Շիրակի դատարանն ունի՞ անհրաժեշտ անվտանգության միջոցներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիի բնակիչներ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործը երեկ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Այս քրեական գործն իր բնույթով եւ հնչեղությամբ աննախադեպ է: Ուստի «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանից պարզել, թե արդյոք իրենց դատարանը ունի անհրաժեշտ անվտանգության միջոցներով կահավորված մեծ դահլիճ, եւ հնարավոր է, որ նիստը արտագնա՝ Երեւանում տեղի ունենա:

Ըստ Հովհաննիսյանի՝ իրենց դատարանն անհրաժեշտ բոլոր պայմաններն ունի՝ Պերմյակովի դատավարությունը կազմակերպելու համար: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե հնարավոր է, որ գյումրեցիների ինքնադատաստանից խուսափելու համար որոշվի գործի դատավարությունը Երեւան տեղափոխել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ հարցը կլուծի գործը վարող դատավորը, որտեղ կորոշի քննել, այնտեղ էլ կքննի: Իհարկե, չի բացառվում, դա օրենքով նախատեսվող պրոցես է, կարող է նաեւ արտագնա նիստ լինել»: Գործը քննող դատավորի անունը հայտնի կդառնա առաջիկա երկու օրերին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս