Հարսնաքարի գործով ամբաստանյալները ցուցմունք կտան առանց տեսանկարահանման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով այսօրվա նիստում բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը ցուցմունք տալու ընթացքում ամբաստանյալներին չտեսանկարահանելու մասին: Դատարանն ընդգծեց, որ հասարակական հնչեղություն ունեցող գործը կարելի է լուսաբանել նաև առանց տեսախցիկն ամբաստանյալների վրա ուղղելու:
Դատարանն այս որոշումն ընդունեց՝ բավարարելով ամբաստանյալ Արման Խաչատրյանի միջնորդությունը: Նա հայտարարեց, որ ինքը պատրաստ է ցուցմունքներ տալ՝ տեսախցիկների բացակայությամբ:
Ամբաստանյալ Արման Խաչատրյանը հայտնեց, որ ինքը չի մասնակցել ծեծին, իսկ մյուս ամբաստանյալների վերաբերյալ ոչինչ չի կարող ասել՝ չի տեսել: Ըստ նրա՝ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը նախատում էր մատուցող Դավիթ Ադամյանին՝ տուժող, բռնարարքի հետևանքով 12 օր անց մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանին հարվածելու համար: Իրենք հավաստիացնում էին, որ Դ.Ադամյանը կպատժվի, առաջարկում հաճախորդների ներկայությամբ խոսակցությունը չշարունակել, և այն հետաձգել վաղվան:
Ամբաստանյալը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում նշել է, որ ինքը համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է, ինչը սխալ է, ինքը համալիրի աշխատակիցն է, իսկ համալիրը պատկանում է Ռ.Հայրապետյանին:
Դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների պատճառով հրապարակվեցին Ա.Խաչատրյանի նախաքննական ցուցմունքները: Ըստ դրանց՝ ինքը որևէ մեկին չի հարվածել, միայն բաժանել է: Ըստ նրա՝ տուժողները խմած էին, իրենց ագրեսիվ էին պահում, ,ոտքերով-ձեռքերով հարվածող մարդկանցե չի նկատել:
Մեղադրող Արթուր Դավթյանը հարցրեց, թե ինչո՞վ է բացատրում հակասությունը՝ նախաքննության ընթացքում ասել է “Գարիկն ու մատուցող Ալիկը կռվում էին” (ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանն ու Դավիթ Ադամյանը), իսկ հիմա ասում է՝ կռվում էին Ալիկի հետ, իսկ Գարիկը “բաժանում էր”՝ ամբաստանյալը հայտարարեց, որ որևէ հակասություն չկա, ինքը պարզապես դատարանում ավելի մանրամասն ցուցմունք է տվել:
Այսօրվա նիստում, ի դեպ, Գարիկ Մարգարյանը հրաժարվեց ցուցմունքեր տալուց: Դատարանում հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Որպես վկա հարցաքննվելիս նա հայտնել էր, որ մոտենալով համալիրի ավտոկայանատեղիին՝ նկատել է, որ “Ալիկին քաշքշում են, երևում էր, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ էին, չեմ վիճել, բաժանել եմ և գնացելե: Իսկ որպես կասկածյալ տված ցուցմունքում նա հայտնել էր, որ միջամտել է և թույլ չի տվել, որ կռիվը շարունակվի, Ալիկին ասել է, որ տղաներին՝ տուժողներին, համոզել է, որ հեռանան, պատահական տաքսի է կանգնեցրել ու կեսգիշերին մոտ գնացել տուն: Գ.Մարգարյանը, որպես մեղադրյալ, առաջին ցուցմունքում մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չէր հայտնել, ասելով, որ հետագայում կհայտնի և օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվել էր ցուցմունքներ տալուց, իսկ որպես մեղադրյալ հաջորդ ցուցմունքում իրեն մեղավոր չէր ճանաչել առաջադրված մեղադրանքում: Որպես մեղադրյալ նրա լրացուցիչ ցուցմունքում Գ.Մարգարյանն իր վրա առկա վնասվածքների վերաբերյալ հայտնել էր, որ դրանք ստացել է մինչև ձերբակալվելը ըմբշամարտի պարապմունքների ժամանակ: Նա հրաժարվել էր պատասխանել հարցին, թե Ռուբեն Հայրապետյանին տեսե՞լ է “Հարսնաքար”-ում, սակայն այսօր միայն այդ մասով ցուցմունք տվեց և հայտնեց, որ Ռ.Հայրապետյանին դեպքի օրը համալիրի տարածքում չի տեսել:
Հաջորդը պետք է ցուցմունք տար ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, սակայն նա և ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը հայտնեցին, որ իրենց վատ են զգում, ունեն գլխացավ ու գլխապտույտ: Նրանց բուժօգնություն ցույց տալուց հետո դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 9-ը: Ըստ ամենայնի՝ այդ օրը ցուցմունքներ կտա Նորայր Հայրապետյանը:
“Փաստինֆո”




Լրահոս