Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ ուսանողների երդման արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությանը: Մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիների երդման արարողությունն ավանդաբար տեղի է ունենում Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորելով նորընծա ուսանողներին եւ բարձր գնահատելով նրանց ընտրած՝ ուսուցչի մասնագիտությունը, Ազգային ժողովի նախագահը նշել է. «Որպես ազգի հոգեւոր մշակ՝ այսօրվա առաջին կուրսեցիներն ապագայում պիտի սերունդներ դաստիարակեն՝ ծառայելով ազգին, կրթելով հայրենասեր ու գրագետ քաղաքացիներ: Ավելի բարձր ու վեհ նպատակ դժվար է գտնել: Ուժեղ սերնդի, հզոր հայրենիքի ստեղծումը կախված է ազգը կրթող ուսուցիչներից»:

Գալուստ Սահակյանն ընդգծել է հատկապես միջոցառման անցկացման վայրը՝ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը և մաղթել ապագա մանկավարժներին լինել նրա արժանի հետեւորդները:




Լրահոս