ՕԵԿ-ԻՆ ԼԱՎ ՉԵ՞Ն ԸՆԿԱԼԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, որը ծագումով Արարատի մարզից է, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ինքը Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատու է: “Մենք այլ սկզբունքով ենք աշխատում, մենք երբեք ձայներ չենք խոստանում, աշխատում ենք ժողովրդի հետ` մեր նախընտրական ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ”,-ասաց Խաչատրյանը:
-Պարո՛ն Խաչատրյան, ՕԵԿ քաղխորհրդի բոլոր անդամները Երեւանի ավագանու ընտրություններում որեւէ վարչական շրջանի պատասխանատու են: Ձեզ վրա ո՞ր տարածքի պատասխանատվությունն է դրված, եւ որքա՞ն ձայն եք խոստացել, որ կապահովեք:
-Իսկապես, քաղխորհրդի յուրաքանչյուր անդամ ունի պատասխանատվության իր տարածքը: Իմ պատասխանատվության ներքո է գտնվում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանը: Իսկ ինչ վերաբերում է այսպես ասած խոստացված ձայներին, ապա պետք է նշեմ, որ մենք այլ սկզբունքով ենք աշխատում: Երբեք ձայներ չենք խոստանում, աշխատում ենք ժողովրդի հետ՝ մեր նախընտրական ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ: Իսկ արդեն բուն ընտրական գործընթացը մեզ համար կազմակերպչական-տեխնիկական բնույթի աշխատանք է, որը եւ պատշաճ կերպով իրականացնում ենք:
-2009թ. Երեւան քաղաքի ընտրություններին ՕԵԿ-ը չկարողացավ հաղթահարել անհրաժեշտ արգելքը եւ ավագանու անդամներ չունեցավ: Այժմ ի՞նչ երաշխիքներ կան, որ ՕԵԿ-ը հաջողություններ կունենա:
-Կցանկանայի նշել, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրություններին ՕԵԿ-ին ընդամենը մեկ տոկոս չբավարարեց անհրաժեշտ արգելքը հաղթահարելու համար: Այդ ընտրությունները հաջորդել են 2008թ. հայտնի քաղաքական իրադարձություններին: Այդ ժամանակ ՕԵԿ-ը կայացրեց մեր հասարակության համար կարեւոր քաղաքական որոշում, որը շատերի մոտ ճիշտ չընկալվեց եւ իր ազդեցությունն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա: Սակայն այսօր իրավիճակն այլ է, այս հինգ տարիների քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ մենք ճիշտ էինք մեր դիրքորոշումներում, հասարակության մեջ ՕԵԿ-ի այդ դիրքորոշումը վերագնահատվել է, կուսակցության վարկանիշն օրեցօր աճում է, ավելի ու ավելի շատ մարդիկ արդեն այսօր բարձրաձայնում են մեր քայլի ճշմարտացիության մասին:
-Եթե ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը դրական է համարում Տարոն Մարգարյանի աշխատանքը, ապա ի՞նչ հաշվարկներով է առաջադրել Արմեն Երիցյանի թեկնածությունը:
-Գիտեք, արված աշխատանքները դրական գնահատելը չի նշանակում, որ մենք դեռ անելու բան չունենք: Արմեն Երիցյանն իր անցած ճանապարհով, աշխատանքով արդեն ապացուցել է, որ ինքը լավ կառավարիչ է եւ ավելին, կարող է ստեղծել ու կայացնել համակարգ: Յուրաքանչյուր անհատ ունի իր ձեռագիրը, աշխատաոճը, ուստի չփնովելով գործող քաղաքապետի արած աշխատանքը՝ մենք ասում ենք, որ Երեւան քաղաքում Արմեն Երիցյանի գլխավորությամբ մենք կարող ենք ավելին:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս