն դիտորդները նկատել են, որ անձնագրերի թանաքը չի ապահովել մի քանի անգամ քվեարկելու դեմ նախատեսված երաշխիքը, քանզի թանաքը հեշտությամբ մաքրվում էր:
ՀՀ իշխանությունների հրավերով` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում սահմանափակ դիտորդական առաքելություն է նշանակել: 1995 թվականից ի վեր սա Վեհաժողովի նշանակած 8-րդ դիտորդական առաքելությունն էր:
tert .am




Լրահոս