«Պրոֆեսիոնալ մարմնավաճառը գիտի՝ ինչպես շահույթ ստանալ». ոչ տրադիցիոն սեռական գործողությունների պարտադրանք, թրաֆիքինգի մեջ մեղադրվող քույրեր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր պաշտպանական ճառով հանդես եկան թրաֆիքինգին նպաստելու մեջ մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանի պաշտպաններ Հրանտ Գևորգյանն ու Մերուժան Մկրտչյանը:

Պաշտպանական կողմը վստահ է, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղսագրվող արարքը բացատրվում է նրա քրոջ՝ Բավական Խաչատրյանի՝ նույն մեղադրանքով դատապարտված լինելու հետ. «Պարզվել է, որ նրանք 4 քույր են: Ինչո՞ւ մեղադրող կողմը քրեական հետապնդում չի սկսել մյուս երկու քույրերի նկատմամբ: Ակնհայտ է, որ մեր պաշտպանյալի նկատմամբ ինչ-որ տրամադրվածություն կա»,- մասնավորապես նշեց պաշտպանը:

34 էջ ծավալով պաշտպանական ճառում խոսվում էր նաև միջնորդությունների մերժման մասին՝ կապված Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Գերման Շտիլցին և ՌԴ-ում բնակվող Քրիստինե Ավետյանին չհարցաքննելու հետ: Հիշեցնենք, որ Գերմանը, ըստ ամբաստանվողի, վերջինիս քաղաքացիական ամուսինն է, իսկ Քրիստինեն ՌԴ-ում Հերիքնազի հետ ծաղկավաճառությամբ էր զբաղվել:

Ըստ պաշտպանական կողմի՝ միջնորդության բավարարումը շատ հարցերի պատասխաններ կտար. «Հերիքնազ Խաչատրյանը թիրախավորվել է: Ապացույցներով չի հիմնավորվել՝ Բավական և Հերիքնազ Խաչատրյանները հեռախոսային կապ ունեցել են, թե` ոչ: Եղե՞լ են արդյոք հանցակիցներ: Ապացույցների հիմքում դրվել են տուժողների անուղղակի ցուցմունքները: Մեղադրողն ամբողջությամբ կրկնել է նախաքննական մարմնի խոսքը: Գուցե, մարդուն անհիմն մեղադրելն ու երկարաժամկետ դատապարտելն ավելի՞ անբարոյական քայլ է: Հերիքնազ Խաչատրյանի՝ հանցավոր խմբվի անդամ լիրնելը հիմնավորվել է միայն այն հանգամանքով, որ նա Բավական Խաչատրյանի քույրն է: Տպավորություն է, որ այս գործը վերաբերում է Բավական Խաչատրյանին: Գործով անցնող տուժող կոչվածները չեն ասել՝ ինչ հիմքով են տուժող ճանաչվել՝ վարույթն իրականացնող մարմնի քմահաճությա՞մբ, թե՞ տուժողների պահանջով: Նրանք չեն ասել՝ ինչն է տուժել: Դատավարության մասնակիցներից ոմանք նրան անգամ չեն էլ ճանաչում: Նույնիսկ ինկվիզիցիայի ժամանակ նման ապացույցներով մարդ չէին պատժում»,- իր խոսքում նշեց պաշտպանը, ապա անդրադարձավ նաև տուժող Ելենա Ն.-ի հարաբերություններին և վերջինիս ցուցմունքներին.

«Հերիքնազ Խաչատրյանն ու նա վատ հարաբերություններ են ունեցել, և չի բացառվում, որ Ելենա Ն.-ը ընդդեմ մեր պաշտպանյալի ցուցմունքները տվել է այդ հարաբերությունների հողի վրա: Չի ապացուցվել հերիքնազ Խաչատրյանի և այդ մարմնավաճառների ունեցած կապը: Ելենա Ն.-ը պրոֆեսիոնալ մարմնավաճառ է, նա շատ լավ գիտի՝ ինչպես շահույթ ստանալ, ինչպես անել, ինչպես վարվել: Սակայն բողոքել է, թե Հերիքնազն իրեն ստիպել է ոչ տրադիցիոն սեռական գործողություններ անել: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է Ելենա Ն.-ն յուրաքանչյուր հաճախորդի ընդունելուց առաջ ալկոհոլ օգտագործել, երակները կտրել»:

Շարունակելով խոսքը՝ պաշտպանական կողմը գնահատեց, թե իրենց պաշտպանյալի մեղավորությունը չի ապացուցվել, իրենք հուսով են, որ դատարանը կհիմնվի դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների վրա և արդարացնող դատավճիռ կկայացնի:

Խոսքով հանդես եկավ Հերիքնազ Խաչատրյանը. միանալով պաշտպանական կողմին՝ հավելեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, և խնդրեց մեղմ վարվել:

Դեկտեմբերի 1-ին կհրապարակվի դատավճիռը: Մեղադրող կողմը միջնորդել էր դատապարտել 13 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Բավական Խաչատրյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հերիքնազ Խաչատրյանը նախորդ տարվա հունիսի 24-ին բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից՝ կավատությամբ զբաղվելու կասկածանքով: Նա 2013-ի օգոստոսի 12-ից հետախուզման մեջ էր գտնվում Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, պահելը հանձնելը կամ ստանալը: Հերիքնազ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Հիշեցնենք նաև, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մանրավաճառությամբ, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի և Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ, անդամագրվել է նշված կազմակերպված խմբին:

Նշված երեք կանայք իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում: Այսպես, Նելլի Ներսիսյանը, ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, «ստացել» նրանց այդ քաղաքում, իսկ Հերիքնազ և Բավական Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:




Լրահոս