Ադրբեջանական կայքերին հարցազրույցներ տված Տիգրան Խզմալյանը դավաճանություն չի որակում Վահան Մարտիրոսյանի արարքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ` ավելի լավ կլիներ, եթե նա քաղաքական ապաստան խնդրեր Հյուսիսային Կորեայում կամ Ռուսաստանում: Այդպիսով նա ավելի հանգիստ կլիներ, քան Ադրբեջանում: Ես նրան որպես ընդդիմադիր չեմ ճանաչում, ճիշտն ասած»: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերջին շրջանում ադրբեջանական մամուլին ակտիվորեն հարցազրույցներ տված կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի արարքին:
«Մարդու իրավունքների տեսակետից, ցանկացած մարդ իրավունք ունի ապաստան խնդրել որտեղից ցանկանա, դա իր գործն է: Քանի որ նա պետական պաշտոնյա չէ, դա իրավաբանական տեսակետից դավաճանություն չէ: Հետաքրքիր է, որ այն լրատվամիջոցներն են նրան անվանում դավաճան, ովքեր չեն զլանում մեկ այլ պետությանը` Ռուսաստանին ծառայել: Դա ինձ ավելի շատ է հետաքրքրում»,- ասաց Խզմալյանը:

Հարցին` ինչ տարբերություն կա ադրբեջանական կայքերին տված իր հարցազրույցների և Վահան Մարտիրոսյանի ասուլիսի միջև, հաշվի առնելով, որ երկու դեպքում էլ ադրբեջանական կայքերով քննադատվում է Հայաստանը, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Տարբերությունը տեսնելը շատ հեշտ է: Ես իմ երկրում եմ խոսում, ճշմարտությունն ասում եմ պատասխանատվություն վերցնելով, չեմ փախչում որևէ տեղ, անկյան հետևից, դրսից չեմ խոսում, հատկապես այնտեղից, որտեղ նման խոսքերի համար վճարում են: Ես համարում եմ, որ ճշմարտությունը պետք է ասվի դեմքին և պատասխանել սեփական արարքների համար: Ահա ինչու ես մտածում եմ, որ իրավունք ունեմ արտահայտել այն, ինչ մտածում եմ: Ես նման բաներ ասում եմ, որպեսզի փոխեմ իմ երկրրը: Երբ ես հեռանամ երկրից, ես նման քննադատություն անելու բարոյական իրավունք չեմ ունենա: Ահա սա է տարբերությունը»,- մանրամասնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Նրա խոսքով` իրեն համեմատում են Վահան Մարտիրոսյանի հետ նրանք, «ովքեր օր ու գիշեր ծառայում են մեկ այլ պետության հատուկ ծառայություններին»: «Այդ առումով նրանք քիչ են տարբերվում Վահան Մարտիրոսյանից և շատ ավելի մեծ վնաս են հասցնում հայրենիքին, քանի որ նրահնք թաքնված են կատարում այն աշխատանքը, որը Վահան Մարտիրոսյանը կատարում է բացեիբաց Բաքվում»:

Հիշեցնենք, որ իրեն ակտիվիստ և քաղհալածյալ հռչակած ոմն Վահան Մարտիրոսյանը երեկ Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել, իսկ այսօր արդեն ասուլիսով հանդես եկել այդ երկրում:

Ք. Աղալարյան




Լրահոս