Ցավոք սրտի, ինձ անպատվել են. դերասանություն, թատրոն, մարդասպան. Վարդան Պետրոսյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սա իմ առաջին ու վերջին այցն է լինելու այստեղ: Դիրքորոշումս միշտ ասել եմ ու էլի ասում եմ՝ ես պատրաստ եմ հոգալ Տաթեւիկի բուժման ծախսերը, այդ ամենն ասում եմ ազնիվ սրտով, մտածելով, որ Տաթեւիկն իմ աղջիկն է, իսկ այն երկու զոհված տղաները՝ իմ որդիները: Ցավոք սրտի, ինձ անպատվել են. դերասանություն, թատրոն, մարդասպան եւ այլն, բայց այս ամեն ինչը ես հանդուրժել ու ընդունել եմ՝ մտածելով, որ այս ծանր վիշտն իմ մեղավորությամբ էր»,- երեկ դատարանում հայտարարեց դերասան Վարդան Պետրոսյանը: Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Տաթեւիկ Հակոբյանի քաղաքացիական հայցի քննությունն ընդդեմ Վարդան Պետրոսյանի, վնասի փոխհատուցման պահանջով: Նիստի կեսն ընթացավ դռնփակ, քանի որ, հայցվորի ներկայացուցչի խոսքերով, հրապարակվելու էին անձնական տվյալներ, դատական նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ գործը քննելու են երկու մասով. Տաթեւիկի մասով գործը կքննեն դռնփակ, փաստաբանի մասով` դռնբաց: Դերասանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ պատրաստ է հոգալ աղջկա բուժման բոլոր ծախսերը։

«Ես ինքս անհարմար եմ զգում այս դատական պրոցեսների շարունակությունից, էլի դատ, էլի դատ: Հասկանում եմ, որ իրենք էլ հաճույքով չեն գալիս, առանց դատի հնարավոր է այս հարցը լուծել, հավատացեք, ես հաշտության կողմնակից եմ»,- ասաց Վարդան Պետրոսյանը: Հայցվոր Տաթեւիկ Հակոբյանն էլ ասաց, որ, ըստ բժիշկների, իրեն 2 տարի է անհրաժեշտ բուժումն ավարտելու համար: Ի դեպ, նախապես պայմանավորվածություն կար, որ աղջիկը պետք է բուժում ստանար «Կարմիր խաչի» հիվանդանոցում, սակայն այժմ ցանկանում է բուժվել «Գոլդ ջիմ» մարզասրահում, քանի որ այն ավելի մոտ է իր աշխատավայրին: Վարդան Պետրոսյանը համաձայնեց՝ արձագանքելով. «Աստված ձեզ հետ, ուր ուզում եք՝ գնացեք»: Իսկ որպես փաստաբանի ծախսերի փոխհատուցում, հայցվորը պահանջեց 3 միլիոն դրամ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս