Ինչպե՞ս եղավ, որ Հայաստանի հերթը ԵՏՄ-ում «առաջ ընկավ». Տիգրան Սարգսյանի երկրորդ «հայտնությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այլեւս պաշտոնական իրողություն կարելի է համարել այն, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եկող տարվա փետրվարի 1-ից կզբաղեցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը: Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի ամենաքննադատված վարչապետը դառնում է ԵՏՄ-ի կառավարման գործադիր մարմնի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:

Նախ՝ նկատենք, որ մինչ այս խոսք անգամ չէր եղել այն մասին, որ նշված կառույցի ղեկավարի պաշտոնում «հերթը» Հայաստանինն է, քանի որ ենթադրվում էր, որ Ռուսաստանից հետո այն անցնելու է Բելառուսին: Ինտրիգն ավելանում է, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ խնդիրը ռուսական կողմի ցանկությամբ է լուծում ստացել:

Իսկ ինչպե՞ս են զարգացել իրադարձությունները. իրականում, ըստ ԵՏՄ հիմնադիր փաստաթղթի, միայն հիմնադիր անդամները կարող են ռուսական այբբենարանի հերթականությամբ ունենալ ԵՏՄՀ կոլեգայի նախագահ: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ԵՏՄ հիմնադիր անդամ չէ: Հետեւաբար Բելառուսի նախագահության հերթն էր, քանի որ, որպես հիմնադիր, այբբենական կարգով պետք է հենց նրանք նախագահեին: Այդ նույն փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի նախագահության հերթը 8 տարուց էր հասնելու:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ է վերջերս այդ փոփոխությունը օրակարգ մտել եւ այնպիսի հիմնավորումներով, որ անգամ հայերի նկատմամբ առանձնապես մեծ սեր չտածող Նորսուլթան Նազարբաեւը չի առարկել: Բանն այն է, որ Ղազախստանի նախագահության ժամկետը 12 տարի «հետ է ընկել»՝ դարձյալ այբբենական կարգով պայմանավորված: Անկասկած այս նախաձեռնությունը չէր կարող պայմանավորված չլինել անձնական մոտեցմամբ: Բնական է, որ Ռուսաստանին ավելի ձեռնտու կլիներ, որպեսզի նախագահությունը ստանձներ Հայաստանը:

Եւ, ահա, այստեղ հարց է ծագում՝ իսկ Ռուսաստանի ինչին է պետք Տիգրան Սարգսյանը, որ իր պաշտոնավարման ողջ ընթացքում ամենամեղմ գնահատականներով համարվել է արեւմտյան «ուղղվածության» պաշտոնյա: Եւ ՀՀ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո նրան ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելը համարվում էր լրիվ տրամաբանված եւ սպասելի: Թեեւ Տիգրան Սարգսյանը ուսանել է Պետերբուրգում ու նաեւ ռուսական կապեր ունի:

Ակնհայտ է, որ հատկապես աշխարհաքաղաքական այս փուլում ՌԴ-ն ցանկանում է ԱՄՆ-ի հետ ցանկացած կոնտակտ օգտագործել: Չի բացառվում, որ ռուսական կողմը միգուցե լրջորեն մտադրվել է իբրեւ ԱՄՆ-ի հետ ոչ պաշտոնական «շփումների խողովակ» օգտագործել նրանց իսկ աճեցրած Տիգրան Սարգսյանին: Իշխանական շրջանակներում մշտապես լուրեր են շրջանառվել այն մասին, որ ՀՀ նախկին վարչապետը սերտ կապեր ունի սպիտակ տան աշխատակազմում, ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար կազմում, ազգային անվտանգության խորհրդում, ԱՄՆ կոնգրեսում եւ սենատում: Նրա՝ ՀՀ վարչապետի պաշտոնում հայտնվելն էլ նաեւ այդ հանգամանքներով էր պայմանավորված եղել: Մի խոսքով, ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանին նոր պաշտոնը եւս նրա «սիրուն աչքերի» կամ Հայաստանի տնտեսությունը քայքայելու հաջողված փորձերի համար չեն առաջարկել:

Նկատենք, որ ՀՀ նախկին վարչապետի այս «հայտնությունը» Հայաստանի իշխանական համակարգում եւս իրարանցում է առաջացրել: Բանն այն է, որ իշխանական շատ օղակներ Սարգսյանին արդեն «դուրս էին գրել»: Իսկ այժմ տեսնում են, որ Սերժ Սարգսյանը նրա հետ կապված ինչ-որ «ծրագրեր» ունի: Ուստի հիմա փորձ է արվում հասկանալ, թե մինչեւ ուր կարող է զարգանալ այդ «ծրագիրը»: Իհարկե, հակառակ կարծիք ունեցողներ էլ կան, որոնք կարծում են, որ նոր նշանակումով Սերժ Սարգսյանը նախկին վարչապետին չորս տարով «հեռացնում» է Հայաստանի քաղաքական կյանքից:

Այնուամենայնիվ, արձանագրենք, որ Հայաստանի կառավարման համակարգում ամենաառանցքային պաշտոնները զբաղեցնելով հանդերձ՝ Տիգրան Սարգսյանն իրեն տրված իշխանության հարցում երբեւէ ավելիին չի ձգտել եւ բավարարվել է իրեն թողնված բաժինով: Իսկ նման կադրերն իշխանական համակարգի համար մշտապես «գանձի» արժեք ունեն, եւ հենց սա է պատճառը, որ նրանց ոչ թե լուսանցքում են թողնում, այլ ինչ-որ մի նոր գործառույթով են օժտում:

Ի դեպ, նոր պաշտոնում Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը եւս քննարկումների թեմա է դարձել: Բանն այն է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, մինչեւ 2014-ի մայիսի 29-ին ստորագրված ԵՏՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելը, պաշտոնավարել է չորս տարի: Իսկ նույն փաստաթղթի 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ ԵՏՄ ղեկավարը, այդ թվում նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնողները, պաշտոնավարում են մեկ տարի եւ ռոտացիոն կարգով փոխվում են: Ուստի բնական հարց է ծագում՝ Տիգրան Սարգսյանը 2016-ի փետրվարի 1-ից սկսած քանի տարի է պաշտոնավարելու: ՀՀ կառավարությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ նա պաշտոնավարելու է 4 տարի: Իսկ Հայաստանը ԵՏՄ-ում նախագահությունը կստանձնի մեկ տարով՝ 2016-ից:

Թամարա Միքայելյան
Վահագն Հովակիմյան




Լրահոս