Շաքրո Մոլոդոյը դեռևս Հայաստանում է. որն էր «օրենքով գողերի» գալու նպատակը, և երբ են նրանք մեկնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ հունվարի 6-ին հայտնի «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը (Զախարիյ Կալաշով) ժամանել է Հայաստան և այստեղ գտնվելու ողջ ընթացքում եղել է Ծաղկաձորում: ArmLur.am-ին հայտնի էր դարձել նաև, որ նրան դիմավորել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաև «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը:

«Օրենքով գողը» մեր երկրում իր ամանորյա հանգիստն էր անցկացնում: Նրա հետ Հայաստան էին ժամանել մի քանի այլ «օրենքով գողեր» ևս: Վերջիններիս Հայաստան ժամանման նպատակը նույնպես ամանորյա հանգիստն էր:

Եվ այսպես, ArmLur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ «օրենքով գողերը» դեռևս Հայաստանում են: Նրանք կմեկնեն վաղը՝ հունվարի 12-ին: Ի դեպ, հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին դեպի Մոսկվա կճանապարհեն նույն անձինք:

Ինչպես հայտնի է՝ Շարքո Մոլոդոյն և մի քանի այլ «օրենքով գողեր» առաջին անգամ չէ, որ գալիս են Հայաստան: Դեռևս 2015 թվականի սկզբին մեր երկրում տեղի է ունեցել քրեական աշխարհի ներկայացուցիչների վերջին տասը տարիների ամենախոշոր հավաքը: Ի սկզբանե միջոցառումը պետք է կայանար Մոսկվայում, սակայն ռուս իրավապահները խոստացել են ձերբակալել դրա բոլոր մասնակիցներին: Արդյունքում արագ կարգով «օրենքով գողերը» ժամանել են Երևան:

Այսպես` Հայաստանում նկատվել է Ռոբինզոն Արաբուլին, Գեորգիյ Ուգլավան (Տախի), Դավիթ Սեբիսկվերաձեն (Դաթո), Վաժա Բիգանիշվիլին, Ամիրան Սոպրոմաձեն (Սոպոտիան), Զախարիյ Կալաշովը (Շաքրո Մոլոդոյը) և այլք: Ընդհանուր առմամբ Երևան են ժամանել ավելի քան 100 ազդեցիկ «օրենքով գողեր»: Սկզբում նրանք խորհրդակցություններ են անցկացրել առանձին-առանձին, իսկ հունվարի 6-ին հավաքվել են միասին:

Հավաքի մասնակիցները նախ սկսել են քննարկել 2008 թվականից սկսած մեծ թվով «օրենքով գողերի» հայտնվելը: Շաքրոյի կարծիքով` այս տարվանից «օրենքով գողի» կոչում շնորհելը իրականացվել է առանց անհրաժեշտ գործընթացներին հետևելու: Հավաքի ժամանակ որոշում է կայացվել, որ 2008 թվականից «օրենքով գողի» կոչում ստացածների տիտղոսը հարցականի տակ է դրվում: Բացի այդ, հավաքի ժամանակ «օրենքով գողի» կոչումից են զրկել ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևին (Ռովշան Լյանկորանսկիյ) ու Ջեմալ Միկելաձեին (Ջեմո):




Լրահոս