«Վարդուհի Վարդերեսյանը Ֆրունզիկի կնիկ տեսակն էր…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թատրոնը չլքեցի: Շատերը թողեցին ու հեռացան, բայց ես մնացի: Որովհետեւ անցյալի վարպետների ոգին թատրոնում է: Կարծես ինձ հուշում էին, թե մի՛ լքիր, գոնե դու մնա թատրոնում»,-սրանք Վարդուհի Վարդերեսյանի խոսքերն են, որ կարդում ենք նրա տված հարցազրույցներից մեկում: Ու թեեւ դերասանուհին հեռացավ, բայց նրա ոգին կմնա հայ թատրոնում իր ասած` «անցյալի վարպետների ոգիներին» ձուլվելով:Նոյեմբերի 24-ին տարածվեց ՀԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, Երեւանի պատվավոր քաղաքացու մահվան մասին բոթը: 87 տարեկան հասակում սիրված դերասանուհին հեռացավ կյանքից: Հայտնի է, որ նա վատառողջ էր:

Անույշի դերը (Հ.Պարոնյանի "Պաղդասար աղբար"), Մհեր Մկրտչյանի (Պաղդասար) և Ռաֆայել Քոթանջյանի հետ
Անույշի դերը (Հ.Պարոնյանի “Պաղդասար աղբար”), Մհեր Մկրտչյանի (Պաղդասար) և Ռաֆայել Քոթանջյանի հետ

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ տիկին Վարդուհին մեծ դերասանուհի էր ոչ միայն իր պրոֆեսիոնալիզմով, այլեւ իր վարվելակերպով, պահելաձեւով, իր մարդկային հատկանիշներով, երիտասարդ սենդին ընդառաջելով: «Իսկ տաղանդի առումով նա Ֆրունզիկի կնիկ տեսակն էր»,-ասաց Ա. Մարությանը:

Նա հիշեց Վարդուհի Վարդերեսյանի հետ կապված մի դեպք, որը տեղի է ունեցել Լեւոն Շանթի «Հին աստվածներ»-ը խաղալիս. «Ինքը իշխանուհու դերն էր խաղում, ես` վանահոր: Այդ դերը երկուսով էինք խաղում` մեկ ես, մեկ` Լորենց Առուշանյանը: Ներկայացման մեջ մի տեսարան կա, որտեղ վանահայրն ասում է. «Կավարտեմ ու կերթամ»: Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, բայց այդ ռեպլիկը չասացի, բաց թողեցի: Ինքը պետք է դրանից հետո իր խոսքը շարունակեր, բայց իմ պատճառով չէր կարողանում դա անել: Ներկայացումից հետո ասաց. «Ինչի՞ չըսեցիր` կավարտեմ ու կերթամ, դու պիտի ըսեիր, այդպես չի՛ կարելի, տղա՛ս, ամբողջ տեսարանը փչացուցիր»: Ես էլ ասացի. «Կներե՛ս, Կարպովնա, մոռացա, այլեւս նման բան չի կրկնվի»:

Խոսեցինք ու գնացինք: Արդեն հաջորդ ներկայացումից առաջ ես Լորենց Առուշանյանին հատուկ զգուշացրի, որ հանկարծ ինքն էլ այդ ռեպլիկը չմոռանա արտասանել, թե չէ` Կարպովնան կջղայնանա: Լորենցն էլ թե. «Ի՞նչ ես ասում, էդ դու ես մոռանում, ես չեմ մոռանա»: Թարսի պես եկավ ու ինքն էլ մոռացավ: Վարդուհուն թվաց, թե իր դեմ «դիվերսիա» ենք կազմակերպել»,- հիշեց Ա. Մարությանը:

Քլերի Ցախանասյանի դերը (Ֆ.Դյուրենմաթի "Ծեր տիկնոջ այցը"), Կարեն Ջանգիրովի (Ալֆրեդ Իլ) հետ
Քլերի Ցախանասյանի դերը (Ֆ.Դյուրենմաթի “Ծեր տիկնոջ այցը”), Կարեն Ջանգիրովի (Ալֆրեդ Իլ) հետ

Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Ռոման Բաբայանն էլ մեզ պատմեց, որ երբ ինքը նոր էր ավարտել թատերական ինստիտուտը, ընդունվել թատրոն, «Ծեր տիկնոջ այցը» ներկայացման մեջ Վարդուհի Վարդերեսյանի հետ խաղալու առիթ է ունեցել. «Ինձ համար մեծ պատասխանատվություն էր նրա հետ մեկ բեմում հայտնվելը:

Ներկայացման մեջ մի կտոր կար, որտեղ ես պետք է նրա վրա գոռայի, հետը բարձր խոսեի, բայց երբ գիտակցում էի` ով է իմ առջեւ կանգնած, ոչ մի կերպ չէր ստացվում: Ինձ նկատողություն էին անում, թե այդ դրվագն ինչպես պետք է խաղամ, բայց էլի չէի կարողանում: Մի անգամ էլ կուլիսներում տխուր նստած էի, տիկին Վարդուհին եկավ, հարցրեց, թե ինչու ինձ մոտ չի ստացվում, ասացի, որ ամաչում եմ իրենից: Նա ինձ շատ քաջալերեց, ասաց. «Մոռացիր, որ ես եմ բեմի վրա, ինչպես զգում ես, այնպես էլ խաղա»: Տիկին Վարդուհու խոսքերն ինձ թեւեր տվեցին, եւ ամեն բան ստացվեց: Այդտեղից էլ սկսվեց մեր մտերմությունը»,-հիշեց Ռոմանը` հավելելով, որ Վարդուհի Վարդերեսյանը երիտասարդների լավագույն խորհրդատուն էր, նրանց ճիշտ ուղու վրա դնողը…

Հ.Գ. «Ժողովուրդ»-ը ցավակցում է Վարդուհի Վարդերեսյանի բարեկամներին եւ հարազատներին` մեծ կորստի կապակցությամբ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս