Ճստոն կաղ է, Մստոն կարճ է, Համբոն՝ տկար. ո՞ր կառույցն է անպատասխանատու գտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է միջազգային կիսամարաթոն: Կիսամարաթոնն, իհարկե, լավ բան է, սակայն խնդիրն այն է, որ մայրաքաղաքի փողոցներում, մասնավորապես կենտրոնական հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել: Իսկ ամենավատն այն է, որ փողոցների փակ լինելու մասին նախապես քաղաքացիներին չեն իրազեկել:

Իսկ ո՞ր կառույցն է պարտավոր տեղյակ պահել քաղաքացիներին: Թերևս, առաջին գերատեսչությունը, որ կարող է անցնել յուրաքանչյուր քաղաքացու մտքով, ճանապարհային ոստիկանությունն է: Armlur.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, թե մարաթոնի կազմակերպիչը սպորտի նախարարությունն է, ուստի բոլոր հարցերը պետք է ուղղել կա՛մ այդ կառույցին, կա՛մ քաղաքապետարանին:

Սպորտի նախարարությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ մարաթոնի կազմակերպման համար հատուկ խումբ է ստեղծվել, որ առանձին մամուլի ծառայություն ունի: Նորաստեղծ կառույցից մեզ հայտնեցին, որ պաշտոնական նամակով դիմել են ոստիկանությանը՝ խնդրելով փակել համապատասխան փողոցները, մինչև կիսամարաթոնի ավարտը: Քաղաքապետարանն էլ, պարզվեց, հոկտեմբերի 4-ին կայանալիք Երևանի կիսամարաթոնի մասին արդեն իսկ պատշաճ իրազեկել է: Իսկ այսօր փողոցները փակվել են Առաջին միջազգային կիսամարաթոնի անցկացման հետ կապված:

Եվ այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ անեն քաղաքացիները, եթե գերատեսչությունները թերացել են, մեկը մյուսի վրա գցելով՝ մարդկանց անհասկանալի դրության մեջ են գցել:

Ի դեպ, չհաջողվեց անգամ պարզել, թե մինչև որ ժամն է երևեկությունը մնալու կաթվածահար վիճակում:

Հ.Գ. Եթե յուրաքանչյուր կառույց գոնե նվազագույն չափով իր տեղում լիներ և կատարեր իր գործառույթները, Վահան Մարտիրոսյանն էլ իր տեղում կլիներ:




Լրահոս