Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալ-պատգամավորը վստահեցնում է` մարզպետն իր որդիներին խրատներ է տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը վստահ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իսկապես անմեղ է: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ հանրությունն ու լրատվամիջոցները սիրում են ծաղկից ծաղկեփունջ սարքել, եւ ընդգծում, որ բոլորը չափից ավել են բեւեռվել Սուրիկ Խաչատրյանի գործունեության վրա:

-Պարո՛ն Գրիգորյան, օրերս որոշում կայացվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակել, չնայած այն բանին, որ նա մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլի հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքի գլխավոր «հերոսն» էր՝ ըստ տուժողների սկզբնական հայտարարությունների: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է մարզպետին հաջողվում մշտապես իր որդուն «ջրից չոր» դուրս հանել:

-Ես չեմ կարծում, որ Ձեր հայտարարությունը իրականության հետ կապ ունի: Ակնհայտ է, որ իրավապահներն են հայտարարել, թե նախաքննության ընթացքում ինչ է պարզվել: Այսինքն՝ փաստվել է, որ տվյալ պարագայում Տիգրան Խաչատրյանի մեղքը ապացուցված չէ՝ ծեծկռտուքի հետ կապված: Սա է իրականությունը, ներելու խնդիր չկա, եթե անգամ ներելու խնդիր լիներ, ապա ի սկզբանե Տիգրան Խաչատրյանին չէին էլ ձերբակալելու: Նախաքննության ընթացքում փաստեր են ի հայտ եկել, ու պարզվել է, որ այդ գործում իր մեղքը չկա, ինքը մեղավոր չէ:

-Տեսակետ կա, որ իրավապահ մարմինները մարզպետի որդուն կալանավորում են հանրության ու տուժողների դժգոհությունը «սառեցնելու» համար, որից հետո մարզպետին հաջողվում է ինչ-ինչ ձեւերով որդուն ազատել: Դուք ճանաչում եք մարզպետին, Ձեզ համար հասկանալի՞ է, թե նրան ինչպես է դա հաջողվում:

-Եթե Ձեր տրամաբանությամբ շարժվենք, ապա այժմ էլ հանրության դժգոհության համար չպետք է ազատ արձակեին Տիգրան Խաչատրյանին, ստացվում է, որ հանրությունը կրկնակի, եռակի անգամ կվրդովվի ու ավելի դժգոհ կլինի, իսկ այս պարագայում, ես որեւէ նման բան չեմ տեսնում: Այստեղ հանրության դժգոհության կամ չդժգոհության խնդիր չկա, ուղղակի իրավական դաշտի խնդիր է:

-Այսինքն՝ կարծում եք, որ իրավապահ համակա՞րգն է մշտապես սխալվում՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելով:

-Չէ, այստեղ սխալվելու խնդիր չկա, ես իրավապաշտպան կամ իրավաբան չեմ, ես այդ համակարգի մարդ չեմ, որ ինչ-որ փաստեր ներկայացնեմ, բայց փաստն այն է, որ ինչ-որ մի փուլում ի հայտ է գալիս ինչ-որ մի այլ հանգամանք, մեկ այլ փուլում մեկ այլ հանգամանք, ու այդ ամենից էլ ելնելով՝ պարզվում է նրա անմեղությունը: Ապացուցվում է, որ այդ մարդը մեղավոր չէ:

-Դուք համարվում եք Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի բարեկամը ու անձամբ ճանաչում եք նաեւ Տիգան Խաչատրյանին, խնդրում եմ նշեք, ըստ Ձեզ՝ Տիգրան Խաչատրյանը կարո՞ղ էր մարդ սպանել կամ դաժանաբար ծեծի ենթարկել:

-Ես բազում անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը իր որդիներին դաստիարակչական խրատներ տալիս, բառերով մարդը բացատրում է, թե որն է ճիշտը, որն է սխալը, ես բազում նման փաստերի ականատես եմ եղել: Ուստի ես չեմ կարծում, որ ջարդել, փշրել նման բաների ընդունակ են իրենք: Ես այդ տեսակետին չեմ, ու դրանք իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են:

-Այդ դեպքում ինչո՞ւ է Սուրիկ Խաչատրյանի որդին մշտապես հայտնվում սկանդալային պատմություններում:

-Ուղղակի ես մի բան ասեմ, այստեղ իր որդու խնդիրը չի, ցանկացած մարդ, ես էլ տղա ունեմ, ես էլ եմ այդ տարիքն անցել ու, բնականաբար, լինում են ինչ-որ ընկերական հարաբերություններ, ինչ-որ վեճեր… ուղղակի քանի որ հանրության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է գտնվում Սուրիկ Խաչատրյանը, ամեն անգամ թեկուզ մի ծաղկից սարքում են ծաղկեփունջ: Ընդամենը դա է իրականությունը, մարդիկ սիրում են խոսել մի պատմության մասին, հետո դա ուրճացնել:

-Բայց նախորդ անգամ խոսքը Տիգրան Խաչատրյանի կողմից մարդ սպանելու մասին էր, այս անգամ էլ քաղաքացուն կուրացնելու: Ինչ ուռճացնելու մասին է խոսքը, Դուք դա փոքր բա՞ն եք համարում: Դուք եւս համարո՞ւմ եք, որ Տիգրան Խաչատրյանի ազատ արձակմամբ արդարությունը հաղթել է:

-Իհարկե, ես այդ կարծիքին եմ, ես շատ եմ վստահում մեր իրավապահ համակարգին: Ես կրկնում եմ, որ այդ ամենը ծաղիկը ծաղկեփունջ սարքելու գործընթացներն են, որոնք շատ մարդկանց են ձեռք տալիս:

-Սյունիքի մարզի բնակիչները բազմիցս են հայտարարել, որ իրենք ահ ու սարսափով են ապրում այդ մարզում…

-Ես այնտեղ ավելի շատ հարգանք եմ նկատում, քան ահ ու սարսափ, ես դա նկատել եմ հասարակ մարդկանց հետ շփվելիս, ես այնտեղ միշտ հարգանք եմ նկատում: Ես ասել եմ ու կրկնում եմ՝ եթե ես Ձեզանից վախենամ, կաշխատեմ մի քանի մետր հեռու լինել, բայց Դուք եկեք, տեսեք, երբ Սուրիկ Խաչատրյանը Գորիս քաղաքում կամ Կապան քաղաքում քայլում է, ինչ հոծ բազմություն է մոտենում այդ մարդուն՝ տարբեր խնդիրների լուծման ակնկալիքով: Դա ահ ու սարսափ չէ, այնտեղ վախի մթնոլորտ չկա: Իրականությունը եթե ցանկանում եք տեսնել մեկ անգամ, եղեք Սյունիքի մարզում: Շատ լավ աշխատող մարզպետ է Սուրիկ Խաչատրյանը: Նա ուղղակի բոլորի ուշադրության կենտրոնում է եւ վերջ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս