Էլեկտրալարերի վթարից քաղաքացիները վնասներ են կրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին «Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում` կապված էլեկտրաէներգիայի որակի, ենթակայանների վատ աշխատանքի եւ մասսայական անջատումների հետ: Այս անգամ «Ժողովուրդ»-ին է դիմել Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 24 շենքի 4-րդ բնակարանի 89-ամյա բնակիչ Արմեն Օսիպյանը: Քաղաքացու պատմելով՝ սեպտեմբերի 20-ին իրենց շենքում էլեկտրալարերի վնասման արդյունքում վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 7 ընտանիքին պատկանող տեխնիկան փչացել է:

«Իմ տան այն կենցաղային տեխնիկան, որոնք միացված են եղել, դրանք ամբողջությամբ փչացել են. այրվել է երկու հեռուստացույց՝ մեկը ննջարանում, մյուսը՝ պատշգամբում, 17 հազար դրամ արժեքի հեռախոս, պլանշետին էլեկտրաէներգիա սնուցող սարքը: Այրվել է նաեւ այն սարքը, որը ազդանշաններ է արձակում գազի արտահոսքի առկայության դեպքում»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց Ավան վարչական շրջանի 89-ամյա բնակիչ՝ Արմեն Օսիպյանը:

Օսիպյանին պատկանող այն կենցաղային տեխնիկաները, որոնք որ անջատված են եղել, չեն այրվել, սառնարանը՝ նույնպես: Ի դեպ, այս խնդրի առաջ կանգնել են նաեւ Աճառյան 24 շենքի եւս 7 բնակիչներ: Նրանք նույնպես վթարի արդյունքում վնասներ են կրել: «Ես այս խնդրի շուրջ դեպքից մի երկու օր անց դիմեցի տեղամասային տեսուչ Արամ Դարբինյանին, նա ինձ ուղարկեց ոմն Յուրա Ավագյանի մոտ, սա էլ իր հերթին՝ Սերգեյի մոտ: Եւ իմ հարցին լուծում տալու փոխարեն այս մարդիկ իրար վրա գցեցին խնդրի լուծումը: Այնուամենայնիվ, հետո կողմնորոշվեցին ու հայտարարեցին, որ մեր այս խնդրին լուծում կարող է տալ ՀԷՑ-ի ավագ ինժեները: Իրար վրա գցելով՝ մի լաբիրինթ են ստեղծել, եւ ոչ մեկ չի կարողանում հստակ պատասխան տալ»,- դժգոհելով պատմեց պարոն Օսիպյանը:

ՀԷՑ-ի տեղամասային բաժին դիմելուց անցել է արդեն 12 օր, բայց անարձագանք: «Իրենցից ոչ մի նորություն չկա, ո՛չ գալիս են եւ ո՛չ էլ հետաքրքրվում: Իսկ հեռուստացույցները իմ զրույցի ընկերներն են, ես իրենց հետ եմ խոսում, այլ զբաղմունք չունեմ: Այս պահին մենք մեր տանը էլեկտրաէներգիա ունենք, նույն օրն եկան էլեկտրալարերը փոխեցին, վերանորոգեցին ու գնացին: Իսկ տեխնիկայի փոխհատուցման մասով ոչինչ չասացին»,- ընդգծեց պարոն Օսիպյանը: Մեր զրուցակցի պատմելով՝ հեռուստացույցը վերանորոգելու համար մասնագետներից հետաքրքրվել է, սակայն վերջիններս պատասխանել են, որ այն ամբողջովին այրվել է եւ պետք է դեն նետել: Նշենք, որ մյուս 6 բնակիչը նույնպես վնասներ են կրել էլեկտրալարերի հետ տեղի ունեցած վթարի արդյունքում:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Նատալիա Սարջանյանի հետ, ով հայտարարեց, որ ընկերությունը պարտավոր է եւ կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները. «Միայն պետք է վնասներ կրած քաղաքացիները մոտենան տեղամասային բաժին եւ արձանագրեն վնասված սարքավորումները»: «Ժողովուրդ»-ը հետեւողական կլինի եւ ընթերցողին կներկայացնի՝ ՀԷՑ-ը փոխհատուցե՞լ է քաղաքացիներին, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս