Հայտնի հայրիկի մեծ ունեցվածքի տեր դուստրը. երիտասարդ դատավորը Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ դուստրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը սեպտեմբերին անդրադարձել էր ՀՀ վարչական դատարանի 33-ամյա դատավոր Անի Հարությունյանի պատկառելի ունեցվածքին, թե երիտասարդ դատավորն ինչպես է կարողացել այդքան արագ հարստանալ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ երիտասարդ դատավորն այնքան էլ անհայտ մարդու աղջիկ չէ. նա Սերժ Սարգսյանի մանկական ընկերոջ դուստրն է:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, ըստ նրա կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրի, Անի Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 62 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո: Վերջինս նախորդ տարվա ընթացքում նաեւ ստացել է 6 մլն 231 հազար դրամի եկամուտ՝ ինչ-որ շենք-շինությունների վարձակալության դիմաց: Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ երիտասարդ դատավորը 2013 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 7 հատ բնակարան, 3 հատ հասարակական նշանակության շինություն, «Volkswagen touareg 4.2» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ՝ բաժնետոմսեր` 27 մլն 900 հազար դրամ եւ 50 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ այս ունեցվածքի տեր երիտասարդ դատավորի ամսական աշխատավարձը կազմում է ընդամենը 420 հազար դրամ: Ուստի հարց է առաջանում՝ երիտասարդ դատավորը հիմք ուներ լավ գործարար լինել, ինչո՞ւ է ընտրել դատավորի պաշտոնը: Ինչեւէ: Անդրադառնանք, թերեւս, մյուս կարեւոր խնդրին՝ որտեղի՞ց երիտասարդ դատավորին այսքան կարողություն, Ի՞նչ ճանապարհով է վերջինս կարողացել այսքան կարողություն կուտակել: Պարզվում է՝ Անի Հարությունյանի հարուստ դատավոր լինելու գաղտնիքը հայտնի հայրիկ ունենալու մեջ է:

Ո՞Վ Է ԴԱՏԱՎՈՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ

Եվ այսպես, պարզեցինք, որ 33-ամյա Անի Հարությունյանի հայրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: Իսկ ինչով է հանրության հայտնի Գրիշա Հարությունյանը: Վերջինս Հայաստանի պետական մարմիններում սկսել է աշխատել 1990-ական թվականների սկզբներին, երբ նշանակվել է հատուկ ծրագրերի վարչության ղեկավար: Սակայն շատ կարճ ժամանակ անց Գրիշա Հարությունյանը հեղինակազրկվել է, քանի որ նրան ճանաչողները պատմում են, որ փող շատ է սիրում: Հենց աշխատանքի տարիներին նրա ղեկավարած վարչությունում չարաշահումներ են հայտնաբերվել, որոշ կասկածներ կային, որ դրանց առնչվել էր նաեւ Գրիշա Հարությունյանը, ինչի պատճառով էլ նրան հեռացրել են աշխատանքից:

ԱՆՀԵՏԱՑԱՎ, ՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Դրանից հետո Գրիշա Հարությունյանը երկար ժամանակ անհետացել է հորիզոնից եւ ընդհատակում մնացել մինչեւ 1994 թվականը, երբ Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Հենց Սարգսյանի օրոք Գրիշա Հարությունյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար:

ՊՆ փոխնախարարի կարգավիճակում էլ Գրիշա Հարությունյանը համակարգում էր բանակի տնտեսական հարցերը: Այդ ժամանակ նոր ձեւավորվող պաշտպանության նախարարությունը երկու խոշոր շինարարություն էր իրականացնում` մեկը ռազմական հոսպիտալի, մյուսը ռազմական ուսումնարանի կառուցումն էր: Եվ քանի դեռ նախարարը Սերժ Սարգսյանն էր, շինարարության ընթացքը ոչ մի վատ բան չէր կանխատեսում: Բայց երբ 1995թ. ՊՆ նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը, հետաքրքրվել էր շինարարությունների ֆինանսական հաշվետվություններով: Ինչպես եւ սպասվում էր՝ Գրիշա Հարությունյանն այդտեղ էլ էր չարաշահումներ թույլ տվել, ինչի համար Վազգեն Սարգսյանը որոշել է պատժել փոխնախարար Հարությունյանին:

Վերջինս ստիպված փախել է երկրից: Տարիներ հետո, դարձյալ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ, վերադարձել է ու հայտնվել ոչ ավել, ոչ պակաս ազգային անվտանգության փոխնախարարի պաշտոնում: Այս տարիներին արդեն Գրիշա Հարությունյանին վստահվել է Հայաստանում սեւ եւ գունավոր մետաղների արտահանման բացառիկ իրավունքը: Եվ պատահական չէ, որ մետաղների արտահանմամբ զբաղվող ամենախոշոր եւ, կարելի է ասել, միակ կազմակերպությունը պատկանում է Գրիշա Հարությունյանի եղբորը՝ Միքայել Հարությունյանին:

ՈՒՆԵԶՐԿԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԸ

Այսքանով Գրիշա Հարությունյանի շուրջ աղմկալի պատմությունները չեն դադարում: Ինչպես գիտեք՝ Գլխավոր պողոտայի շինարարության համար այդտեղ բնակվող քաղաքացիներին անխտիր վտարում էին իրենց սեփական տներից: Երեւանցիներին ունեզրկածներից մեկն էլ հենց Գրիշա Հարությունյանն էր` իր «Գրիար» ՓԲԸ-ով: Այդ կազմակերպության տնօրենն էլ Գրիշա Հարությունյանի փեսան է` Արթուր Յոլդանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյան Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է:

Ի դեպ, Գրիշա եւ Միքայել Հարությունյաններին են դե ֆակտո պատկանում այս օրերին ՀՀ քաղաքացիների գրպանին մեծ հարված հասցնող Երեւանի կարմիր գծերի վճարովի ավտոկանգառները՝ «Պարկինգ սիթի»-ն, ինչպես նաեւ՝ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ»-ը: Այսքանից հետո թերեւս զարմանալի չէ, որ Գրիշա Հարությունյանի դուստրը կարող է դատավոր դառնալ եւ 33 տարեկանում ունենալ պատկառելի կարողություն:

Քնար Մանուկյան




Լրահոս