Երեք ամիս անց 21 տուժող. նոր մանրամասներ Բաղրամյան պողոտայի դեպքերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին 2015 թվականի հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացնող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին ջրցան մեքենաների միջոցով ցրելու աղմկալի դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 22-ին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները փակել էին Բաղրամյան պողոտան եւ պահանջում էին Սերժ Սարգսյանից չեղարկել Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը: Եվ հունիսի 23-ի լուսադեմին ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրեցին բողոքի ակցիան՝ բռնություն գործադրելով ինչպես լրագրողների, այնպես էլ քաղաքացիների նկատմամբ:
Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պաշտոնական տվյալների` ոստիկանական տարբեր բաժիններ էին տարվել 237 քաղաքացիներ, որոնց մեջ կային նաեւ լրագրողներ:

Եվ, ահա, հրապարակված տեսանյութերը տասը օր ուսումնասիրած հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 3-ին պաշտոնական լիազորություններն անցնելու հիմքով քրեական գործ հարուցեց ոչ միայն լրագրողների, այլեւ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների առիթով:

Դեպքից անցել է 3 ամիս, եւ «Ժողովուրդ»-ը հատուկ քննչական ծառայությունից փորձեց պարզել, թե, ի վերջո, այս ամիսների ընթացքում քանի քաղաքացի է տուժող ճանաչվել եւ, առհասարակ, այս գործի շրջանակներում կա՞ն արդյոք մեղադրյալներ: Ի պատասխան մեր հարցման՝ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը հայտնեց. «Քրեական գործի նախաքննության ընթացքում գործով տուժող է ճանաչվել 21 անձ: Մի շարք անձինք ճանաչվել են տուժողների ներկայացուցիչներ եւ մասնակից դարձել քննչական գործողությունների կատարմանը: ԶԼՄ-ների 3 ներկայացուցիչներ թեեւ ծանուցագրերով հարցաքննության են կանչվել, սակայն չեն ներկայացել եւ չեն հայտնել իրենց ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների մասին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ ոստիկանության ծառայողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հավաքի մասնակիցներ, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական եւ դատահետքաբանական համալիր 9 փորձաքննություններ, կատարվել են բազմաթիվ զննություններ, առգրավումներ, քրեական գործին են կցվել եւ ուսումնասիրվել դեպքերին առնչվող բազմաթիվ տեսանյութեր, փաստաթղթեր: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին էր ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակել, որի արդյունքում 12 ոստիկան ենթարկվեցին պատասխանատվության: Եւ ոստիկանության ծառայողական քննության արդյունքները եւս ուղարկվել էր ՀՔԾ՝ գնահատականը տալու համար: Այս պատմության մեջ զարմանալի է, թե որոնք են եղել 3 լրատվամիջոցի ներկայացուցիչները, որոնք այդպես էլ չեն ներկայացել ՀՔԾ: Եթե հասարակ քաղաքացիների դեպքում քննչական մարմին չներկայանալը կախված է հետագա հետապնդումներից խուսափելու հանգամանքով, ապա ԶԼՄ-ների դեպքում իրավիճակը այլ է:

Քնար Մանուկյան




Լրահոս