Պաշտոնական վիճակագիրներն ամեն ինչ անելու են՝ վարչապետի հանձնարարած տնտեսական աճը «նկարելու» համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրությունը սկսել է ամփոփել այս տարվա 11 ամիսների տնտեսական ցուցանիշները , եւ ներկայացվող տվյալներից պարզ է դառնում, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն անգամ պաշտոնապես նվազել է:

Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա տասնմեկ ամիսների արդյունքներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 2,9 տոկոսով: Սա այն դեպքում, երբ նախորդ ժամանակահատվածում, այսինքն՝ տասը ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել էր 3,5 տոկոսով: Այսինքն՝ մեկ ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 0,6 տոկոսով:

Առեւտրաշրջանառությունն այս տարվա 11 ամիսների արդյունքներով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7,1 տոկոսով: Ի դեպ, մեկ ամիս առաջ առեւտրաշրջանառության ցուցանիշն, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել էր 6,4 տոկոսով: Այսինքն՝ ստացվում է, որ վերջին մեկ ամսում սպառողը շարունակել է աղքատանալ, եւ նրա գնողունակությունը նվազել է եւս 0,7 տոկոսով: Այսպիսով` ընթացիկ տարվա տասնմեկ ամիսների արդյունքներով առեւտրաշրջանառությունն անցած տարվա համեմատ նվազել է 153 միլիարդ 179 միլիոն դրամի չափով:

Վերը բերված թվից 15 միլիարդ դրամի նվազումը բաժին է հասնում հենց նոյեմբերին: Սակայն ներկայացված թվերը իրենց մեջ ներառում են նաեւ այս տարվա գնաճը, որը, ըստ պաշտոնական թվերի, կազմել է 4,1 տոկոսո: Այլ կերպ ասած՝ իրականում այս տարվա առեւտրաշրջանառության թվի անկման պատկերն ավելի վատն է, քան ներկայացված է ԱՎԾ-ի պաշտոնական տվյալներում:

Ի դեպ, անցած 11 ամիսների արդյունքներով այս տարվա ընթացքում առաջին անգամ նաեւ շինարարության ծավալների անկման ցուցանիշ է արձանագրվել: Նախորդ ամիսներին գնաճի շնորհիվ պաշտոնական վիճակագիրները կարողանում էին քողարկել շինարարության ծավալների անկումը: Բայց տասնմեկ ամիսների կտրվածքով այլեւս անհնար է եղել այդ տվյալը թաքցնել: Տոկոսային արտահայտությամբ շինարարության ծավալների անկումը կազմել է 3,1 տոկոս, իսկ գումարային արտահայտությամբ խոսքը 11 միլիարդ 280 մլն դրամով ավելի քիչ շինարարություն կատարելու մասին է:

Հունվար-նոյեմբեր ամիսներին արտաքին առեւտրաշրջանառությունը կամ ավելի պարզ ասած՝ արտահանումը եւ ներմուծումը միասին վերցրած անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 20,6 տոկոսով: Մասնավորապես, արտահանման մասով անկումը կազմել է 4,7 տոկոս, կամ նույնն է թե՝ 67 մլն դոլար: Բացի այդ, ինչպես հայտնի է, տրանսֆերտներից ստացվող գումարները եւս այս տարի կտրուկ նվազել են: Իհարկե, տասնմեկ ամիսների արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, բայց հայտնի է, որ տասը ամիսների արդյունքներով տրանսֆերտներն, անցած տարվա համեմատ, նվազել են մոտ կես միլիարդ դոլարի չափով: Այսինքն՝ Հայաստանը ամեն կողմից աղքատացել է, ուստի նման պայմաններում ներմուծման ծավալների 26,2 տոկոսի անկումը դառնում է լիրաժեք կանխատեսելի ցուցանիշ:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 21-ին տեղի ունեցած կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական վիճակագիրներին հանձնարարել էր տարվա արդյունքներով տնտեսական աճ արձանագրել: «Եթե որոշ մարդիկ ենթադրությամբ են խոսում, ապա մենք թվերով ու հաշվարկներով ենք հիմնավորում, որ տնտեսական աճ ունենալու ենք»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը: Նա նաեւ կոնկրետ թիվն էր նշել` 2-3 տոկոս: Ուստի անկախ նրանից, թե Հայաստանի տնտեսությունում ինչ բացասական զարգացումներ տեղի կունենան, եւ որքան մարդիկ կաղքատանան, միեւնույն է՝ պաշտոնական վիճակագիրներն ամեն ինչ անելու են՝ վարչապետի հանձնարարած տնտեսական աճը «նկարելու» համար:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս