Խոստանում են` կրկեսի տոմսերը չեն թանկանա. ժողովուրդը վճարունակ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր տարեվերջյան մամուլի ասուլիսում տեղեկացրել էր, որ 2016 թվականի ընթացքում կիրականացվեն կրկեսի ժամանակակից շենքի բուն աշխատանքները, իսկ 2017 թվականին շենքը կհանձնվի շահագործման: Այսպիսով` 2014-ին մեկնարկած շինարարության ավարտի վերջնաժամկետը եւս մեկ անգամ հետաձգվեց: Կրկեսի վերակառուցմամբ զբաղվում է «Տաշիր Գրուպ»-ը: Աշխատանքները հետաձգվեցին, քանի որ որոշվեց, որ կրկեսի շենքի տակ լինելու է երկհարկանի ավտոկայանատեղի:Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին պատմել է կրկեսի զարգացմանը միտված ծրագրերի մասին:

-Պարո՛ն Պետրոսյան, գիտենք, որ արդեն 2 տարի է` գրում եք մեր կրկեսի բացման հանդիսավոր արարողության սցենարը: Հետաքրքիր է` ի՞նչ հայտնի արտիստների եք հրավիրելու:

-Չեք պատկերացնի, թե դա ինչ տպավորիչ միջոցառում է լինելու… Եթե նախկին կրկեսում հնարավոր չէր հանդես գալ լայնամասշտաբ ներկայացումներով, օրինակ` կրկեսը` սառույցի վրա, կրկեսը` ջրի մեջ, չկային օդային ատրակցիոններ, ապա այժմ իրավիճակը փոխվել է: Մասնագետները կկարողանան ներկայանալ իրենց ամբողջ հնարավորություններով: Մենք բացման արարողությանը հրավիրել ենք, օրինակ, Բաղդասարովների կրկեսային հայտնի դինաստիային, կենդանավարժ Տիգրան Հակոբյանին, իմ դինաստիայի անդամներին:

Տղաս, ով ապրում է Գերմանիայում, կօգնի ինձ, որպեսզի Եվրոպայից էլ հյուրեր ունենաք: Վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Կրկեսային գործիչների միության հավաքը, որի ընթացքում որոշվեց, թե բացման արարողությանը որ դերասաններն են հանդես գալու: Միության կազմում կան ավելի քան 3 հազար հայ դերասաններ ամբողջ աշխարհից: Նրանք բոլորը պատրաստակամ են անշահախնդիր մասնակցելու այդ միջոցառմանը, բայց հո չե՞նք կարող բոլորին ընդգրկել:

-Այդքան կրկեսի դերասան ունենք, բայց քչերն են հանրությանը հայտնի…

-Մեկը մի տեսահոլովակ է նկարահանում, մի հեռուստաընկերությունից մյուսն են կանչում, բայց իսկական արվեստագետներին ժողովուրդը չի ճանաչում: Այդ 3 հազար դերասաններից առնվազն 2 հարյուրը ամեն օր բարձր են պահում մեր երկրի անունը արտերկրում, անընդմեջ հյուրախաղերի են, օրեցօր նոր հաջողություններ են գրանցում: Նախորդ տարի նույնիսկ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը պետականորեն չնշվեց: Մենք, իհարկե, Մնջախաղի թատրոնի հետ նշեցինք այդ հոբելյանը, դրա շրջանակներում հրավիրեցինք «Իմպերիալ» շապիտո-կրկեսը` Սանկտ Պետերբուրգից: Այն հյուրախաղերով հանդես եկավ Երեւանում, Արցախում, ՀՀ մարզերում:

-Տարբեր առիթներով շեշտել եք, որ կրկեսի դերասաններն այս ընթացքում անգործ նստած չեն, հիմա էլ պարապմունքներ են անցկացնում այդ նպատակով վարձակալված տարածքում: Հետաքրքիր է` այդ վարձակալության գումարն ո՞վ է վճարում: Պետությունը չկարողացավ կրկես կառուցել, գուցե նման հարցերում աջակցո՞ւմ է:

-Դե, տեսնո՞ւմ եք` այդ գումարն էլ, մարզիչների գումարն էլ հովանավորն է տալիս…

-Իսկ հնարավո՞ր է, որ կրկեսն էլ երբեւէ բիզնես շահույթ հետապնդի, օրինակ` այդ նպատակով տոմսերը թանկանան:

-Ես վերջերս ուսումնասիրում էի, թե ինչ արժե կրկեսի տոմսը, օրինակ` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Պարզվեց` այնտեղ դրա գինը սկսվում է 30 դոլարից` հասնելով 100 դոլարի: Բայց Հայաստանում մենք մեզ չենք կարող նման բան թույլ տալ. մեր ժողովուրդը վճարունակ չէ: Հովանավորն ասում է, որ կրկեսի տոմսերը չեն թանկանալու:

-Պարո՛ն Պետրոսյան, բացման արարողությունից հետո մեր կրկեսի զարգացմանը միտված ի՞նչ հետաքրքիր ծրագրեր կան:

-Միջազգային կրկեսային լիցենզավորված փառատոն կազմակերպելու ցանկություն ունեմ, երեւի կրկեսի բացումից մեկ տարի անց արդեն այն կյանքի կկոչեմ. թույլտվությունն արդեն ունեմ: Բացի այդ` ուզում եմ այս տարի թատերական ինստիտուտին կից բացել կրկեսի ռեժիսուրայի եւ կրկեսային գործի կառավարման բաժին. նոր կրկեսում մեզ պետք կլինեն նոր մասնագետներ: Ես արդեն դիմել եմ կրթության եւ գիտության նախարարություն, մտադիր ենք հատուկ կուրս բացել: Թատերական ինստիտուտի շատ շրջանավարտներ այսօր աշխատելու տեղ չունեն, իսկ մենք կընձեռենք այդ հնարավորությունը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս