«Կուզենամ տեսնել բարի, ժողովրդի մասին մտածող ղեկավարություն». ինչ էր երազում Օֆելյա Համբարձումյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես պետք է շարունակեմ ապրել այն բանի համար, որ մինչեւ էսօր դեռ ձեր մեջ ապրում է սերը հայ երգի նկատմամբ»,-հանդիսատեսին այս խոսքերն ուղղեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը` «Օֆելյա» ֆիլմի պրեմիերայի օրը` սեպտեմբերի 24-ին:

Ռեժիսոր Հայկ Վարդանյանի վավերագրական ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013թ.-ից ու ավարտվել վերջերս: Ֆիլմում հիմնականում հենց երգչուհին է պատմում իր անցած ուղու մասին, ինչպես նաեւ դուստրը` ջազ երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը:

«Մենք հայ ենք, հայ երգն ենք պաշտում, ուրեմն պիտի պաշտենք մինչեւ վերջ, աշխատեք ձեր բալիկների մեջ ավելի շատ սերմանել հայկական ժողովրդական, գուսանական երգերի, կոմիտասյան երգերի հանդեպ սերը. ապրող երգերը սրանք են»,-ֆիլմի ավարտին ներկաներին դիմեց երգչուհին: «Ժողովուրդ»-ին հաջողվեց փոքրիկ ճեպազրույց ունենալ նրա հետ: Մենք խոսեցինք նրա նվիրական ցանկությունների մասին:

-Տիկի՛ն Օֆելյա, այս պահին ի՞նչ մեծ ցանկություն ունեք:

-Կուզենայի ավելի երիտասարդ լինել…

-Երկրի հետ կապված Ձեր ցանկությունը ո՞րն է:

-Որ պատերազմ չլինի, քաղցած մարդ չլինի, երջանիկ լինեն բոլորը, չքանան այդ պատերազմները…

-Ինչպիսի՞ երիտասարդություն կցանկանայիք տեսնել այսօր:

-Կուզենամ բոլորը տուն ունենան, ամուսնանան եւ սերունդ ունենան:

-Սփյուռքի հայրենակիցներին ի՞նչ կցանկանաք:

-Համբերություն…

-Իսկ մեր ղեկավարությանը, իշխանավորներին ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել…

-Իհարկե` բարեհամաբույր, բարի, ժողովրդի մասին մտածող… Ինչպիսին որ կան… (ծիծաղում է):

Հավաքված ժողովուրդը «ձեռքից ձեռք էր խլում» տիկին Օֆելյային, ուստի մենք զրույցը շարունակեցինք ռեժիսորի եւ մյուս ներկաների հետ: Հայկ Վարդանյանին հարցրինք` արդյո՞ք շատ կադրեր են դուրս մնացել ֆիլմից, ու ամենամեծ դժվարությամբ եւ հուզմունքով ինչի մասին է խոսել երգչուհին:

«Մոտավորապես 18 ժամ տեւողությամբ նյութ ունենք, սակայն օգտագործել ենք 55 րոպեն, գուցե ֆիլմի կամ հաղորդման տեսքով մյուս մասը մի ուրիշ անգամ ներկայացնենք: Իհարկե, կային թեմաներ, որոնց մասին տիկին Օֆելյան դժվարությամբ էր խոսում, օրինակ` ամուսնական հարաբերությունների մասին»,-մանրամասնեց նա:
Ռեժիսորի խոսքով` ֆիլմը Հայաստանում դեռ չի ցուցադրվելու. բանակցություններ են տարվում, որպեսզի այն ցուցադրվի սփյուռքի տարբեր գաղթօջախներում, այնուհետեւ ֆիլմը «կշրջագայի» նաեւ Հայաստանում:

Հայ ժողովրդի մերօրյա լեգենդի մասին զրուցեցինք ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանի հետ, ով եւս ներկա էր դահլիճում. «Նրա մասին կարելի է անվերջ խոսել, բայց ես մի դեպք կպատմեմ, որը ցույց է տալիս, թե որքան մեծ ժողովրդականություն է վայելում Օֆելյա Համբարձումյանը: Մի քանի տարի առաջ մեզ երկուսիս հրավիրեցին Փարիզ, մենք էլ ֆրանսերեն չգիտեինք, չէինք կարողանում հասնել այնտեղ, որտեղ հարկավոր էր: Հանկարծ մեզ մոտեցավ մի զույգ, այդ մարդկանցից ոչ մեկ Օֆելյային չէին տեսել բեմի վրա, միայն լուսանկարներով եւ երգերով գիտեին, որ մեզ տեսան, այնքան ուրախացան, նախ լուսանկարվեցին Օֆելյայի հետ, հետո տարան այնտեղ, որտեղ հարկավոր էր: Այդպիսով` Օֆելյայի ճանաչված լինելու շնորհիվ մենք օտար ափին էլ դուրս եկանք այդ դժվարին իրավիճակից»,-պատմեց նա:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ Օֆելյա Համբարձումյանի ֆենոմենը նրա սերն է, իսկ դա տիեզերքի ամենամեծ ուժն է. «Նրա ֆենոմենը իր սերն է` ուղղված հողին, երկրին, երգին, մարդկանց, մեծ հոգի է ինքը բաշխել, միայն որ մտածում ես, թե ինչպես է ծերունազարդ Իսահակյանի հոգին տաքացրել կամ երիտասարդ Համո Սահյանի ջահելության տարիներին նրան սեր փոխանցել, հասկանում ես, որ մեծ մարդ է Օֆելյան…»

Աննա Բաբաջանյան




Լրահոս