Հրաշալի օպերացիայի 50 վայրկյաններն ու դերակատարների զգեստափոխությունը. «զինված հանցախմբի վնասազերծման» գործընթացը մե՞կ օր չեն նկարահանել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր հատուկ ծառայության տղաները՝ ազգային անվտանգության և ոստիկանության, հրաշալի օպերացիա իրականացրին, որը տևեց ընդամենը 50 վայրկյան. առանց մարդկային զոհերի, առանց վնասվածքների: Բա՛րձր որակի միջոցառում անցկացրին: Գերակշիռ մասը մեր հասարակության գնահատեցին և շնորհակալություն հայտնեցին: Ավելորդ չեմ համարում իմ խոնարհումն ու երախտապարտությունը հայտնեմ բոլոր այն տղաներին, ովքեր առաջին գծում մասնակցեցին բուն պրոցեսին: Իմ խորին հարգանքն ու սերը Ձե՛զ՝ իմ եղբայրնե՛ր. ես պատիվ ունեմ Ձեզ հետ ծառայելու: Էդ տղաները՝ մահն աչքերի առաջ, իրենց անձը զոհաբերելով, իրենց երեխաների ապագան զոհաբերելով՝ մտել են մի որջ, հըլը դեռ ծաղրում են՝ շոու են կազմակերպել… երևի՝ ձեր տեսակով շոու կազմակերպողներ եք… Ազգային անվտանգությունը, ոստիկանությունը, իրավապահ մարմինները շոուներ չեն կազմակերպում, սադրիչներ չեն պահում: Սադրիչներ նրա՛նք են պահում, ովքեր շատ են խոսում խաղաղությունից. ես վախենում եմ, որովհետև խաղաղությունից խոսացողը պատերազմի ա պատրաստվում»:

Ահա այսպիսի հայտարարություն է արել այսօր՝ նոյեմբերի 30-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը օպերատիվ խորհրդակցության ժամանակ՝ անդրադառնալով նոյեմբերի 25-ին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում «զինված հանցավոր խմբավորման» 10 անդամներին վնասազերծելու գործողություններին:

Այսպիսով՝ պարզվում է, որ վնասազերծման օպերացիան տևել է մոտ 1 րոպե. եվ այստեղ է, որ առաջանում է տրամաբանական հարցը՝ ինչպե՞ս են 50 վայրկյանի ընթացքում ԱԱԾ-ի կազմակերպած միջոցառման դերակատարները հասցրել զգեստափոխվել: Գուցե նկարահանումները երկու օր են իրականացվել:

Հարցի պատասխանն այս պահին ստանալը այնքան էլ հեշտ չէ, քանի որ քննությունն ԱԱԾ-ն է իրականացնում. լռության ուխտ են կնքել:

Այդուհանդերձ, ArmLur.am-ը փորձեց վերը նշված հակասության մեկնաբանությունը ստանալ գործով անցնող փաստաբաններից, սակայն ապարդյուն: Մեզ հաջողվեց պարզել, որ բացի մինչ օրս հիշատակված փաստաբաններից, անցնում է նաև Կարինե Խաչատրյանը: Վերջինս հրաժարվեց հայտնել, թե կոնկրետ ում շահերն է պաշտպանում՝ նշելով միայն, որ իր պաշտպանյալը հրաժարվել է որևէ դիրքորոշում հայտնել մեղադրանքի վերաբերյալ: Կարինե Խաչատրյանի փոխանցմամբ՝ նախաքննության շահերից ելնելով՝ որևէ բան ասել չի կարող և հավելեց, որ փաստաբաններն իրենց պաշտպանյալներին կարողացել են հանդիպել միայն ԱԱԾ-ում, իսկ այստեղ, ինչպես մեր զրուցակիցը նկատեց, «պատերն էլ ականջներ ունեն». «Մենք ինքնե՛րս ենք արգելել մեր պաշտպանյալներին որևէ բան պատմել: Լրագրողներն էլ պետք է հասկանան, որ նրանց հարազատները մտահոգված են՝ հանկարծ անունները չարատավորվեն»,- շարունակեց Կարինե Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է «զինված հանցախմբի անդամների» զգեստափոխմանը՝ փաստաբանը ևս որևէ բան չասաց՝ կրկնելով միայն, որ իրենց պաշտպանյալների հետ դեռևս մանրամասն չեն խոսել և ԱԱԾ-ի հետ «լռելու» պայման են կնքել:

Մնում է հուսալ, որ ողջ իրականությունը այս՝ իսկապես առեղծված դարձած «հատուկ օպերացիայի» մասին կարճ ժամանակում ջրի երես դուրս կգա:

Տաթև Հարությունյան




Լրահոս