1995թ. կնքված հրադադարից հետո մինչ օրս ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել իր կողմից կնքված հրադադարի պայմանագիրը: Իսկ հատկապես վերջին օրերին ծանր ռազմատեխնիկայով սկսել են գնդակոծել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի սահմաններն ու խաղաղ բնակավայրերը:
Սեպտեմբերի 25-ին իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարված է եղել: Հակառակորդի ակտիվության հետևանքով զոհվել են շարքային զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.) և վիրավորվել 16 զինծառայող:
Երևան են տեղափոխվել վիրավորված զինծառայողներից վեցը, որոնցից չորսը գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Նրանցից երկուսը վերակենդանացման, 2-ն էլ` վնասվածքաբանական բաժանմունքներում են: ArmLur.am-ը քիչ առաջ այցելեց հոսպիտալում գտնվող զինվորներին, զրուցեց նրանցից երկուսի հետ, ովքեր, չնայած դժվարությամբ էին խոսում, սակայն մեզ հետ զրույցում մի քանի մանրամասներ պատմեցին կատարվածից:
Վիրավորված զինծառայող Արկադի Մուրադյանն այժմ իրեն համեմատաբար ավելի լավ է զգում: «Գնացել էինք պալիգոններ` կրակելու: Ժամը չորսի կողմերն էր, հաց էինք ուտում, ուզում էինք շարունակել կրակելը ու սկսեցին խփել մեր վրա», – պատմում է Արկադին:
Արկադիի հետ նույն հիվանդասենյակում է գտնվում նաև Արման Ստեփանյանը, ով դժվարությամբ էր խոսում, սակայն նշեց, որ իրեն ավելի լավ է զգում: Իսկ Արմանի մայրը փառք է տալիս Աստծուն, որ իր զինվոր որդին փրկվել է:
ArmLur.am-ը զրուցեց նաև վնասվածքաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Լևոն Ժամագործյանի հետ, ով նշեց, որ իրենց բաժանմունքում գտնվող զինծառայողները պետք է վիրահատվեն և նրանց վերականգնման համար 3-4 ամիս կպահանջվի: Ժամագործյանը հայտնեց, որ այս պահին Երևանում գտնվում են Արցախում վիրավորված վեց զինծառայող, իսկ մեկին էլ այսօր կտեղափոխեն Երևան:
ArmLur.am-ն առողջություն է մաղթում սահմանը պահող բոլոր զինծառայողներին: Հենց նրանց շնորհիվ է մեր սահմաններն այսքան ամուր:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան