«ԴՈՒԴՈՒԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՒՂԱՄԸ ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը երկու նոր ալբոմ է պատրաստում, որոնք շուտով կներկայացնի հանդիսատեսին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է դուդուկի եւ հայերիս շրջանում այդ գործիքին առնչվող ասոցիացիաների մասին: Երաժիշտը շեշտել է, որ դուդուկն ունակ է արտաբերելու այնպիսի երաժշտություն, որի ներքո հնարավոր է անգամ պարել: Նա պատմել է նաեւ պապիկի` ավագ Ջիվան Գասպարյանի հետ կապված իր ծրագրերի մասին:

-Ջիվա՛ն, դուդուկի հնչյունները նորովի մատուցելու փորձեր եք անում: Ինչպե՞ս են դրանք ընթանում, հիմա ի՞նչ գործերի վրա եք աշխատում:
-Ասեմ, որ նոր ալբոմ եմ ձայնագրել, որը կոչվում է «Night city»: Դրանում ներառված 7 ստեղծագործությունից յուրաքանչյուրը մի պատմություն է: Արծարծվող թեման միայն մեր քաղաքին` Երեւանին չի վերաբերում: Ես օգտագործել եմ դուդուկի տեմբրը, ոչ թե մելիզմները, երաժշտությունն էլ հայկական չէ: Սրանք նոր գործեր են, որոնք ոչ ոք դեռ չի լսել: Ի դեպ, ուզում եմ՝ այդ գործերից մեկի հիման վրա մեր գիշերային Երեւանը նկարահանենք, իսկ հետո նաեւ` այլ քաղաքներ, բայց առաջինն, իհարկե, մերը պետք է լինի (ժպտում է): Բացի այդ` ես, Վահագն Հայրապետյանն ու Արմեն Հյուսնունցը Ալեքս Պապոյանի հետ մի քանի ամիս առաջ Գերմանիայում ալբոմ ենք ձայնագրել: Այնտեղ ներառվել է մեր համերգը` կենդանի ձայնագրությամբ: Այն հանդիսատեսին կներկայացվի հունվարին:
-Տեւական ժամանակ ԱՄՆ-ում էիք, հետո վերադարձաք հայրենիք: Հետաքրքիր է` հիմա ապագայի պլանները ո՞ր երկրի հետ եք կապում:
-Կոնկրետ մի տեղ չկա: Հիմա լինում ենք Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում… Բայց Հայաստանն է իմ տունը, այստեղ եմ սիրում լինել…
-Ամանորին ընդառաջ որեւէ համերգ պլանավորո՞ւմ եք: Նոր տարին որտե՞ղ եք նշելու:
-Այս տարի շատ ծանրաբեռնված էինք, համերգներ ունեինք Ռուսաստանում, Եվրոպայում, տանը լինելու ժամանակ քիչ էր մնում: Այս տարի եւ, առհասարակ, Ամանորը նախընտրում եմ անցկացնել տանը` ընտանիքիս հետ:
-Դուդուկի սոլո համերգներ Հայաստանում, կարծես, հաճախ չեն կազմակերպվում, ինչո՞ւ:
-Նման համերգները մեծ մասամբ լինում են ակումբային վայրերում: Դուդուկը, միեւնույն է, մարդկանց մոտ ասոցացվում է տխուր երաժշտության հետ: Մտածում են, որ գնան դուդուկ լսեն, պետք է տխրեն: Դրսում, օրինակ` Ռուսաստանում, 3000 հոգանոց դահլիճի 90 տոկոսը ռուսներ են, եւ միայն 10 տոկոսն են կազմում հայեր: Այնտեղի հայերի շրջանում էլ դուդուկն ասոցացվում է, այսպես ասած, «տխուր գործիքի» հետ: Այնինչ՝ մեր համերգներից մարդիկ բոլորովին այլ տպավորություններ են ստանում: Նրանք մինչեւ երկու ժամ կարող են լսել դուդուկի նվագը եւ չձանձրանալ:
-Իսկ որ ավելի մտահոգիչ է, ոմանք դուդուկի հնչյուններն ասոցացնում են մուղամի հետ…
-Մուղամը նույնիսկ մերն էլ չի, հիմնականում պարսիկներինն է, մենք էլ մերն ունենք, բայց դուդուկի երաժշտությունը մուղամը չի…Այնքան լավ պարեր կան, որոնք պարում են դուդուկի երաժշտության ներքո. ոսկորներդ իրենք իրենց սկսում են շարժվել:
-Իսկ Ձեր պապիկի` ավագ Ջիվան Գասպարյանի հետ պլանավորո՞ւմ եք հանդես գալ որեւէ նոր, հետաքրքիր ծրագրով:
-Մենք հիմնականում ներկայանում ենք միասին, այդպես ժողովրդի համար հետաքրքիր է, հատկապես` դրսում: Հաջորդ տարի, օրինակ, պլանավորում ենք հետաքրքիր համերգներ կազմակերպել ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բոստոնում եւ այլ քաղաքներում: Մենք մտադիր ենք դուդուկը ցույց տալ բոլորովին նոր` բլյուզի ռակուրսից:
-Ասում են` երաժշտությունը ողջ մարդկության մայրենի լեզուն է…
-Այո… Արտերկրում մեր ելույթներն այնքան անսպասելի ընդունելություն են ունենում: Օրինակ` մի անգամ դահլիճից մի ռուս աղջիկ մոտեցավ ավագ Ջիվան Գասպարյանին, 25 տարեկան կլիներ, չէր տեսնում: Նա ասեղնագործ աշխատանք նվիրեց պապիկին, ուզում էր անպայման նրա ձեռքը սեղմել: Ասաց` ես Ձեր երաժշտությամբ եմ ապրում, այն ինձ տրամադրում է, որ մթության մեջ տեսնեմ լուսավոր մի աշխարհ…

 

 

 

 

«ՍԱՐԳԻՍԸ ՇԱՏ ԽՍՏԱՊԱՀԱՆՋ Է ԻՄ ՆԿԱՏՄԱՄԲ»

Դեկտեմբերի 15-ից «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սկսենք նորից» առավոտյան ծրագրի շրջանակներում հեռուստադիտողներն առիթ ունեցան տեսնելու նոր դեմքերի, այդ թվում` դերասան ամուսիններ Սարգիս եւ Մանո Գրիգորյաններին:

Հիշեցնենք, որ հաղորդման նախկին հաղորդավարուհիներից Լուլուն (Լուսինե Բադալյան) լրատվամիջոցներին ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի սկզբից պարտադրված արձակուրդի ավարտից հետո ինքը եւ Ժակն այլեւս «Կենտրոն» TV չեն վերադառնա, այնինչ՝ հեռուստաընկերությունը դեկտեմբերի 14-ից սկսում է իր նոր եթերաշրջանը՝ նոր ղեկավար կազմով: Ու չնայած հաղորդավարները շուրջ 5 տարի առավոտյան ծրագրի շրջանակներում ողջունել են հեռուստադիտողին, Լուլուն շեշտել էր, որ նորացված հեռուստաալիքում չընդգրկվելու հիմնական պատճառը նոր ղեկավարների հետ ունեցած տարաձայնություններն են, մոտեցումների, ճաշակի ու աշխատելաոճի կտրուկ տարբերությունները:
Մանո Գրիգորյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ թեմային, շեշտեց, որ իրենք մանրամասներից տեղյակ չեն. «Դա ներքին խոհանոցի խնդիր է, որի հետ մենք բացարձակ կապ չունենք: Ես շատ տխրել եմ, որ նրանք չեն վարելու հաղորդումը, եւ կցանկանայի, որ իրենք էլ լինեին եթերում»:
Նրա խոսքով` սա առաջին անգամն է, որ ինքն ու Սարգիսը միասին հանդես են գալիս նման ֆորմատում. «Երկար ժամանակ էր` ցանկանում էինք միասին եթերում լինել, կարծես թե ժողովուրդը սովոր է մեզ իրար հետ տեսնել»:
Ի դեպ, առավոտյան հաղորդման շրջանակներում առաջին եթերային օրը զույգը հետաքրքիր կերպ է ներկայացել հեռուստադիտողներին: Մանոն նախ հարցազրույց է վերցրել Սարգիսից, ապա «հրավիրել» իր հետ հաղորդում վարելու:
Մանոն մեզ հետ զրույցում անկեղծացել է ամուսնու հետ եթերում լինելու դժվարությունների թեմայի շուրջ` չմոռանալով շեշտել նաեւ դրա առավելությունները:
«Դրական հանգամանքն այն է, որ մենք արդեն իրար բավական լավ ենք ճանաչում, գիտենք մեկս մյուսիս հնարավորությունները եւ որ պահին կարողանում ենք, միմյանց օգնության ենք հասնում: Օգտակար է նաեւ այն հանգամանքը, որ շատ բաներ կարողանում ենք տանը քննարկել, մտքերով կիսվել. դա օգնում է աշխատանքի լավ որակի ապահովմանը: Իսկ բացասական (թեեւ դա ավելի շուտ առավելություն է) հանգամանքն այն է, որ Սարգիսը շատ խստապահանջ է իմ նկատմամբ, շատ խիստ կարող է դատել իմ աշխատանքը, ու չնայած որ ամուսինսն է, շատ ավելի մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում մեր համատեղ գործին»:
Մենք Մանոյից հետաքրքրվեցինք նաեւ, թե դերասան զույգերը միասին որեւէ ֆիլմում, սերիալում նկարահանվելու առաջարկ ստացել են, թե ոչ. «Սարգիսն ընդգրկված է մի շարք նախագծերում, իսկ ես զբաղված եմ երեխաների խնամքով եւ մեր համատեղ բիզնեսով, ուստի ժամանակ չի լինում նման նախագծերի համար: Այնուամենայնիվ, ես կցանկանայի Սարգիսի հետ նկարահանվել մի նախագծում, որի շրջանակներում կկերտեինք իրար հակակրող կնոջ եւ տղամարդու կերպարներ. կարծում եմ` հետաքրիր կլիներ…»,- եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԿԻՍԻՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է
Ռուս հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինն ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ հրաժարվում է համերգներ ունենալ Թուրքիայում այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական կառավարությունը չի ճանաչել 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն: «Ես հավատում եմ, որ երբ մարդիկ նման պետություններում իմանան, որ որոշ երաժիշտներ հրաժարվում են համերգ ունենալ այդտեղ, քանի որ նրանց դուր չի գալիս այն, ինչ անում են այդ երկրների ղեկավարները, դա մտավորականներին ավելի գիտակից կդարձնի»,¬ «Արմենպրես»¬ի փոխանցմամբ՝ ասել է Կիսինը՝ հավելելով, որ ինքը չի դատապարտում իր այն գործընկերներին, ովքեր համերգներ են ունենում ավտորիտար երկրներում: «Դա նրանց ընտրությունն է»,¬ ասել է ռուս աշխարհահռչակ երաժիշտը, ով դեկտեմբերի 16¬ին հրեա կոմպոզիտորներին նվիրված համերգ կունենա «Քարնեգի հոլ»¬ում:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլին Կիսինը ժամանել էր Հայաստան, որտեղ լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ կոչով կդիմի համաշխարհային արվեստագետներին եւ մշակույթի գործիչներին, որպեսզի նրանք միջազգային հանրությանը հորդորեն ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

 

ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերի նոր ֆիլմը, որը կպատմի Հայոց ցեղասպանության մասին, դեկտեմբերին դուրս կգա մեծ էկրաններ: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, այս մասին Ստամբուլի «Նոր Մարմարա» պարբերականի հետ զրույցում հայտնել է Ալփերը: «Հովի հուշերը» անունը կրող ֆիլմը պատմում է ընդդիմադիր հայ լրագրող, մտավորական Արամի մասին: Դեպքերը տեղի են ունենում 1940-ական թվականներին, երբ Արամը տարվում է 1915 թվականի Մեծ եղեռնի հուշերով ու սկսում է տառապել դրանց բացած բարոյական վերքերից: Խոսելով ֆիլմի մասին՝ ռեժիսորը նկատել է, որ իր նպատակն անցյալը հետ բերելն է, քանի որ հենց անցյալն է պայմանավորում ներկան ու ապագան:

 

ԴԻՐՔԵՐԸ ԶԻՋԵԼ Է
Վերջին քսան տարիներին Մըրայահ Քերիի «All I Want for Christmas Is You» երգը Սուրբ Ծննդյան ամենահայտնի երգն էր: Բայց այս տարի երգչուհին իր դիրքերը զիջել է ամերիկյան The Shins խմբին: PlayNetwork ծառայությունը վերլուծել է աշխարհի հարյուր երկրների տվյալները եւ կազմել սուրբծննդյան 20 ամենահանրահայտ երգերի ցանկը: Առաջին հորիզոնականում The Shins-ի «Wonderful Christmastime» երգն է, երկրորդում` Մըրայահ Քերիի «All I Want For Christmas Is You»-ն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Քրիստինա Ագիլերան` իր Christmas Time երգով: Քսանյակում ընդգրկվել են նաեւ Էլլա Ֆիցջերալդի, Փոլ Մըքքարթնիի, Էլվիս Փրեսլիի եւ այլոց երգերը:




Լրահոս